«Քաղաքական խոստում է տրված եղել Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կատարել նախքան ընտրությունները: Այդ խոստման այն մասը, որը վարչապետի ազդեցության տակ է եղել, իրականացվել է նախագիծ առաջարկելու տեսքով»,- «Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք․ ուշացա՞ծ, թե ժամանակին փոփոխություններ» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հիշեցրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը:
Պատգամավորը, թարմացնելով բոլորի հիշողությունը նշեց, որ ժամանակին այդ նախագծի վերաբերյալ բովանդակային առաջարկություններ չեն ստացել, և ՀՀԿ-ից են մի քանի հոգի դեմ քվեարկել նախագծին: Մինչդեռ ըստ Համազասպ Դանիելյանի՝ դա բավականին ազատ և ժողովրդավար նախագիծ էր. «Այսինքն՝ անգամ արգելապատնեշներն էինք առաջարկում նվազեցնել, խորհրդարանում խմբակցությունների նվազագույն թիվն առաջարկում էինք երեքից չորսը դարձնել, ինչը նշանակում էր, որ չորրորդը կլիներ այն խմբակցությունը՝ ՀՀԿ-ն, որի ջանքերով նախագիծը չանցավ»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վստահեցրեց՝ սահմանադրական փոփոխություններն օրակարգային են իշխող ուժի համար. արդարադատության նախարարության ռազմավարությունում նշված է՝ 2020-ի սկզբում ձևավորել աշխատանքային խումբ:
Այն քննադատություններին, թե իշխանությունները չեն գնում խոստացված ուղիով. դեռ ռեյտինգային ընտրակարգը շարունակում է գոյություն ունենալ, Համազասպ Դանիելյանն այսպես արձագանքեց. «Մենք մեր փորձով գիտենք, որ ռեյտինգայինը խիստ խնդրահարույց ընտրակարգ է, և պետք է փոխենք: Սահմանադրությամբ համամասնական ընտրակարգն այն հոդվածներից է, որը փոփոխության ենթակա է միայն հանրաքվեով: Դրան հաջորդող մասն է, որ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնությունը կարող է փոփոխության ենթարկել»:
Կարդացեք նաև
Ըստ Համազասպ Դանիելյանի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցում կենտրոնանալու են Կուսակցությունների մասին օրենքի, քարոզարշավի ֆինանսավորմանը: Պատգամավորը մանրամասնեց. «Մենք մի քանի խնդիրներ ենք սահմանել: Այս փոփոխությունները դիտարկում ենք որպես հակակոռուպցիոն միջոց, որը երաշխավորելու է կուսակցությունների թափանցիկ գործունեությունը և հնարավորություն է տալիս միաժամանակ հաշվետվություններին զուգահեռ նաև ավելի ընդլայնված հնարավորություն ունենալ հանրային միջոցներով իրենց գործունեությունը ծավալելու համար: Խոսքը հավասարակշռված մոտեցման մասին է: Մեր փոփոխությունների կարևոր ուղղություններից է սահմանափակել, մինչև անգամ արգելել իրավաբանական անձանցից կուսակցություններին տրվող հանգանակությունները, ինչը հնարավորություն է տալու ազդեցությունը սահմանափակել»:
Այն դիտարկմանը, թե իշխանության վարկանիշն աստիճանաբար նվազում է, Համազասպ Դանիելյանը պատասխանեց, թե դա է ժողովրդավարությունը ու հարցրեց. «Դուք ուզում եք, որ մեկ ուժ 70 տոկո՞ս ստանա: Իշխանության վարկանիշն այսօր աննախադեպ բարձր է: Երևի իննսունականների սկզբից, բացի միգուցե 1998-1999 թվականներից Արդարություն դաշինքի ժամանակ, որի վարկանիշը քիչ թե շատ համադրելի էր այսօրվա իշխանության վարկանիշին, չի եղել ուժ որը նման վարկանիշ ունենա: Եթե այժմ համեմատեք մյուս խորհրդարանական ուժերի վարկանիշի հետ, կտեսնենք, որ համամասնորեն ամենաքիչը մերն է նվազել: Եթե խոսում ենք ժողովրդավարության մասին, կարող ենք ժողովրդավարական երկրներին նայել. ընտրություններով իշխանության եկած ուժը, որն ընտրությունների ժամանակ հավաքում է 40-60 տոկոս, ընտրություններից վեց ամիս հետո կամ մեկ տարի անց արդեն 30-40 տոկոս է ունենա: Այսօր էլ շարունակում ենք խոսել Իմ քայլը դաշինքին, ՀՀ կառավարությանը տրված վստահության ռեյտինգի մասին, որը ոչ միայն կեսից ավել է, այլ 60-70 տոկոսի շրջանակում է, որը կարևոր մանդատ է այն շատ դժվար փոփոխությունների հասնելու համար, որոնց սպասում է ժողովուրդը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի