Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրով մաքսատուրքերից ամբողջությամբ կազատվի արտահանումը դեպի Սինգապուր

Սեպտեմբեր 26,2019 15:20

Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը: Համաձայնագրով ներառված են այնպիսի բաժիններ, ինչպիսիք են` «Ապրանքների առևտուրը», «Առևտրի պաշտպանական միջոցները», «Ապրանքների ծագումը որոշելու կանոնները», «Առևտրի տեխնիկական խոչընդոտները», «Մաքսային համագործակցությունը և առևտրի դյուրացումը», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները», «Մտավոր սեփականությունը», «Էլեկտրոնային առևտուրը», «Պետական գնումները», «Մրցակցությունը», «Էկոլոգիա»:

Հավանություն է տրվել նաև «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։ Միաժամանակ, համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների և իրավասությունների։ Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը  հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության ու անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ամբողջական փաթեթի բաղկացուցիչ մաս:  Ի լրումն ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրին, որով ազատականացվում է ապրանքերի առևտուրը, համաձայնագիրը, ըստ էության, ազատականացնում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները: Ակնկալվում է, որ համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը: Ի տարբերություն ՀՀ կողմից նախկինում կնքված նմանատիպ համաձայնագրերի` Համաձայնագիրը ներառում է նաև գլուխ ծառայությունների առևտրի մասին և համապատասխան հավելվածներ, որոնք ներառում են այն ոլորտները, որտեղ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերի, առկա են որոշակի սահմանափակումներ օտարերկրացիների, այդ թվում` սինգապուրցիների համար: Ընդ որում` նախատեսված է նաև առանձին հավելված հետագայում հնարավոր կիրառելի սահմանափակող միջոցների վերաբերյալ: Հարկ է նշել նաև, որ այսպիսի մոտեցումը նմանատիպ համաձայնագրերում սկսել է կիրառվել վերջին տարիներին և համահունչ է միջազգային լավագույն փորձին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս համաձայնագրով Հայաստանից արտահանումը դեպի Սինգապուր ամբողջությամբ ազատվում է մաքսատուրքերից:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ գործարարներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել վերը նշված համաձայնագրերը՝ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30