Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին. Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբեր 26,2019 14:55

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հանդիպմանը

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այսօրվա քննարկումը նախաձեռնելու համար։ Այս հանդիպումը կարևոր հնարավորություն է՝ վերահաստատելու հանձնառությունն ահաբեկչության հակազդման ուղղությամբ արդյունավետ համագործակցությանը: Ահաբեկչության աղետալի հետևանքներն առավել լայն տարածում են ստացել ահաբեկչական գործողությունների հաճախակիացմանը զուգահեռ, ներառյալ գործողություններ, որոնց դրդապատճառներն են անհանդուրժողականությունը կամ ծայրահեղականությունը։

Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից: Միջազգային հանրությունը պետք է միավորվի և ձեռք ձեռքի տված աշխատի՝ բոլոր հարթություններում ահաբեկչությանը հակազդելու համար: Ահաբեկչությունը կամ բռնի ծայրահեղականությունը ոգեշնչողներին կամ այն իրականացնողներին, ինչպես նաև, հատկապես համակարտության միջավայրում, ատելության հողի վրա հանցագործություն և բռնություն հրահրողներին արդարացնելու յուրաքանչյուր փորձ պետք է վճռական և միանշանակ կերպով դատապարտվի՝ բոլոր մակարդակներում:

Հայաստանը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության ընդլայնման ջատագովը՝ անկախ աշխարհագրությունից, դրա հիմքում ընկած շարժառիթներից և դրդապատճառներից։ Մեր խորին համոզմամբ ահաբեկչությունը չպետք է ասոցացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի, ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ։ Մենք խստորեն մտահոգված ենք այն դեպքերով, երբ մի ամբողջական համայնքներ դիտավորությամբ թիրախավորվում են միմիայն որոշակի էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու պատճառով։ Մշակութային հուշարձանների նկատմամբ մանրակրկիտ ծրագրված վայրագությունները և վանդալիզմը, ինչպես նաև համաշխարհային ժառանգության մի շարք կոթողների ոչնչացումն Իրաքում և Սիրիայում հստակ օրինակներ են և մտահոգության լուրջ առիթ ողջ մարդկության համար։

Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների թվում առաջիններից էր, որ դատապարտեց ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրա Ճակատի, Ալ-Քաիդայի և նրանց ճյուղավորումների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հալածանքները: Սիրիական Քեսաբ և Դեր Զոր քաղաքներում հայ բնակչության դեմ իրականացված ծանր հանցագործությունները, մշակութային և կրոնական հուշարձանների կանխամտածված ոչնչացումը և ԻԼԻՊ-ի, Ալ-Նուսրայի ահաբեկիչների կողմից իրականացված զանգվածային դաժանությունները մատնացույց արեցին, որ ահաբեկչությունն, ըստ էության, մարդու իրավունքների հիմնարար ժխտման արտահայտումն է: Հայաստանը հետևողական հանձնառություն է ցուցաբերել՝ աջակցելու ճգնաժամից տուժած շրջաններում տևական փոփոխության հաստատմանը, ինչն արտահայտվում է Սիրիայում ազգային մարդասիրական առաքելություն տեղակայմամբ` ի պատասխան Սիրիական իշխանությունների և Սիրիայի հայկական համայնքի խնդրանքին:

Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին և ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային և տարածաշրջանային գործողություններում։ Մենք մեծապես արժևորում ենք գոյություն ունեցող համագործակցային հարթակները՝ ուղղված ահաբեկչության կանխման և դիմագրավման գործում մեր ազգային ջանքերի ամրապնդմանը և երկխոսության բարելավմանը։ Հայաստանը շարունակում է ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված համապատասխան բանաձևերի համապարփակ կիրարկումը։

Հակաահաբեկչական կոմիտեի գործադիր տնօրենի Հայաստան կատարած վերջին այցն ընդգծեց մեր երկրի առաջընթացը՝ հասցեագրելու  ահաբեկչության հետ առնչություն ունեցող մարտահրավերները, այդ թվում՝ միջազգային արդյունավետ համագործակցության միջոցով։ Կոմիտեի զեկույցում ներառված առաջարկություններին հաջորդեց Հայաստանում ուղևորների տեղեկատվական արդիականացված համակարգ ստեղծելու և ներդնելու գործընթացի մեկնարկը։

Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություները կարող են առանցքային դեր ունենալ համագործակցության դյուրացման և խթանման գործում, ներառյալ լավագույն փորձի փոխանակման և ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար առավել հզոր կարողությունների հաստատման միջոցով: Մենք կարևոր տեղ ենք հատկացնում ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի և ՀԱՊԿ համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացվող գործողություններին:

ՀՀ իրավասու մարմինները շարունակում են իրենց ներդրումն ունենալ ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ ուղղված ԱՊՀ 2017-19 համագործակցության ծրագրի արդյունավետ կիրարկմանը։ Ազգային անվտանգության ծառայությունների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հետևողականորեն մասնակցել են ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի  ընդհանուր համակարգմամբ իրականացված ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։ Ներկա պահին Հայաստանում անցկացվում են «Արարատ հակաահաբեկչություն-2019» զորավարժության երկու եզրափակիչ փուլերը՝ ԱՊՀ անդամ յոթ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսատանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իրավասու մարմինների մասնակցությամբ: Հայաստանը ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների պարբերաբար անցկացվող «Կանալ», «Նելեգալ», «Պրոքսի» համատեղ գործողություններին, ինչպես նաև  Հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ անցկացվող ԱՊՀ հակաահաբեկչական համատեղ զորավարժություններին։

Հայաստանը հավասարապես կարևորում է իր աշխատանքը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններում, որոնց անդամ է կամ որի հետ ունի սերտ համագործակցություն։ Որպես Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր, մենք ակնկալում ենք հետագայում ընդլայնել մեր գործընկերության օրակարգը և խթանել մեր երկխոսությունը։ Ներկայիս միջազգային օրակարգի տարածվող սպառնալիքների, մարտահրավերների և բախումների ֆոնին պետությունների համագործակցությունը ենթատարածաշրջանայինից մինչև գլոբալ մակարդակներում եղել և մնում է արդիական՝ միտված օժանդակելու ընդհանուր լուծումներին և կայուն երկխոսությանը՝ հանուն խաղաղության և անվտանգության պահպանման։

Շնորհակալություն։

 

ՀՀ ԱԳՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30