Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փրկարարների և անտառապահների աշխատավարձերը կբարձրանան. կառավարությունը ֆինանսավորում տրամադրեց

Սեպտեմբեր 26,2019 14:11

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը քննարկել և հաստատել է Կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգի ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը: Համակարգի ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանը կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման արդյունքում նախընտրելի տարբերակի ընտրություն: Ակնկալվում է, որ համակարգի ներդրման արդյունքում կբարձրանա կայացվող որոշումների որակը, քանի որ պայմաններ կստեղծվեն երկրում փաստերի և վերլուծությունների վրա հիմնված արդյունավետ, որակյալ և թափանցիկ որոշումների ընդունման, ինչպես նաև որոշում կայացնողների հաշվետվողականության բարձրացման համար։ ԿԱԳ վերլուծության իրականացումը հնարավորություն կտա  նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության, դրա առանձին ուղղությունների վրա, կապահովի շահառուների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերը նշված մեխանիմզների կիրառումը կառավարության հիմնական քաղաքականության ուղենիշներից մեկն է: «Կարծում եմ, որ իրավական կարգավորումները, այն որոշումները, որոնք ընդունում է կառավարությունը, այն օրենքները, որոնք հաստատում է Ազգային ժողովը, խոսքը խոշոր փաթեթների մասին է, որոնք էապես ազդում են տնտեսության ճյուղերի վրա, պետք է հիմնավոր ազդեցության գնահատման ենթարկվեն։ Եվ մենք՝ բոլորս, պետք է տեղեկացված որոշումներ կայացնենք և իմանանք այդ որոշումների գինն ինչ է՝ տնտեսական, ֆինանսական առումով, շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություն կունենան: Կարծում եմ շատ կարևոր ինստիտուտ ենք ներդնում»,- ասել է փոխվարչապետը:

Ընդունված  համապատասխան որոշմամբ կառավարությունը կհատկացնի 43,992.0 հազ. դրամ՝  Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» որոշման մեջ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է փրկարար ծառայողների համար հավելումների վճարման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով, փրկարար ծառայությունում հավելումների տրամադրման դեպքեր սահմանվել են միայն ատոմակայանի տարածքում տեղակայված փրկարարական ջոկատի կողմից հատուկ ծառայության համար, այն դեպքում, երբ այլ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում հավելումներ չեն նախատեսվում, և ներկայումս հատուկ պայմաններում ծառայություն կատարող փրկարարների կրտսեր խմբի ծառայողների աշխատավարձը կազմում է 85-90 հազար դրամ, ինչը չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին: «Նրանք ոչ միայն վտանգում են իրենց կյանքը, այլև դա իրականացնում են ֆիզիկական ու հոգեկան ծանրաբեռնվածության պայմաններում: Որոշմամբ նախատեսվում է 2019-ի բյուջեում մոտ 475 մլն դրամ, իսկ 2020 թվականի բյուջեում 1,903 մլրդ դրամ ծախսերի ավելացում»,-ասել է Ֆելիքս Ցոլակյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է աշխատավարձի ֆոնդի 29 տոկոսի չափով բարձրացում, հիմնական բարձրացումը լինելու է շարքային անձնակազմի համար: Ըստ նախարարի՝ կրտսեր խմբի աշխատակիցների աշխատավաձն այս փոփոխությամբ կդառնա 130 հազար դրամ

Փոփոխություններ և լրացումներ է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում, որոնց համաձայն՝ նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել նոր դաշտային համազգեստի տեսակ՝ մինչ սեզոնային բաճկոն, ինչպես նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից ևս մեկում, որոնցով այսուհետ մերժվելու է ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով: Նախատեսվում է նաև չգրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան: Որոշմամբ հանվում է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ: Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ: Նախատեսվում է նաև ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30