Կառավարության առաջ այս պահին տրակտորներով բողոքի ցույց են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելով ոռոգման ջուր: Ֆերմեր Սամվել Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պարբերաբար ջրի խնդիր են ունենում, ինչի հետեւանքով հեկտարներով այգիներում բերքը չորանում է:
Գյուղացիների խոսքով՝ իրենք լսել են վարչապետի կոչերը եւ Հայաստանից չեն հեռացել, այլ մնացել են, հողագործությամբ են զբաղվում եւ փորձում են գյուղը զարգացնել, ընտանիքի տղամարդկանց էլ, ովքեր ամեն տարի գնում էին արտագնա աշխատանքի, համոզում են մտքափոխվել եւ հողագործությամբ զբաղվել: Սակայն ոռոգման ջրի խնդիրը իրենց թեւաթափ է անում եւ ամբողջ տարվա աշխատանքը լցնում ջուրը:
Սամվել Մուրադյանի խոսքով՝ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում, որը նաեւ սահմանամերձ է, 40-ից ավելի աշխատատեղ է բացել, աշխատողները պետք է բերքի վաճառքից ստացված գումարից վարձատրվեն, բայց այսօր այնքան մեծ կորուստներ է ունեցել, որ այդ մարդկանց չի կարողանում վճարել:
Կարդացեք նաև
Գործարարը նաեւ ասաց, որ վարկեր ունի, լիզինգով տեխնիկա է վերցրել եւ բոլոր իր այդ պարտավորությունները գյուղատնտեսությունից ստացած եկամուտով պետք է կատարի, բայց ոռոգման ջրի ընդհատումներով մատակարարումը իր բոլոր ծրագրերը խափանում է:
Ֆերմեր Մուրադյանի խոսքով՝ ջրամատակարար ընկերությունն իր վրայից խնդիրը գցում է եւ ջուրն ուղղում ՀԷԿ-երին:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ