Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի» քաղաքացիական հայցի քննության նախնական դատական նիստն էր: Նախորդը կայացել էր մոտ կես տարի առաջ, սակայն հետաձգվել՝ պատասխանող Սիլվա Համբարձումյանի բացակայության պատճառով: ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս 2018թ.-ին է քաղաքացիական հայց ներկայացրել Համբարձումյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը նկատեց՝ պատասխանող Սիլվա Համբարձումյանը, թեեւ պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել նիստին: Դատարանը դա որակեց որպես անհարգալից վերաբերմունք եւ որոշեց հայցի քննությունը շարունակել նրա բացակայությամբ:
Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նարինե Բեգլարյանը (լուսանկարում) ներկայացրեց, որ իրենց հայցի հիմքում Սիլվա Համբարձումյանի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հնչեցրած միտքն է. «Ես 2008թ.-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գեւորգյանին…»:
Կարդացեք նաև
Այս արտահայտությունը, ըստ Քոչարյանի շահերի ներկայացուցչի, զրպարտություն է: «2018թ.-ին այդ մամուլի ասուլիսն ամբողջությամբ տեսաձայնագրվել է առցանց ԶԼՄ-ներում, արտատպվել»,-տեղեկացրեց Նարինե Բեգլարյանը:
Ապա Քոչարյանի շահերի ներկայացուցիչը մեջբերեց ԶԼՄ-ների 2018թ.-ի այն հրապարակումները, որոնց վերտառություններում արտացոլվել է Սիլվա Համբարձումյանի ասածը. «Ուզում ենք մատնանշել, որ հրապարակումը բավականին տարածվել է եւ լուսաբանվել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2264683500309180/
Հայցի բովանդակության ներկայացումից հետո դատավոր Էդիկ Ավետիսյանը նկատեց՝ վկա կանչելու եւ կողմերի հաշտվելու վերաբերյալ միջնորդություն չկա, ուստի հերթն է լսելու հայցվոր Քոչարյանի շահերի ներկայացուցչի ապացույցները, իսկ երբ պատասխանող Սիլվա Համբարձումյանը ներկայանա, կլսեն նաեւ իր ապացույցները:
Առաջիկա դատական նիստը նշանակվեց 2019թ.-ի հոկտեմբերի 29-ին՝ 12:30-ին: Հայցվոր կողմից նիստին ներկա էր միայն Նարինե Բոգլարյանը, Սիլվա Համբարձումյանի շահերի ներկայացուցիչը եւս բացակայում էր:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նաեւ կաշառքի դրվագով, բայց պնդում է, որ Սիլվա Համբարձումյան անունով գործարարի անգամ չի ճանաչում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ