Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 1-ին այնուամենայնիվ կգա Հայաստան։ Այդ այցի հետ մեծ հույսեր են կապվում հատկապես Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ դեռևս անցած տարվանից ստեղծված անհասկանալի իրավիճակի հանգուցալուծման առումով։ Ենթադրվում, է, որ Վլադիմիր Պուտինի երևանյան այցի շրջանակներում ի վերջո կհաջողվի ավարտին հասցնել շուրջ մեկ տարի շարունակվող բանակցությունները, որոնք այդպես էլ արդյունք չեն տալիս։
Բայց խնդիրը միայն գազի գինը չէ։ Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախներ են ի հայտ եկել, որոնք պակաս կարևոր չեն։
Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի վարչապետին, ըստ ամենայնի, ծանր խոսակցություն է սպասվում՝ ոչ միայն գազի գնի, այլև՝ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, ռուսական պետական ընկերության կառավարմանը հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի, ատոմակայանին տրամադրված վարկի, ինչպես նաև Վերին Լարսում հայկական բեռնափոխադրողների համար ստեղծված նոր դժվարությունների մասին է։
Չնայած պաշտոնապես դեռևս ոչինչ չի ասվում հաջորդ տարի Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ, այնուհանդերձ այլևս միանշանակ է, որ այն թանկանալու է։ Եվ ոչ միայն՝ սահմանին, այլև՝ ներքին շուկայում։ Այս պահին խնդիրը բացառապես թանկացման չափի մեջ է։
Կարդացեք նաև
Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմը մտադիր է հաջորդ տարվա սկզբից ընդհուպ մինչև 30 տոկոսով բարձրացնել գազի գինը։ Եթե այդպես լինի, ապա սահմանին գազի գինը կհասնի 215 դոլարի։ Այլ կերպ ասած, կթանկանա ևս 50 դոլարով, ինչը ենթադրում է բավական լուրջ ճնշում ներքին սակագների վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը գնում է 165 դոլարով։ Այն ժամանակ թանկացումը կազմեց 15 դոլար։
Այժմ ռուսական կողմի մտադրություններն անհամեմատ ավելի մեծ են։ Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի։ Հայաստանը հույս ունի Պուտինի երևանյան այցի ընթացքում ավելի հարմարավետ գին ստանալ։
Ինչքանո՞վ կհաջողվի, շուտով պարզ կդառնա։ Մի բան, ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս անգամ խնդիրը շատ ավելի բարդ է։ Գազի գնի բարձրացումը ցանկացած պարագայում չի շրջանցի նաև սպառողներին։ Իսկ դա լուրջ գլխացավանք է դառնալու Նիկոլ Փաշինյանի համար, ով ժամանակին խոստանում էր նվազեցնել սակագները։ Կստացվի, որ իշխանափոխությունից հետո սակագները ոչ միայն չնվազեցին, այլև պիտի բարձրանան։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում