«Էմփիռեյ» ռոք խմբի նախկին մեներգիչ Սարգիս Մանուկյանը, որը 2013-ին հեռացավ Հայաստանից, չի բացառում, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ոգեշնչված՝ շուտով վերադառնա Հայրենիք։
Նախօրեին նա մասնակցում էր ՀՀ վարչապետ Փաշինյանի լոսանջելեսյան հանդիպմանը նախորդած համերգին։ Երգչի հետ զրուցել ենք Փաշինյանի այցի, Հայաստանից իր հեռանալու պատճառների եւ վերադարձի հնարավորության մասին։
– Սարգիս, 2013-ին, երբ հեռացաք Հայաստանից եւ բնակություն հաստատեցիք ԱՄՆ-ում, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ասել էիք, որ որպես երաժիշտ եւ մարդ՝ ձեզ համար հոգեբանորեն շատ ծանր էր ապրել մեր երկրում, որ ստեղծագործելու համար այստեղ մթնոլորտ չկար։ Նաեւ նշել էիք, որ մտավախություն ունեք, թե մնալով Հայաստանում՝ կարող եք կորցնել ձեր տեսակը։ Ձեր հեռանալուց 6 տարի է անցել։ Փոփոխություններ տեսնո՞ւմ եք Հայաստանում, հիմա՞ էլ չկա ստեղծագործելու մթնոլորտ։
– Ես չեմ մտածում, որ միայն ստեղծագործելու համար է բան փոխվել։ Ամեն ինչ է փոխվել հեղափոխությունից հետո, իրավիճակ է փոխվել, ինչպես ասում են։ Ես չեմ կարող համեմատել 2013 թվականի Հայաստանը 2019 թվականի Հայաստանի հետ։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ստեղծված դժվարություններին՝ դա 1994-ին էլ կար, 2004-ին էլ, բայց դժվարությունները լինում են օբյեկտիվ եւ արհեստական ստեղծված կոնկրետ մարդկանց համար։ Այսինքն` կարևոր չի տնտեսության մեջ է մարդը գործում, թե մշակույթի մեջ՝ շատ մարդիկ չէին տեղավորվում այն համակարգի մեջ, որ 20 տարի ստեղծված էր ու գործում էր Հայաստանում։ Դա ուղղակի մի հանցագործ խմբավորում էր, որը զավթել էր իշխանությունը ու պետական բոլոր կառույցները որպես վարագույր օգտագործում էր իր մյուս գործերը իրականացնելու համար։ Եթե դու աշխատում էիր պետական համակարգում՝ ուղղակի կամ անուղղակի մասնակից էիր դառնում էդ հանցագործ սխեմային, որովհետեւ ուրիշ տարբերակ ուղղակի չկար։ Նրանք իրենց իշխանությունը պահելու համար նույնիսկ չէին խորշում օգտագործել «քուչա» բառով բնորոշվող զանգվածին։ Երկրի ընդերքից սկսած՝ ամեն՝ քաղաքացու գրպանից ժուլիկություն անելով 20 տարի իշխանություն էին պահում։
Հիմա էլ դրանց մնացորդները իրենց դրել են քաղաքական գործոնի տեղ, ընդդիմադիր են խաղում, հարցազրույցներ տալիս, ժողովրդին ասում են ամբոխ, բայց այդպես էլ էս 20 տարում չհասկացանք՝ իրենք ով են։ Մի քանի հեռուստաընկերություն ունեն, որոնց լոգոյի տեղ կարելի է մի հատ թարախի բշտիկ դնել։ Դրանց հյուրերը, եթե նկատել եք, միշտ նույնն են։ Մի քանի հոգի կան, որ հեռուստաընկերությունից հեռուստաընկերություն են գնում, նույնիսկ տնեցիք չգիտեն իրենք ով են։ Փորձում են խոսել ժողովրդի անունից, թե ժողովուրդը ուրիշ սպասելիքներ ուներ հեղափոխությունից եւ այլն։ Թե դուք ի՞նչ գիտեք, ժողովուրդն ինչ սպասելիքներ ուներ։ Կարծում եմ ինչ-որ հիվանդագին պրոցեսներ Հայաստանում դեռ կան, բայց դրանք ազդեցություն չունեն հասարակության առողջ հատվածի վրա։
– Եվ վերջում ուզում եմ հարցնել այն դրական փոփոխությունները, որ Հայաստանում տեսնում եք, դեռ բավարար չե՞ն, որ վերադառնաք։
– 6-7 տարի մի տեղ ապրելուց հետո հեշտ չի ամեն ինչ փակել, վերջացնել, վերադառնալ։ Բայց պրոցեսը սկսված է եւ հուսով եմ, որ երկար չի տեւի։ Ու խոսքս միայն իմ մասին չէ, այլ այն մարդկանց մասին, ովքեր երկրից հեռացել են ոչ թե հացի խնդիր լուծելու համար, այլ հոգեկան առողջություն պահպանելու համար։ Վերադառնալու միտք վաղուց կա ու հաստատ իրականություն կդառնա։ Շուտով որոշ ժամանակով կգամ Հայաստան, իսկ հետո արդեն այդ ամենը կլինի նախապատրաստությունը՝ վերադառնալու։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում