«Մեր սպայի կյանքը շատ կարեւոր է, բայց նաեւ արդարությունը, պետության մեջ`բոլորի հավասարությունն օրենքի առջեւ պիտի հստակ հաստատվի`թե սպայի, թե հասարակ քաղաքացու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն` Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց եւ ցայսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Միջադեպը տեղի էր ունեցել մարզպետի օգնականի մասնակցությամբ: Վայոց Ձորի մարզպետը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու: Իր լիազորությունները նա վայր կդնի զորավարժությունների ավարտից հետո:
Նախարարն ասաց, որ դեռ պարզ չէ, թե ով է մարզպետին փոխարինելու: «Մարզպետը որոշում է ընդունել, որ այս իրավիճակում նպատակահարմար չի գտնում պաշտոնավարելու` անկախ քննության արդյունքներից»,- մարզպետի հրաժարականի մասին ասաց նախարարը:
Խոսելով համայնքների խոշորացման մասին, նախարարը ասաց, որ իր տեսլականով խոշորացված համայնքներում, առաջիկայում կառավարումը քաղաքական պետք է լինի` Երևանի, Գյումրիի օրինակով`ընտրվում է ավագանին, ավագանին էլ ընտրում է քաղաքապետ: Նա կարծում է, որ այսպիսով որեւէ քաղաքացի էլ չի դժգոհի կառավարությունից, թե «մեր վատ համայնքապետի լիազորությունները չեք դադարեցնում»: Այսպիսով, իր գնահատմամբ, լուծվում է նաեւ համայնքապետի լիազորությունների վաղաժամ դադարեցման հարցը`ավագանին անվստահություն կհայտնի, եւ կփոխի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ