«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում Ստեփան Մաչյանը միաժամանակ ե՛ւ աշխատակազմի ղեկավարն է, ե՛ւ Ֆինանսատնտեսագիտական ու հաշվապահական հաշվառման վարչության պետը։ Ստեփան Մաչյանը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է՝ տագրը։ Բացի այդ, նախարար Բաթոյանը զանազան պաշտոններ է տվել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, իսկ այս ՀԿ-ն հայտնի է, որ նախկինում ստեղծել ու ղեկավարել է Զարուհի Բաթոյանը:
«Բարեկամ-խնամիների» վառ օրինակ են նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյան ու Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայան ամուսինները։ Ի դեպ, հիշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության ձեւավորման օրերին Լենա Նազարյանն իր թեկնածությունը չէր առաջադրել, իսկ նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հումորով մեկնաբանել էր՝ տնից միայն մեկը թող լինի ՔՊ վարչության անդամ։ Սակայն տնից երկուսն էլ պաշտոնյա են, մեկը՝ օրենսդիրում, մյուսը՝ գործադիրում։
Երեկ ամբողջ համացանցը ցնցեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա բառացի գրել էր. «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»։ Այս գրառումը լայնորեն քննադատվեց եւ նաեւ այն կոնտեքստում, որ գրառում կատարողը ոչ միայն պարզապես ավագանու անդամ է, այլեւ մեկ այլ պաշտոնյայի քույր։ Նուարդ Վարդանյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է։ Ավագանու նույն խմբակցության մեկ այլ անդամ Արման Հարությունյանի եղբայրը եւս պաշտոնյա է։ Խոսքը սուպերնախարար Արայիկ Հարությունյանի մասին է, որը համակարգում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտը։
Եվ պարզվում է՝ այդպիսի կապերը չեն շրջանցվում նաեւ խորհրդարանի ներսում, եւ իշխող ուժի պատգամավորները եւս շարունակում են նախկինների պրակտիկան, երբ բարեկամների են տեղավորում օգնականների, խորհրդականների պաշտոններում։ Այսօր կանդրադառնանք կապերից երկուսին։ Օրինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը, ոչ ավելի, ոչ պակաս, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է՝ Դավիթ Կարապետյանը։ Իսկ, ահա, մեկ այլ պատգամավոր Սոնա Ղազարյանի պարագայում էլ՝ նրա օգնականը ամուսնու բարեկամն է։
Կարդացեք նաև
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում