Հարցազրույց ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ
– Պարոն Կոլերով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Ռուսաստանի նախագահը մեկ շաբաթից կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին։ Այցի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը շատ են, կան հրապարակումներ, որ չի կայանալու Փաշինյան-Պուտին հանդիպում, կամ Պուտինը Երևանում է մնալու մի քանի ժամ միայն, հանդիպելու է ՀՀ երկրորդ նախագահին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է ռուսական կողմի տրամադրվածությունն այս այցի վերաբերյալ հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո սա առաջին այցն է ՌԴ նախագահի կողմից։
– Ներկայումս դեռ վաղ է կանխատեսումներ ու հետևություններ անել, բայց այցի գլխավոր խնդիրը ոչ միայն ընթացակարգը, պաշտոնական արարողակարգային մասն է, այլ այն, թե ինչպիսի օրակարգ է լինելու երկկողմ հանդիպման համար, և ինչպիսի փաստացի արդյունքներ են լինելու այդ այցից երկկողմ հարաբերություններում, քանի որ երկկողմ հարաբերություններում անընդհատ հարցեր են կուտակվում, և դա փաստ է։ Հարցեր կան և՛ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններում։ Բացի դրանից, լիովին ակնհայտ է, որ ռուսական կողմը (ինչը լավ է ՀՀ-ի համար) ցուցադրական կերպով չի նկատում բազում քարոզչական ջանքեր ՀՀ իշխանությունների կողմից, որոնց նպատակը «Ռուսաստանի բեղերը քաշելն» է, քարոզիչները, որոնք Փաշինյանի օգտին են աշխատում, չեն դադարում իրենց այդ գործը՝ Պուտինին և նրա ներկայացուցիչներին ամենափոքր հարցերում մեղադրելու, քննադատելու, իսկ Փաշինյանին հեղափոխական ներկայացնելու համար, որն իր օրինակով, նախադեպով կարող է Մոսկվայում իբրև թե ինչ-որ մեկին նյարդայնացնել։ Դա մեծամոլություն է։ Ավելին՝ դա ծանր դեպք է, ծանր հիվանդություն է այն մարդկանց մոտ, ովքեր նման պրոպագանդայով են զբաղվում։ Բայց, ի ուրախություն ՀՀ-ի, ՌԴ-ն դրան ուշադրություն և նշանակություն չի տալիս։
– Ռուսական հակահայկական պրոպագանդիստական հարթակները ևս քիչ չեն, որոնք ակտիվանում են հարաբերությունների այս կամ այն փուլում։ Դա այդքան կարևորել պե՞տք է երկկողմ հարաբերություններում, հատկապես, երբ ռուսական ԶԼՄ-ներում ևս լուրջ հակահայկական քարոզարշավ է ընթանում։
Կարդացեք նաև
– Այստեղ մեկ նուրբ տարբերություն կա։ Կան, որոնք հակահայկական քարոզչությամբ են զբաղվում, սակայն որևէ կապ չունեն Կրեմլի հետ։ Ես նշում եմ ՀՀ-ի դեպքում, որ դա ղեկավարվում է վերևից, իսկ ՌԴ-ի դեպքում՝ ոչ։ Եթե կան օրինակներ, մատնանշեք, բայց ես գիտեմ, որ չկան նման օրինակներ։ Կրեմլը նման բանով չի զբաղվում։ Ինչպե՞ս կարելի է մեկի հետ սեղան նստել, հետո նրան քննադատել և նրա դեմ քարոզչություն իրականացնել։ Դա անպատկերացնելի է։ Բայց ես այն համոզմունքն ունեմ, որ վաղ թե ուշ Կրեմլը ստիպված է լինելու որոշում ընդունել ՀՀ-ի վերաբերյալ, քանի որ սա մտածված քաղաքականություն է։
– Ի՞նչ որոշում կարող է ընդունել Կրեմլը։
– Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում, քանի որ երկար հանդուրժել ու համբերել, կարծում եմ, չի հաջողվի, քանի որ սա չի դադարելու, սա հստակ քաղաքական գիծ է, որոշում, համոզմունք։ Շատ հայտարարություններ են արվում, որոնք մնում են անպատասխան, քայլեր ևս, որոնք լուրջ հիմք են նեղանալու, հետ քաշվելու համար։ Բայց Կրեմլը դրանով, կրկնում եմ, չի զբաղվելու։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում