Վարչապետ Փաշինյանի ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արտահայտած այն միտքը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պիտի բավարարի եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի, եւ՛ Ադրբեջանի ժողովուրդներին, հերթական անգամ քարոզչական մանիպուլյացիաների ենթարկվեց ընդդիմադիր քարոզչամիջոցների կողմից։ Եղան եւ՛ զուտ մարդկայնորեն հասկանալի դժգոհություններ («չհասկացանք, ո՞նց թե կարգավորումը պիտի բավարարի նաեւ ադրբեջանցիներին»), եւ՛ «խորիմաստ վերլուծություններ» (իբր՝ դա լուրջ նահանջ էր Ստեփանակերտում հնչեցված «Արցախը Հայաստան է, եւ վերջ» դիրքորոշումից)։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող էր խուսափել սեփական երկրում քննադատությունների ենթարկվելու հեռանկարից եւ հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պիտի բավարարի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին, իսկ ադրբեջանցիներին այդ կարգավորումը կգոհացնի, թե ոչ՝ իրենց պրոբլեմն է։ Սա, անշուշտ, կլիներ շատ ավելի «հայրենասիրական» դիրքորոշում։ Բայց գործնականում դա ոչինչ չէր տա, որովհետեւ ակնհայտ է, որ եթե վերջնական կարգավորման որեւէ տարբերակ ադրբեջանական կողմի համար անընդունելի լինի, նրանք պարզապես չեն ընդունի այդ տարբերակը, այսինքն՝ հակամարտությունը չի կարգավորվի (համենայն դեպս՝ բանակցությունների ճանապարհով)։ Այլ կերպ ասած՝ հակամարտության երեք կողմերին էլ բավարարող տարբերակը խաղաղ կարգավորման միակ ձեւն է։ Հատուկ շեշտում ենք՝ միա՛կ։ Եվ եթե ՀՀ վարչապետը նման բան է հայտարարում, նշանակում է՝ Հայաստանն իսկապես ձգտում է հասնել խաղաղ կարգավորման (եւ ոչ թե ձեւական հայտարարություններ է անում՝ իր գերխնդիրը համարելով գործընթացը ձգձգելն ու ներկայիս փաստացի պատերազմական վիճակը հնարավորինս երկար պահպանելը)։
Հիմա հարցին նայենք ադրբեջանական կողմի տեսանկյունից։ Այդ երկրի նախագահն առայժմ համարժեք հայտարարություն չի արել, այսինքն՝ չի ասել, որ հակամարտության կարգավորումը պիտի բավարարի նաեւ Հայաստանին ու Արցախին։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը համարում է, որ վերջնական կարգավորումը պիտի բավարարի միայն իրենց։ Բայց Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ հայկական կողմը երբեք չի գնա այդպիսի տարբերակի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել իր քայլը այն միակ ճանապարհին, որը հնարավոր կդարձնի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս իմաստով իրավիճակը բավականին պարզ է, եւ ադրբեջանական կողմի լռությունը միջազգային հանրության համար ակնհայտ է դարձնում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության, ու հենց Ադրբեջանն է ապակառուցողականը։ Իսկ սա բանակցությունների սեղանի շուրջ բավականին կարեւոր գործոն է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում