Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Այդ արտահայտությունը ես արել եմ որպես թեւավոր խոսք։ Իրականում այլ բանի մասին է եղել խոսքս». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 26,2019 12:43

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչներն անցել են իրենց թիմակիցներին ճնշելու հաջորդ փուլին։ Ըստ մեր տեղեկությունների՝ օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ է հրավիրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այն բանի համար, որ վերջինս իրենց ոչ ականջահաճո ձեւակերպումով հարցազրույց է տվել։ Նույն տեղեկությունների համաձայն՝ Աղազարյանի հետ զրուցելուց հետո իշխանության ներկայացուցիչները պատգամավորին արգելել են միառժամանակ որեւէ թեմայի շուրջ լրատվամիջոցներով խոսել, որեւէ  մեկնաբանություն ներկայացնել։

Ըստ նույն տեղեկությունների՝ վերջերս Ավինյան-Աղաջանյան «կոալիցիան» նույնաբովանդակ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների ու կուսակիցների հետ։ Նրանք նախ ներկայացնում են այն ամենը, ինչի համար կանչել են, ապա հորդորում են այլեւս իրենց տարբերվող դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես չգալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նշված երկու պաշտոնյաները այդ ամենն իրականացնում են այն պարզաբանումով, թե դա արվում է՝ ելնելով իրենց կուսակցության կանոնակարգից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ

– Պարոն Աղազարյան, ըստ մեր տեղեկությունների՝ օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ձեզ հրավիրել են իրենց մոտ այն բանի համար, որ Դուք «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էիք, որ դուք Հրայր Թովմասյանի դեմ գործընթաց չէիք սկսի, եթե նա, Ձեր խոսքով, «Մեր դեմ տղա չբերեր»։ Այդ ամենի շուրջ Դուք զրուցե՞լ եք նրանց հետ։

– Չէ, նման բան չկա։ Ես նման բան չէի ասել, իմ ասածը բոլորովին ուրիշ էր, դա չակերտների մեջ ասված խոսք է։ Ընդամենը դա նշանակում էր, որ Հրայր Թովմասյանը, իրավական հարցերը թողած, քաղաքական հարցերով է զբաղված, իսկ այդ արտահայտությունը ես արել եմ որպես թեւավոր խոսք։ Իրականում այլ բանի մասին է եղել խոսքս։

– Բայց, ըստ մեր տեղեկությունների, Ձեզ հորդորել են միառժամանակ որեւէ թեմայի շուրջ հարցազրույցներ չտալ, դիրքորոշումներ չներկայացնել։ Արդյոք Ձեր թիմակիցները նման հորդորով դիմե՞լ են Ձեզ։

– Տիգրան Ավինյանին եւ Էդուարդ Աղաջանյանին ես միասին տեսել եմ անհիշելի ժամանակաշրջանում, ես հանդիպում չեմ ունեցել։ Ես չեմ խուսափում ինչ-որ հարցերի մասին խոսել, դիրքորոշում ներկայացնել, կարծիք հայտնել, այդպիսի բան չկա։

– Այսինքն՝ տարաձայնություններ, տարակարծություն չունե՞ք Ձեր կուսակցությունում։

– Լինում են, իսկ դա նրա համար է, որ յուրաքանչյուրը ազատ է իր կարծիքը հայտնելու։ Ես իմ փոխարեն կարող եմ ասել՝ ես իմ կարծիքը հայտնում եմ։ Մարդ պետք է չմտածի, որ իր տեսակետը ամենաճիշտն է, հետեւաբար լինում են հարցեր, որ ամեն մեկը տարբեր կարծիք է ունենում։ Իսկ ես համարում եմ, որ նորմալ երեւույթ է։ Ես իմ կարծիքը ներկայացնում եմ միշտ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30