Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն. Արցախի Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

Սեպտեմբեր 26,2019 12:07

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ:

ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝  Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն  ուղղված  գործունեության և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի և Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը: «Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավստրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարևորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջև:

Հյու Մաք-Դերմոթը ևս իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցելու Արցախին: «Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն»,-նշել է խորհրդարանականը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին  է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ջոն Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» և Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգևները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետև հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը և պարբերական շփումների անհրաժեշտությունը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30