Հիմա մենք չափազանց վտանգավոր սահմանագծին ենք. իշխանափոխությունից ի վեր մեր երկրում նկատվում է թշնամանքի, չարության, մաղձի դոզայի կտրուկ աճ։ Թվում էր, թե սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո իշխանության եկածները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մեղմացնեն ատելության տարածումը հասարակության որոշ շերտերի նկատմամբ, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը։
Կամա, թե ակամա հենց իրենք դարձան այդ մթնոլորտի խորացման, հասարակության մեջ անդնդախոր ճեղքերի առաջացման, փոխադարձ ատելության սերմանման խթանողը:
Այսօր մեր հասարակության ներսում չարության, նախանձի, հայհոյանքի և ատելության տարածումը շատ վառ արտահայտվում է հատկապես սոցցանցերում, երբ հատկապես իշխանական ու «իշխանամերձ» օգտատերերը և ֆեյքերը ամենավերջին լուտանքներն են թափում տարբեր մարդկանց հասցեին։
Նույնիսկ նրանց հասցեին, որոնք ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին են հարում, այլ պարզապես բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին: Ուշագրավ է, որ շատ հաճախ անգամ կանայք են հայհոյելու հարցում ռեկորդներ գրանցում։
Ու թիրախավորվում են բոլորը, որոնք մի «թթու խոսք» են ասել իշխանության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի հասցեին: Կարևոր էլ չէ՝ ով է դիմացինը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ունի:
Այդպես հայհոյում, պիտակավորում, անվանարկում ու վարկաբեկում ենք սեփական կարծիք ունեցող բոլորին՝ բժշկին, գեներալին, զինվորին, քաղաքական գործչին, մանկավարժին, դատավորին, լրագրողին, մտավորականին: Մի խոսքով, իշխանության անսխալականության համոզմունքի «ամրոցները» թուլացնող բոլորին ու յուրաքանչյուրին:
Նաև սրա արդյունքն է, որ նախկին ոստիկանապետի ինքնասպանության տեղեկության թեմայով մոլի իշխանական օգտատերը գրում է.
«Տարոսը մյուս գեներալներին»: Եվ ինչ զարմանալու բան կա, որ նմանատիպ գրառումները դառնում են գերակայող…
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: