Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. Կենտրոնանալով Երևանում՝ զրկում ենք երիտասարդներին լավ աշխատանքի հնարավորությունից, երեխաներին՝ բարձրորակ կրթություն ստանալուց

Սեպտեմբեր 26,2019 10:51

«Այսպիսի այցելություններն ինձ համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն,-լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր աշխատանքային այցին։-Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի լավագույն 40-50 ընկերություններ, որոնց շարքում հայկականները չկան։ Իսկ մեր ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե շուկան ինչպես է աշխատում, սովորենք մեծերից։ Հուսով եմ, որ դրանից մեկ տարի անց էլ Հայաստանում կկազմակերպենք շատ մեծ կիբերանվտանգության համաժողով»։

Նախագահը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։ Անդրադառնալով նախագահական ATOM նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնավորապես «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» հայտնի ընկերությունների հետ կան նախնական պայմանավորվածություններ՝ Հայաստանում գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր սկսելու վերաբերյալ։

«Նրանք հասկանում են, որ եթե ուզում են մեր երկրում երկար ժամանակ աշխատել, ապա պետք է Հայաստանում շարունակաբար ունենան լավ մասնագետներ,- ասել է նախագահ Սարգսյանը։-Աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Նախ և առաջ պետք է կրթության ուղղությամբ աշխատենք։ «Դասո»-ն, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն Հայաստան գալով պետք է վստահ լինեն, որ բարձր որակի մասնագետներ կան։ ATOM ծրագիրը հենց դա է ենթադրում»։

Այդ համատեքստում նախագահն ասել է․ «Կենտրոնանալով Երևանում՝ մենք զրկում ենք երիտասարդներին լավ աշխատանքի հնարավորությունից, երեխաներին զրկում ենք բարձրորակ կրթություն ստանալուց, զրկում ենք տաղանդավոր ապագա գիտնականին կամ արվեստագետին, ով ապրում է Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում կամ Սյունիքում, Արցախում, ինքնադրսևորվելուց»։

Հորդորելով ճանաչել նաև Երևանից դուրս գտնվող հայրենիքը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Գյումրիին՝ նշելով, որ այն վերածնել չի նշանակում միայն շենք կառուցել մարդկանց ապրելու համար։ «Պետք է կյանքը վերադարձնել, իսկ դրա համար պետք է սկսենք այցելել, հայտնաբերել, գտնել, աջակցել, հետաքրքրել,-ասել է հանրապետության նախագահը։ – Ես Գյումրիում էի Անկախության օրը։ Իսկապես շատ ուրախ եմ, որ կառավարության որոշմամբ այս տարի Անկախության օրը տոնեցինք Երևանից դուրս։

Գյումրեցիներն ուրախ էին, ասացին, որ կես տարվա ընթացքում քաղաքը երեք անգամ ավելի շատ այցելու է ունեցել, քան նախորդ տարի ընդհանրապես։ Այսինքն, ճիշտ ճանապարհին ենք։ Եթե դրանից հետո մտածենք Վանաձորի, Կապանի կամ Արցախի մասին․․․Այս ամենը շարունակական աշխատանք է։

Իմ նախորդ այցելությունից հետո Գյումրի եկավ իտալացի շինարարների մեծ խումբ, հետո մենք ներկայացուցիչներ ուղարկեցինք։ Ծրագիրը հետևյալն է՝ բերել իտալական շինարարական մեծ ընկերություններին, որոնք հսկայական փորձ ունեն հին շենքերի վերանորոգման գործում, գտնել ֆինանսավորման մեխանիզմներ Գյումրիում շատ վայրեր վերականգնելու համար։ Սա նախ և առաջ հին շենքերը վերականգնելու մշակույթ է, որը նույնիսկ Երևանում չունենք»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ընկերություններից շատերը, որոնք գալիս են Հայաստան, մեր երկրի տեղը չգիտեն։ «Բայց գալիս են, որը հետևողական, ծանր աշխատանքի արդյունք է,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։-Ես ուրախ եմ, որ այսօր նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է իր մասնագետներին ուղարկել Գյումրի, գործընթաց է սկսվել, որ այն դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված քաղաք։ Մենք պետք է սովորենք մեր արժեքները գնահատել»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30