«Պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիապես զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության». Վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացմանը նվիրված քննարկմանը
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» խորագրով գագաթաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։
Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ.
«Ձերդ Գերազանցություններ,
Կարդացեք նաև
տիկնայք եւ պարոնայք,
ուրախ եմ մասնակցել կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա ազդող միտումներին ու մարտահրավերներին նվիրված այսօրվա քննարկմանը: կայուն զարգացման նպատակները սահմանում են զարգացման համագործակցության հավակնոտ շրջանակ՝ նպատակ ունենալով վերափոխել հասարակությունները և հասնել կայուն ներառական տնտեսական աճի:
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անհավասարությունը շարունակ աճում է, իսկ բացառման միտումները՝ ահագնանում: Հետևաբար, մենք պետք է քննարկենք այն ուղիները, որտեղ կարող ենք միասին աշխատել՝ ներառական գործընթացների դրական օրինակների միջոցով մեղմելու առկա միտումները և մարտահրավերները։
Ներկայում Հայաստանը գտնվում է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման փուլում, որի նպատակն է մեր ժողովրդին օժտել հնարավորինս լայն իրավասություններով, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա օգտագործել իր տաղանդն ու էներգիան հանուն կայուն զարգացող և բարգավաճ հասարակության:
Մենք խորապես համոզված ենք, որ հասարակության մեջ առաջընթաց չի կարող լինել, եթե դատական համակարգը հանրային վստահություն չվայելի: Եթե դատական համակարգը արդար չէ, կայուն զարգացում չի կարող լինել, տնտեսական աճ չի կարող գրանցվել, ներդրումներ չեն գա: Եվ մենք այժմ գտնվում ենք մեր դատական համակարգի բարեփոխման ուղիների և ձևերի մշակման գործընթացում:
Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ թավշյա հեղափոխությունն ամբողջությամբ վերափոխեց կանանց դերը հասարակության մեջ: Այսօր մենք լիովին համոզված ենք, որ նրանք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին. հետևաբար մենք խթանում ենք կանանց իմաստալից մասնակցությունը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բիզնեսում կանանց մասնաբաժինն աճում է: Կառավարչական բարձր պաշտոններում կանանց մասնաբաժինը համեմատելի է Եվրամիությունում գրանցված միջին ցուցանիշին: ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մենք ունենք ավելի շատ կին, քան համաշխարհային միջին ցուցանիշն է: Այսօր մենք կանանց մեծ մասնակցություն ունենք խորհրդարանում, կառավարության բարձրագույն պաշտոններում:
Ընդհանուր տեսակետ կա, որ հեղափոխությունները բացասական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այնուամենայնիվ, անցյալ տարի մեր տնտեսությունը թուլության որևէ նշան ցույց չտվեց: Ընդհակառակը, մեր ՀՆԱ-ն 2018-ին գրանցեց 5.2% աճ: Մեր ֆինանսական համակարգը բացարձակապես կայուն է եղել: Նույնիսկ մեր ազգային արժույթը մնաց կայուն, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային արժույթների արժեզրկմանը։
2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է ընդհուպ 26%-ով: Եվ վերջապես, մենք մեր բյուջեի եկամտային մասն ավելացրել ենք 25,1% -ով` ստվերային տնտեսության դեմ պայքարում մեր կառավարության կողմից ձեռնարկված կտրուկ միջոցների շնորհիվ:
Այժմ մենք վերափոխում ենք մեր հարկային համակարգը, որպեսզի գործարար միջավայրն էլ ավելի բարելավվի Հայաստանում:
Մենք քայլեր ենք ձեռնարկում Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու և մեր տնտեսությունը հանքարդյունաբերականից բարձր տեխնոլոգիականի վերածելու նպատակով: Զբոսաշրջությունը մեր տնտեսական առաջընթացի ևս մեկ կարևոր արագացուցիչ է: Մասնավորապես, մենք կենտրոնանում ենք մշակութային, էկոլոգիական և բժշկական տուրիզմի վրա:
Տնտեսական առաջընթացին միտված մեր քաղաքականության մեջ մենք կենտրոնանում ենք մարդկային կապիտալի վրա: Մենք առաջնահերթություն ենք տալիս մեր երիտասարդության կարողությունների զարգացմանը թվային տեխնոլոգիաների ուսուցման միջոցով: Այս ոլորտում կարևոր ձեռքբերումներից է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ հազարավոր հայ պատանիներ հնարավորություն ունեն սովորելու նոր տեխնոլոգիաներ: Կենտրոնը հիմնադրվել է Երևանում և արդեն գործում է մի շարք այլ երկրներում։
Տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը կարևոր խնդիր է Հայաստանի համար: Դժբախտաբար, մեզ արդեն իսկ սպառնում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը՝ միջինում գրանցելով Ցելսիուս ջերմաստիճանի 1,3 աստիճան բարձրացում, ինչը մեզ դարձնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 4-րդ ամենախոցելի երկիրը: Այս խնդրի լուծման համար մենք մշակում ենք կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, համաձայն Գլխավոր քարտուղարի նախաձեռնած Կլիմայի գործողությունների գագաթաժողովում Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:
Մենք առաջնահերթություն ենք տալիս նաև ՄԱԿ-ի զարգացման համակարգի հետ համագործակցությանը՝ Խելացի զարգացման (Smart Development) ծրագրի շրջանակում: Այս գործընթացը ներկայումս փոխլրացվում է Հայաստան 2050-ի հավակնոտ տրանսֆորմացիոն ռազմավարության մեկնարկով, որը բաղկացած է 16 մեգանպատակներից:
Դեռ շատ անելիքներ ունենք: Մենք պետք է հաղթահարենք աղքատության շոշափելի մակարդակը մեր երկրում: Մենք դեռ պետք է մեր տնտեսությունը վերածենք տեխնոլոգիական առումով զարգացած և էկոլոգիապես մաքուր արդյունաբերության:
Կայուն զարգացման նպատակները կոչված են խթանելու մարդկային արժանապատվության, հավասարության և ժողովրդավարության արժեքները: Եվ մեր նպատակն է վերակենդանացնել և ամրապնդել այդ մարդակենտրոն արժեքները:
Շնորհակալություն ուշադրության համար»։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ