Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդահաճո՞, թե՞ պետական

Սեպտեմբեր 26,2019 10:00

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է համահայկական հարցերի, տնտեսական ցուցանիշների կամ միջազգային խնդիրների մասին, դա այնքան էլ հետաքրքիր չէ: Այս թեմաներով մի քիչ այլ ոճով, բայց մոտավորապես նույն բովանդակությամբ խոսում էին նաեւ Հայաստանի նախորդ ղեկավարները: Պարզ է, որ մենք՝ 10 միլիոն հայերս, մի ազգ ենք, որ Թուրքիան մեր նկատմամբ ոչ բարյացակամ քաղաքականություն է վարում, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, իսկ տնտեսական ցուցիչները գնալով լավանում են: Այստեղ առանձնապես նոր բան չես ասի:

Վարչապետի խոսքը հետաքրքիր, պատկերավոր, կասեի անգամ՝ գրավիչ է դառնում, երբ նա սկսում է խոսել «նախկինների» մասին, երբ նա խարազանում է, մեղադրում է, բացահայտում է եւ սպառնում: Այսինքն՝ հանդես գալիս այն բառապաշարով եւ այն գաղափարներով, որոնցով ելույթ էր ունենում ընդդիմադիրի կարգավիճակով: Բնականաբար, դա ավելի «բարեբեր» նյութ է լրատվամիջոցների համար, եւ ես՝ իմ հարյուր հազարավոր հայրենակիցների նման, այդ ելույթները հաճույքով լսում եմ:

Խնդիրն այն է, սակայն, որ երբ պետության առաջին դեմքն է այդպես խոսում, դա կարող է սուր ընկալվել մարդկանց տարբեր խմբերի կողմից: Օրինակ, երբ «ուսադիր» եւ «աղբաման» բառերն օգտագործվում են անմիջական հարեւանությամբ, դա, վստահ եմ, գոնե ենթագիտակցական մակարդակով լավ չի ընկալվում ուսադիր կրող բոլոր մարդկանց կողմից, ավելին՝ նրանց ներկա իշխանության դեմ է տրամադրում: Պարզ է, որ խոսքը առանձին մարդու (Արթուր Վանեցյանի) վարքի մասին է, բայց անհարգալից որակումը, ուզենք, թե չուզենք, տարածվում է ուսադիրների նկատմամբ ընդհանրապես: Այնինչ, վստահ եմ, Հայաստանում ուսադիր կրողների 90 տոկոսը՝ բանակում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում եւ այլ կառույցներում, պատվով է ծառայում Հայրենիքին:

Կամ՝ երբ ասվում է, որ կան ինչ-որ եկեղեցականներ, որոնք ուզում են քանդեն կառավարության ոտքի տակը եւ պետք է ծնկի բերվեն՝ բառիս ուղղակի եւ անուղակի իմաստով, ապա պետք է հաշվի առնել, որ կոնկրետ հասցեատեր չնշելով, վարչապետն իր ցասումով լի խոսքը, կամա թե ակամա, ուղղում է բոլոր հոգեւորականներին: Իսկ այս պարագայում ես նույնպես վստահ եմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը շատ կարեւոր ծառայություն են մատուցում մեր ազգին:

Նույնը՝ դատավորները: «Պատերի տակ վնգստացող» դատավորներ Հայաստանում, իհարկե, կան, բայց նրանք էլ այս «դասում» մեծամասնություն չեն կազմում: Եվ շատ վատ կլինի, որ ազնիվ, նվիրված դատավորները «դուխաթափ» լինեն, սկսեն ոչ պատշաճ ձեւով կատարել իրենց պարտականությունները կամ ընդհանրապես հեռանան համակարգից:

Այնպես որ՝ իսկապես լուրջ այլընտրանք կա. ինչպիսի՞ն պետք է լինի պետության առաջին դեմքի խոսքը՝ մեր լսողության համար հաճելի՞, թե՞ պետության համար օգտակար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ամեն իշխանություն արժանի է իր ընդդիմությանը եւ հակառակը, երբ քննադատում ենք մի կողմը, չպետք է մոռանալ քննադատել նաեւ մյուս կողմը, չի լինում, որ լավ իշխանություն է եւ միաժամանակ վատ ընդդիմություն եւ հակառակը, այս երկուսի մակարդակն էլ բնորոշում է ժողովրդի քաղաքական զարգացվածության մակարդակը: Երբ խոսում ենք նախորդ իշխանությունների քաղաքական անմակարդակության մասին, պետք է խոսենք նաեւ նախորդ ընդդիմության քաղաքական անմակարդակության մասին եւ այն ժամանակվա ժողովրդի քաղաքական անմակարդակության մասին: Երբ դատում ենք նախորդ իշխանություններին, պետք է միաժամանակ դատել նաեւ նախորդ ընդդիմությանը եւ ժողովուրդն էլ իր սխալները պետք է ընկալի ու հասկանա, որ եւ լավ իշխանության եւ վատ իշխանության պատասխանատուն ժողովուրդն է եւ ոչ թե այդ իշխանություններն ու ընդդիմությունները:
    Հայը հայի դեմ ռազմավարական հակասություններ չունի, բայց երբ նման հակասություններ են ի հայտ գալիս, ուրեմն ոչ հայի մատն է խառնված, լինի ուսադիր թե հոգեւորական, երբ ձեռագիրը հայերեն չի, միանգամից ՝զռռում ա՝, երբ մեր հայերը ոչ հայերի թելադրանքով են շարժվում, դրա համար այդ թելադրվող հայերին պետք է ստիպենք սեփական խելքով ու կամքով շարժվեն, հակառակ դեպքում սրանց թույլ չտալ եւ ոչ մի իշխանության թե ընդդիմության մոտենան, դրանք քաղաքական վարակիչ բորոտներ են:

  2. Հ.Շ. says:

    Ըստ կացութեան որոշ բնորոշումի մը՝ յեղափոխութիւնը թեւակոխած է իր յաջորդ հանգրուանը: Բայց ինչպէ՞ս կարելի է որ տեղի ունենայ յեղափոխութիւն, իշխանութեան կողմէ … Սա արդէն նշանակում է որ յեղափոխութիւնը ձախողած է, քանզի յեղափոխականները, տիրանալով հանդերձ իշխանութեան, չեն կարողանում կառավարել. եւ հիմա պայքար են բացել պետական այս կամ այն բաղադրիչներին դէմ. այսինքն, իրենք իրենց դէմ:
    Իսկ իրօք ամենացաւալին այն չէ որ իրենք այսպէս են անում: Այլ՝ որ ժողովրդային զօրակցութիւն ունին, իրենց այս վարքագծին նկատմամբ: Ասիկա բառացիօրէն ինքնաքայքայում է: Եւ սա է արդէն էական տարբերութիւն մը նախկին վիճակին հետ: Ամենամութ, սեւ ու մթին պատկերացումներով, նախապէս, կառավարութիւնն էր երկիրը քանդում: Այժմ, երկիրը ինքզինք է քանդում:
    Իսկ այս «յեղափոխութեան երկրորդ փուլ»ը փաստօրէն լրիւ հեռու է «թաւիշէն»: Հետեւաբար՝ հակազդեցութիւնն ալ չի լինելու թաւիշոտ… Ի դէպ, այդ թաւիշին շնորհիւ էր, բացառապէս ու միմիայն, որ առաջին փուլը տեղ մը հասաւ:
    Որեւէ այլ երկրի մէջ, նոյնանման պայմաններու մէջ, Բանակը ձեռք կ’առնէր պետութիւնը: Իսկ եթէ այդպէս չի կատարվում Հայաստանի մէջ, պատճառը կրնայ ըլլալ որ Բանակն ալ պառակտուած է…
    Մէկ հարցական կը մնայ՝ այս ամէնը նախամտածուած, ծրագրուած, դիտումնաւո՞ր էր, թէ՝ ոչ: Վստահ ալ չէ որ երբեւիցէ կ’ունենանք գոհացուցիչ պատասխան մը:

  3. Իրատես says:

    Նախորդ իշխանավորները,պարզապես՝արհամարել,անտեսել ու ծաղրել էն ազնվությունը,մարդու թափած քրտինգը և դա համատարած բոլոր ոլորտներում,կարեվոր չէ ՝բանակ է,դատական,առողջապահության,հոգեոր,կրթական,մի խոսքով համատարած:Մի անգամ,օրինակ՝ իմ մարդկային վերաբերմունքը որակեցին հարիֆություն,..ինչևե….Այսինքը ինչքան մեծ խաբեբայություն՝այնքան մեծ հարգանք,այսինքը՝խաբելը,սպանությունը ճարրպիկ ձևով կոծկելը,քցելը,շորթելը՝այդ բոլորը դրվատանքի էր արժանանում կամ պաշտոն,կամ պագոններ,տարբեր-տարբեր գիտ-պատմական կոչումներ…..և ինչու նրանք չեին սիրում հասարակ մարդկային (քրտինքը /,դե պատկերացրեք,թե որքան պետք է նրանք քրտնեին՝իրենց դղյակները կառուցելու համար:Իսկ վնգստացողներ,սա դեռ վերին օղակների,կա նաև միջին,ապա ներքին,միշտել կլինեն,այնպես որ շարունակությունը հետևում է…թե ներսում,թե դրսում….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30