Հոդվածի վերնագրից ակնհայտ երեւում է, որ այս հարցերի պատասխանները հիմնովին տալու համար մի քանի հատորներն անգամ չեն բավարարի:
Ուղղակի փորձենք ինչ-որ կերպ դիտարկման ենթարկել մեր ժողովրդի անցած ճանապարհը նորանկախ Հայաստանում՝ մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը: Անկախության հռչակումից հետո խորհրդային բոլոր կապերն սկսեցին աստիճաբար փլուզվել, որն ակամայից բերեց հանրապետությունում աշխատող՝ բացառապես բոլոր ձեռնարկությունների կանգառին, որն ինչպես խորհրդային մնացած երկրների, Հայաստանի տնտեսությունը եւս լրիվ ենթարկեց կոլապսի: Խորհրդային բոլոր հանրապետությունները, դրանց թվում նաեւ Հայաստանը, շոկի մեջ էին, քանզի դրանց տնտեսությունները լրիվ կանգ էին առել եւ բոլորի մոտ նույն գերխնդիրն էր դրված. ինչ անել, ինչպես շարունակել եւ ինչպես փրկել իրավիճակը…: Պետք էր անհապաղ որդեգրել նոր մոտեցումներ՝ այդ երկրների տնտեսություններն աստիճանաբար ոտքի կանգնեցնելու եւ դրանց հետագա կենսագործունեությունն ապահովելու համար: Մնում էր միակ ճանապարհը. պետք է մասնավորն իր ձեռքը վերցներ պետության ֆունկցիաները: Իսկ նման իրավիճակում առաջին քայլը պետք է լիներ պետության միջոցների մասնավորեցումը՝ սեփականաշնորհումը, որն էլ հենց սկսեց մեծ թափ առնել: Չխորանալով իշխանավորների եւ բազմազան այլ պաշտոնյաների կողմից իրականացված «հանճարեղ» մանիպուլյացիաների մանրամասների մեջ, նշենք միայն, որ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ սեփականաշնորհման անվան տակ, ընդհանրապես կապ չուներ սեփականաշնորհում երեւույթի բովանդակության հետ: Կարճ ասած, ովքեր պաշտոնյա էին ու փողատեր, նրանք էլ կոպեկներով ձեռք բերեցին երկրի ողջ ունեցվածքը, ժողովրդին հրելով կողքի ու թողնելով լրիվ ձեռնունայն: Այդ գործընթացի մասին իրական պատկերացում կազմելու համար բավական է միայն մեկ թիվ հրապարակել, որպեսզի մեր ուղտի ականջում քնած ժողովրդին (բնականաբար, դրանցից մեկն էլ ես եմ) պարզ դառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել ու իրենց պապերի տարիների քրտինքով արարած ունեցվածքն ում է բաժին հասել եւ ինչպես: Երեւանի փոքր կենտրոնում շենք-շինությունները սեփականաշնորհվել են՝ մեկ քմ-ը 5000 դրամով եւ այդ ամենը բաժին է հասել այն պաշտոնյաներին ու փողատերերին, ովքեր իրավասու եւ տեղեկացված են եղել դրա մասին: Իսկ ռանգով ավելի բարձր որոշ պաշտոնյաներ եւս դուրս են մնացել այդ գործընթացից, քազնի կամ այդ տիրույթը նրանց չի հետաքրքրել, կամ տեղեկացված չեն եղել, կամ էլ նրանք զբաղված են եղել իրենց կուրացիայի տակ եղած շատ ավելի յուղոտ օբյեկտների «սեփականաշնորհման» հարցերով: Կամ էլ, որքան էլ որ կարող է զարմանալի թվալ, նրանք ուղղակի բավարարվել են եղածով: Կախված նրանից, թե որ ինֆորմացիան որքանով է բաց եղել, բազարները եղել են զուտ այդ տիրույթում՝ դրանում առկա օբյեկտների վրա՝ սկսած ահռելի գործարաններից, վերջացրած պետական ավտոտնակներով: Ագահությունն այնքան էր շլացրել այդ իրավասու պաշտոնյաներին, որ նրանք գործել են ամենավերջին անամոթի նման եւ թույլ չեն տվել անգամ, որպեսզի մի քանի ավտոտնակ բաժին հասնի բազում տարիներ աշխատած եւ հենց այդ ավտոտնակներում իրենց վարած ծառայողական մեքենաները երկար տարիներ դրանցում կայանած վարորդներին: Կարճ ասած, այդ ժամանակ սեփականաշնորհման գործընթացի սկզբունքը եղել է հետեւյալը. ոչ մի չոփ թշնամուն՝ ժողովրդին: Սա ընդամենը երկու բառով այդ թալանի՝ «սեփականաշնորհման» թռուցիկ նկարագրությունն էր, որի ծալքերի մեջ խորանալու դեպքում այնպիսի անհավանական եւ ֆանտաստիկ անօրինականություններ կարելի է գտնել, որ անգամ աշխարհի ամենաբռնապետական երկրում նման կամայականություններն իսպառ բացառված են: Իհարկե, համոզված եմ, որ այդ գործընթացների հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր ու այլ հետքեր ոչնչացված են, սակայն եթե ներկա իշխանությունները գլուխ դնեն (իսկ ես կարծում եմ, որ դա չափազանց պարտադիր է), ապա նրանք գլուխները կբռնեն, նվազագույնը զարմանքից կուշաթափվեն: Եվ եթե ուշադրություն սեւեռենք այդ ժամանակահատվածի վրա, ապա պարզորոշ կնկատենք, որ հենց այդ տարիներին էր հայերի ամենամեծ արտագաղթը երկրից, որը բնավ պատահականության արդյունք չէ: Հայաստանը՝ Ամերիկա, Ռուսաստան կամ Չինաստան չէ, որ մարդիկ իրենց բնակության կամ աշխատանքային տիրույթում կատարվող իրադարձությունների մասին տեղեկացված չլինեն: Սա մի բուռ Հայաստանն է, որտեղ համարյա բոլորն իրար ճանաչում են եւ կատարվող ամեն բան արագ տարածվում է, մանավանդ արտառոց՝ ոչ սովորական երեւույթների վերաբերյալ տեղեկատվությունը: Եվ հենց այդ տարիներին էր, որ բազմաթիվ խելացի, մտածող, գործունյա, արդարամիտ հայեր նախընտրեցին պանդխտության ճանապարհը եւ զզված լքեցին իրենց հայրենիքը՝ անտեր թողնելով անգամ իրենց պապերի գերեզմաններն ու իրենց սուրբ օջախները: Այլ խոսքով, դա ոչ այլ ինչ էր, քան Հայաստանում տեղի ունեցած եւ միչեւ այժմ շարունակվող սպիտակ եղեռնի սկիզբը:
Եվ այս անհավասար վիճակը դարձավ նորանկախ Հայաստանի քաղաքացիների ապրելակերպի ստարտը: Փաստորեն, մարդկանց մի մասն ունեցան ամեն ինչ եւ գնալով այդ ամենն ընդլայնեցին ու տիրեցին տնտեսության բոլոր ոլորտներին եւ ողջ բիզնես դաշտին, իսկ մնացածները մնացին ունեւորների կողմից գնած ու նաեւ նրանց հիմնադրած բանկերի տրամադրած վարկերի հույսին, որի հետեւանքով բնակչության ահռելի մեծամասնությունը կորցրեց իր ողջ ունեցվածքը եւ մինչեւ այսօր էլ ճկռում է վարկերի տոկոսների տակ: Բնական է, որ այս պայմաններում երկրում որեւէ մրցակցության կամ զարգացման մասին խոսք գնալ չի կարող, այլ ընդհակառակը՝ գնալով բեւեռացումն էլ ավելի է խորանում, որը բերում է աղքատության էլ ավելի բարձր աճի, որն էլ իր հերթին բերում է արտագաղթի աճի: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ այն աներեւակայելի թալանը, որը տեղի է ունեցել վերջին 20-30 տարիների ընթացքում, ապա պարզ է դառնում, թե այսօր ինչ վիճակում են գտնվում Հայաստան երկիրը եւ նրա ժողովուրդը: Չցանկանալով խորանալ թալանի, կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ, նշենք միայն, որ այդ ժամանակահատվածի կտրվածքով մատներս որտեղ դնեինք, անմիջապես կծակվեր, այսինքն՝ ում ձեռքում ինչ փոքրիկ շանս եղել է, զբաղված է եղել միմիայն թալանով: Ահա այսպիսին է այսօր մեր երկրի իրավիճակը եւ լրիվ հասկանալի է, թե ինչպիսին կլինի նման երկրում ապրող, գործազուրկ, ավելի ճիշտ՝ ամեն ինչից զուրկ բնակչության վիճակը:
Չցանկանալով շատ ծավալվել, քանզի սա իրոք անվերջանալի թեմա է, փորձենք գոնե թռուցիկ պատասխանել հոդվածի վերնագրում նշված հարցին. ինչ է սպասվում մեր ժողովրդին: Հայտարարում եմ. բացարձակապես ոչ մի լավ բան, քանզի նրա մասին ընդհանրապես մտածող չկա: Հիշեցնեմ միայն, որ այս հարցի դասական պատախանն իր հանրահայտ ասացվածքում ժողովուրդը վաղուց է տվել. եղունգ ունես, գլուխդ քորի…: Սա էլ իր բացատրությունն ունի, քանզի իշխանության համար կարեւորը ժողովրդավարությունն է, այլ ոչ թե ժողովուրդը…
Կարդացեք նաև
Շարունակելով ասեմ, որ եթե այսօր ինչ-որ թերություններ էլ բարձրաձայնվում են, ապա դրանք լոկ դատարկ խոսքեր են: Կույրին անգամ տեսանելի է, որ երկրում առկա իշխանության բոլոր ճյուղերը բացարձակապես զուրկ են համակարգային ղեկավարումից, կադրերի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է եւ չհաշված որոշակի բացառությունները, կոռուպցիան եւ կաշառակերությունը շարունակում են մնալ համարյա նույն մակարդակին, իհարկե, ավելի քողարկված մեթոդիկաներով, քանզի թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած թիմի հիմնական թեզը ձեւակերպվում էր որպես կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ անողոք պայքար: Այդ դեպքում պարզ հարց. ո՞ւր են երկրից ու ժողովրդից թալանված տասնյակ միլիարդավոր դոլարները: Այս ամենի փոխարեն մի երկու հոգու ձերբակալել են եւ տպավորություն է ստեղծվում, որ լուրջ պայքար են տանում կոռուպցիայի դեմ: Կրկնում եմ, Հայաստանն այնքան փոքր է, որ բոլորն են տեղյակ, թե ովքեր են թալանչիներն ու կաշառակերները, ովքեր են թալանել երկիրը: Քայլը միակն է. պետք է անհապաղ բոլորից րոպե առաջ ետ բերել այդ գումարները (իհարկե, դա չափազանց դժվար գործընթաց է), քանզի թալանված ավարը օր օրի հանվում է երկրից: Այստեղ էլ բան են գտել, դե ոնց անենք, որ դրանք ձեւակերպված են ուրիշների անուններով, իսկ մենք էլ ժողովրդավարական ու իրավական երկիր ենք, ինչպես կարող ենք այդ ուրիշների ձեռքից խլել նրանց անուններով ձեւակերպված ունեցվածքը: Իսկ ինչ անենք, եթե այլ ճանապարհ չկա, քանզի նրանցից որեւէ մեկը չի խոստովանում, որ իր թալանած այսքան ունեցվածքը ձեւակերպել է այս, այս մարդկանց անուններով: Բա ինչ անենք, դեմոկրատ-դեմոկրատ խաղանք եւ թողնենք երկիրը վերջնականապես կործանվի: Կրկնում եմ, եթե մեր ժողովրդից ցանկացած մեկը գիտի, թե ով՝ ինչեր եւ որքան է թալանել, ապա ինչով է զբաղված Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը համեստորեն լռում է՝ նույն կերպ դեմոկրատ խաղալով: Իհարկե, հանգիստ խղճով նույնը կարելի է ասել իրավապահ այլ մարմինների մասին եւս: Ինչեւէ, ցավոք, մի պարզ բան չենք հասկանում, որ սա երկիր է եւ պետություն (էլ չեմ ասում պատերազմող), ոչ թե ճակոյի դուքանը, որ ով ինչ եւ ինչպես ուզենա, անի: Այստեղ պարտադրված ընդհատում եմ հիմնական ասելիքը, քանզի այն բազմաթիվ հատորների նյութ է…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Վերլուծաբան, քաղաքագետ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2019