Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ հաջողած գործարարների կապիտալը գրեթե չի հայրենադարձվում

Սեպտեմբեր 26,2019 13:30

Հայ ժողովուրդը միշտ էլ աշխարհին ներկայացել է իր ստեղծարար կարողություններով, ձեռներեցական արհեստավարժությամբ, հաջողակ գործարարի համբավով: Սակայն, ի հակառակ դրան, մոնո էթնիկ կազմով Հայաստանը, որտեղ բնակչության 98%-ը հայեր են, անկախացումից ի վեր չի կարողանում տնտեսական առաջընթաց դրսեւորել, եւ այն  դեպքում, երբ հայերը իրենց հայրենիքից դուրս հաջողակ ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում: Նման իրավիճակը պատճառաբանվում է երկրում չհայտարարված պատերազմով, տնտեսական շրջափակումով, խորհրդային կայսրության շուկաների կորստով ու տասնամյակների ընթացքում ձեւավորված նախկին գործարար կապերի խզումով: Սակայն, դրան զուգահեռ, կարծես չենք էլ նկատում ազգային արժեհամակարգի ազդեցությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա, որը, մեր կարծիքով,  բավական ազդեցիկ գործոն է եւ  որոշ դեպքերում անգամ խոչընդոտ` երկրի տնտեսական բարգավաճման ճանապարհին:

Անկախացումից ի վեր, երբ վերջապես իրականացավ պետություն ունենալու հայերի դարավոր երազանքը, Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ թափ չառավ հայրենանվեր տնտեսվարման գործընթացը: Կատարվեց ճիշտ հակառակը: Երկրի բարգավաճմանը լծվելու փոխարեն, հենց իր, հայ գործարարի ձեռքով, թալանվեցին տասնյակ տարիների ընթացքում կուտակված, եւ անկախության տարիներին սեփականաշնորհված ակտիվները, փոխանակ դրանք ի նպաստ դնելու ակտիվ գործարարության  զարգացմանը: Մյուս կողմից, այդ տարիներին պետական չինովնիկներն անձնային շահադիտական նկատառումներով պարզապես մսխեցին երկիր մտնող դրամաշնորհների եւ օգնությունների զգալի մասը, շրջանցելով հանրային շահերն ու դրանով հայրենիքին լրջագույն տնտեսական վնասներ պատճառելով: Արդյունքում, երկրում կուտակված կապիտալը սկսեց իրեն առավել հարմարավետ զգալ արտասահմանում,  եւ արտագաղթի տեմպեր հավաքեց:

Փոխարենը, երկիր ներթափանցեցին միջազգային վարկերի նշանակալից հոսքեր, որոնք սկսեցին ծառայել ոչ թե տնտեսական աճին, այլ ընդամենը կարճաժամկետ կտրվածքով մակրոտնտեսական կայունության ապահովմանը, դրանով իսկ տարեցտարի ավելացնելով ՀՀ արտաքին պետական պարտքը: Այստեղ նույնպես «հայրենանվեր տնտեսվարումը» իր դրսեւորումներով հանդես չեկավ, քանի որ, իշխանությունների կողմից գերադասելի դարձավ ոչ թե տնտեսության զարգացման ուղղությամբ կառավարման առանձնակի ճիգերի գործադրումը, այլ ընդամենը պաշտոնավարման ընթացիկ ժամանակահատվածում արտաքին պարտքերի հաշվին տնտեսական կայունության ապահովումը եւ պարտքային աճող բեռի հաջորդիվ փոխանցումը  սերունդներին, առանց մտահոգվելու, որ այդ բեռը լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ տնտեսության հետագա բարգավաճման  ճանապարհին:

Մյուս կողմից, «նորին մեծության առավելագույն շահույթի» ստացման ձգտումները հայ գործարարներին ավելի  հեռացրեց «հայրենանվեր տնտեսվարումից»: Մեր իրականությունում գոնե այսօր առավել արդիական պետք է համարվեր՝ «Չպետք է ներմուծել այն, ինչը հնարավոր է երկրի ներսում արտադրել» կարգախոսը, որը ներկայումս հիմնականում շրջանցում է հայազգի ձեռներեցների սեփական շահերը: Ունենալով խոշոր դրամագլուխներ, նրանք իրենց գործունեությունը առավելապես ուղղորդում են շուկայական լայն պահանջարկ վայելող ապրանքների ներմուծմանը, քան հայրենիքում դրանց արտադրմանը, քանի որ վերջինս նվազ շահութաբեր է:  Դրանով իսկ, ազգային կապիտալը սպասարկում է օտարների տնտեսական շահերին եւ չի ծառայում հայրենիքի տնտեսական իրական հատվածի զարգացմանը եւ երկրի ազգային հարստության ձեւավորմանը:

Դարեր շարունակ պետություն կորցրած հայ ժողովրդի արժեհամակարգի բացասական բաղադրիչներից է հանդիսանում պետականամետության համեմատաբար թույլ զգացումը, որն իր արտացոլանքն է ստանում նաեւ տնտեսական հարաբերություններում: Հայ գործարարի համար մերթընդմերթ գերադասելի է դառնում սեփական երկրից կապիտալի արտահանումը եւ ձեռնարկատիրություն ծավալելը արտերկրում, քանի որ որոշ պարագաներում վերջինս կարող է առավել շահաբեր համարել: Առաջնորդվելով այն սկզբունքով, որ «կապիտալը ոչ թե հայրենիք, այլ հարմարավետություն է ճանաչում», հայազգի գործարարները հաճախ են իրենց նպաստը ներդնում օտար պետությունների տնտեսության զարգացմանը, շրջանցելով հայրենիքի տնտեսական շահերը: Ոչ միայն հայաստանցի գործարարների կապիտալն է հայրենիքից արտագաղթում, այլեւ սփյուռքահայ հաջողած գործարարների կապիտալը գրեթե չի հայրենադարձվում: Եվ հիմնական պատճառը ոչ թե երկրի ներդրումային միջավայրի գրավչության պակասն է, այլ պետականամետ տնտեսավարման պակասը, որը արմատավորված է հայերի ազգային արժեհամակարգում: Ուրեմն, ժամանակն է, որ հայրենանվեր գործարարության պակասը լրացնենք եւ սկսենք վարել պետականամետ տնտեսություն:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
25.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30