Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասն էլ է ունեցել ընդդիմախոսներ

Սեպտեմբեր 26,2019 14:00

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, կկայանա կոմիտասագետ,  արվեստագիտության թեկնածու, դոցենտ, կոնսերվատորիայի Երաժշտության պատմությամ ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանի «Կոմիտաս վարդապետ» գրքի շնորհանդեսը: Տեղեկացնենք, որ նա հեղինակ է «Կոմիտասագիտությունը հայ երաժշտագիտության մեջ» մենագրության, ինչպես նաեւ Scopus գիտական շտեմարանում եւ գրախոսվող ամսագրերում հրապարակված հայ եւ համաշխարհային երաժշտության հիմնախնդիրները լուսաբանող բազմաթիվ հոդվածների:

«Առավոտի» հետ զրույցում Լուսինե Սահակյանը նշեց, որ «Կոմիտաս վարդապետ» ժողովածուն ներառում է տարբեր տարիների իր հեղինակած հայերեն եւ օտարալեզու հոդվածները, որոնցում  լուսաբանված են մեր ազգային դասական կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի կյանքն ու ստեղծագործության հայտնի եւ անհայտ էջեր: Նա փաստեց, որ դիտարկված են նաեւ Կոմիտասի առնչությունները հայ ու համաշխարհային մշակույթի եւ դրանց ներկայացուցիչների հետ:

Դիտարկմանը, թե՝ երաժիշտների, մասնավորապես՝ իր գործընկերների հետ զրույցներում մշտապես շեշտվում է, որ Կոմիտասը դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա միանշանակ այդպես է: Եղել են ժամանակաշրջաններ, օրինակ՝ խորհրդային տարիները, երբ սահմանափակ էին կոմիտասյան ժառանգությամբ զբաղվող մասնագետների հնարավորությունները, հատկապես Վարդապետի հոգեւոր երաժշտության ու Եվրոպայի մշակութային շրջանակների հետ ունեցած նրա առնչությունները լուսաբանելու առումով եւ նրա՝ հոգեւորական լինելու փաստին անդրադարձը: Նշեմ, որ ժողովածուն հրապարակվել է մեր կոնսերվատորիայի գիտական խորհրդի որոշմամբ, մասնագիտական խորհրդատուն է Տիգրան Մանսուրյանը, գրախոսները՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսորներ Աննա Արեւշատյանն ու Կարինե Ջաղացպանյանը: Գրքում հոդվածների մեջ գերակշռում է «Կոմիտասը եւ…» խորագիրը: Մեր խորին համոզմամբ՝ 20-րդ դարի հայ արվեստը, կոմպոզիտորական նոր մտածողությունը, կոմպոզիտորական դպրոց հասկացությունն ու անցյալի դարավոր երաժշտական ժառանգությունն անհնար է իմաստավորել ու արժեւորել կոմիտասյան ժառանգությունից դուրս: Կոմիտասյան արվեստն է այն հիմքը, որի վրա գոյացել է հայ կոմպոզիտորական դպրոցն ու երաժշտագիտությունն իր  բոլոր ճյուղերով»:

Հարցին, թե՝ ովքե՞ր էին բռնում մասնագետների ձեռքը կոմիտասյան արվեստին անդրադառնալու համար եւ նույն խորհրդային ժամանակաշրջանում էր, որ Կոմիտաս էին քարոզում հայ կատարողական արվեստի այնպիսի անուններ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Զարուհի Դոլուխանյանը, Լուսինե Զաքարյանը, Պավել Լիսիցյանը, մեր կապելլան, Վարդապետի անունը կրող բազմամյա քառյակը… կոմիտասագետը պատասխանեց. «Խորհրդային շրջանում Կոմիտասի ողջ արխիվը գտնվում էր Փարիզում, խնամատար հանձնաժողովի հսկողության տակ, որի հետ կապ հաստատեց անվանի կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը, որի գործուն մասնակցությամբ արխիվը 1952-54թթ. բերվեց Հայաստան: Նշեմ, որ Կոմիտասի բանահավաքչական ժառանգության մանրազնին վերլուծության հարցում պետք է պատշաճը մատուցել մեր երաժշտագետներին, ֆոլկլորագետներին, ովքեր իրենց ուսումնասիրություններում ելակետային են դարձրել կոմիտասյան երաժշտական դրույթները: Ավելին՝ այսօր ասպարեզում գրեթե գոյություն չունի որեւէ լրջմիտ երաժշտագիտական աշխատություն, որտեղ չի նշվում կամ քննվում Վարդապետի երաժշտագիտական, երաժշտաբանահավաքչական կամ խազաբանական ժառանգությունը: Այո, առայսօր դեռ լիովին գիտակցված  ու խորապես արժեւորված չէ Կոմիտաս կոմպոզիտորի գործունեության ընդգրկումները: Նորովի եւ ամբողջական լուսաբանման կարիք ունի նաեւ Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը, որի շուրջ ենթադրությունները շատ են»:

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ վերջին շրջանում, գոնե մեզ հետ զրուցած երաժշտագետների մեծ մասը ներկայանում է իբրեւ կոմիտասագետ, մեր զրուցակցի պատասխանը հետեւյալն էր. «Կոմիտասագետ հասկացությունը վիճահարույց հարց է: Մեր իրականության մեջ երաժշտարվեստում չկա որեւէ ճյուղ կամ բնագավառ, որ շրջանցի Կոմիտասի գիտական ժառանգությունը: Եվ յուրաքանչյուր երաժշտագետ, ով զբաղվում է միջնադարագիտությամբ, տեսական-պատմական խնդիրներով, առնչվում է Կոմիտասի գիտական ժառանգությանը»:

Հետաքրքրությանը՝ Կոմիտասին միանշանա՞կ են ընդունել  ժամանակակիցները, թե՞ եղել են ընդդիմախոսներ եւս, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Անշուշտ եղել են, օրինակ, երաժշտագետ Վասիլի Կորգանովը, Կոմիտասի սան, կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը: Վերջինս կարծիք է հայտնում, թե ազատ ստեղծագործության նոր հորիզոններ չթեւակոխած երաժշտի համար դժվար է վերացնել հնի ու նորի սահմանները: Ի դեպ,  հենց Մելիքյանը «Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը» գրքույկում առաջին անգամ փորձ է արել մասնագիտական քննության ենթարկել Կոմիտասի գրառած ու մշակած մի քանի երգ: Ընդ որում, աշխատության մեջ վերլուծությունները մեծամասամբ նկարագրական բնույթի են, դիտողություններն ու կարծիքները իրարամերժ, եզրահանգումները՝ ոչ հիմնավոր: Պետք է նշել, որ իր խոցելի կողմերով հանդերձ, այդ աշխատությունը Կոմիտասի գործի գիտական արժեքավորման առաջին լուրջ փորձերից է»:

Ճապոնիայում 2015թ. հիմնվել է Կոմիտասասերների միություն: Չե՞ք գտնում, որ մեր իրականությունում սնկի պես աճած հասարակական կազմակերպությունների ու միությունների ճոխ ցանկը անհրաժեշտ է համալրել կոմիտասասերներով, կոմիտասագետի պատասխանը հակիրճ էր. «Մեր իրականությունում կոմիտասասեր են բոլորը՝ անկախ մասնագիտությունից: Կոմիտասը մեր հոգեկերտվածքն է»:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30