Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժկենտրոնի գործադիր տնօրենը դատի էր տվել Արարատի մարզպետին

Սեպտեմբեր 26,2019 14:30
vchir

Հայցվորի աշխատանքային պայմանագրի ուսումնասիրությունից հետեւում է, որ աշխատանքային պայմանագիրը կնքվել է «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի եւ հայցվորի միջեւ, հետեւաբար, մարզպետը չէ, որ պետք է հանդես գար գործատուի կարգավիճակում, այլ պետք է հանդես գար աշխատանքային պայմանագրով գործատու հանդիսացող ընկերությունը:

Նունե Ավանեսյանի հայցն ընդդեմ Արարատի մարզպետի, երրորդ անձ Հայկ Հովհաննիսյանի` աշխատանքից ազատելու մասին ՀՀ Արարատի մարզպետի 07.08.2018թ. թիվ 208 կարգադրությունն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, որպես հետեւանք «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հայկ Հովհաննիսյանին նշանակելու մասին 08.08.2018թ. կարգադրությունը եւ դրա հիման վրա կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Նունե Ավանեսյանին վճարել պարտավորեցնելու պահանջների մասին, մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր:

Սեպտեմբերի 19-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը Նունե Ավանեսյանի վերաքննիչ բողոքը նույնպես մերժեց եւ ըստ էության ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 15-ի վճիռը թողեց անփոփոխ:

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ 2017թ. մայիսի 27-ին ընդունվել է աշխատանքի «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2017թ. օգոստոսի 11-ին հայցվորի եւ պատասխանողի միջեւ կնքվել է 5 տարի գործողության ժամկետով աշխատանքային պայմանագիր, որով աշխատանքի է ընդունվել որպես բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն:

Մեկ տարի անց՝ օգոստոսի 7-ին, Ն. Ավանեսյանը ստացել է Արարատի մարզպետի թիվ 208 կարգադրությունը՝ իրեն «Մասիս բժշկական կենտրոնի» գործադիր տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

Ըստ տնօրենի, ինքն աշխատանքից ազատվել է առանց օրենքով նախատեսված հիմքերի եւ այդ կարգադրությունն անհիմն է:

Հիմնավորումներից մեկն այն էր, որ աշխատանքից ազատվել է ժողովի արդյունքում: Այդ կապակցությամբ հայցվորն ասել էր. «Իրեն աշխատանքից ազատելու մասին. 2018թ. թիվ 208 կարգադրությունը չէր կարող համարվել ժողովի որոշում, սակայն անգամ համարվելու դեպքում պատասխանողի կողմից սխալ է կիրառվել «Բաժնետիրական ընկերության մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը, որը վերաբերում է բաժնետիրական ընկերությունում ձայնի իրավունք տվող մեկ անձի կողմից գրավոր որոշում ընդունելուն, եւ վկայակոչել է նույն օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն` ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը»:

Հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրի 2.2 կետով սահմանվել էր, որ լիազոր մարմինն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես` 10 օր առաջ տեղեկացնելով տնօրենին:

Պայմանագրի նշված պահանջն ինքնանպատակ չէ, հայցվորի ներկայացուցչի գնահատմամբ, դրանով սահմանված է լրացուցիչ ընթացակարգային երաշխիքներ նման իրավահարաբերություններում հայտնված հայցվորի իրավունքների պաշտպանության համար, որպեսզի այդ ժամանակահատվածում հայցվորը կարողանար հասկանալ իրեն աշխատանքից ազատելու պատճառները, ներկայացնել այդ պատճառների հետ կապված իր կատարված աշխատանքի արդյունքը, հիմնավորումները, ինչպես նաեւ այլ աշխատանք փնտրելու հնարավորությունը: Եվ միայն այդ հանգամանքը բավարար էր հայցվորին աշխատանքից ազատելու մասին կարգադրությունն անվավեր ճանաչելու համար:

Ի դեպ, առկա է ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թ. հոկտեմբերի 28-ի  թիվ ՍԴՈ-1316 որոշում-իրավական դիրքորոշումը, որով ոլորտի աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորելիս անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ ընթացակարգային երաշխիքներ` նման իրավահարաբերություններում անսպասելի հայտնված անձանց իրավունքների պաշտպանության համար:

Մեկ այլ զուգահեռ ընթացակարգային երաշխիք էլ կար. հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրի 5-րդ կետը, որով սահմանվել է պայմանագիրը լուծելու հիմքերը: Ինչպես խզել, դադարեցնել պայմանագիրը. եթե առկա է տնօրենի գործողությունների (անգործության) կամ իր պարտականությունների անփույթ, անբարեխիղճ իրականացման փաստ: Ըստ ազատման հրամանի, նման հիմքեր առկա չեն եղել: Հետեւաբար, ստացվում է, որ հայցվորն աշխատանքից ազատվել է առանց հիմնավոր պատճառի. «Այն կապված չի եղել նրա ընդունակությունների կամ վարքի հետ, հիմնված չի եղել բժշկական կենտրոնի գործնական պահանջների վրա: Կարգադրությունը չունի նշվածներից որեւէ մեկի վերաբերյալ որեւէ պատճառաբանություն, ինչի պայմաններում կարգադրությունում բացակայում է պայմանագիրը լուծելու փաստական կամ իրավական հիմքը: Ավելին` պատասխանողի կողմից խախտվել է պայմանագիրը լուծելու պայմանագրով սահմանված կարգը»:

Այն է՝ վիճարկվող անհատական իրավական ակտը չունի հիմնավորում, դրա հիմքում վկայակոչված չեն փաստեր, որպեսզի այն հավաստող ապացույցներ կարողանար ներկայացնել պատասխանողը:

Դատարանները հղում են կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի՝ եթե Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր կամ անվանատեր է հանդիսանում միայն մեկ անձ, ապա ժողովի որոշումները կարող են ընդունվել այդ անձի գրավոր որոշմամբ: Բաժնետեր իրավաբանական անձի որոշումը պետք է ընդունվի վերջինիս կանոնադրությամբ նման լիազորություններ ունեցող մարմնի կողմից:

Իսկ ՀՀ նույն օրենքի  88-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել միանձնյա գործադիր մարմնի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամների, կառավարիչ-կազմակերպության կամ կառավարչի հետ կնքված պայմանագրերը, եթե կանոնադրությամբ այդ հարցի լուծումը վերապահված չէ խորհրդի իրավասությանը:

Կանոնադրության 1.1 կետի 3-րդ պարբերության համաձայն` ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը:

Դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսված՝ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ ցանկացած ժամանակ պայմանագիրը լուծելու հնարավորության առկայությունը բխում է տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության սկզբունքից, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջից:

Տվյալ դեպքում ՀՀ Արարատի մարզպետը հանդիսացել է ժողովի գործառույթներ իրականացնող անձ, իսկ հայցվորը` միանձնյա գործադիր մարմին, միաժամանակ նկատի ունենալով, որ ՓԲԸ-ն համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առեւտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ` դատարանը եզրահանգել է՝  ՀՀ Արարատի մարզպետն այդ պարագայում օժտված է եղել ընկերության տնտեսական գործունեության ազատությամբ ու ազատ տնտեսական մրցակցության ապահովմամբ եւ կաշկանդված չի եղել ցանկացած ժամանակ լուծել հայցվորի հետ կնքված պայմանագիրը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30