Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատահականություններ չեն լինում. տարիներ առաջ նույն օրը «Պրիվետ Ռոբի» համար սպանվել է Պողոս Պողոսյանը»

Սեպտեմբեր 26,2019 15:00

«Իմ քայլի» պատգամավորները՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածների մասին:

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները մինչ կպարզվեն, մի շարք վարկածներ են քննարկվում, թե ինչու պետք է ինքնասպան լիներ Մարտի 1-ի գործով կարեւոր վկաներից մեկը, կամ ինքնասպանությո՞ւն է արդյոք դա, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգի հետքերով գնալով՝ Հայկ Հարությունյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով դին հայտնաբերվել էր Բջնիի առանձնատներից մեկում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննարկվող վարկածներից մեկի համաձայն, Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով  նախաքննական մարմիններին տված ցուցմունքը հօգուտ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի էր, ուզեցել են նրան այսպես լռեցնել: Երեկ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակառակ վարկածն ասաց՝ «Իշխանության ճնշո՞ւմ… մենք այսքան ժամանակ չենք դրսեւորել մեզ՝ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանի, մարդ ծեծի կամ մարդուն այդ օրի հասցնի: Առավել եւս՝ իրավապահ մարմինների պարագայում: Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք չտա Մարտի 1-ի համար: Չի կարելի հիմա գնալ այդ ճանապարհով»:

«Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց. «Շուտով, երբ Մարտի 1-ի գործով դատաքննությունը կսկսվի, մենք կիմանանք ցուցմունքների ամբողջ բովանդակությունը եւ կկարողանանք գնահատականներ տալ, բայց այն հանգամանքը, որ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով այն առանցքային վկան էր, որի ցուցմունքն էական նշանակություն կարող էր ունենալ, ես սա խիստ կարեւորում եմ եւ կարծում եմ, որ այս հանգամանքից ելնելով՝ մենք խնդիր ունենք վկաների պաշտպանության եւ այդ ինստիտուտի ներդրման կամ ուժեղացման ամբողջական համակարգի: Պատահականություններ բնավ էլ չեն լինում եւ, ցավոք սրտի, Մարտի 1-ի եւ Ռոբերտ Քոչարյանի համար սա որդեգրված ձեռագիր է: Պարզապես մեկ մեջբերում՝ ընդամենը տարիներ առաջ նույն սեպտեմբերի 24-ին «Պրիվետ Ռոբի» համար սպանվեց Պողոս Պողոսյանը»:

Հարցին՝ Հայկ Հարությունյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքներում ասվում է, որ տեղեկություն են ստացել, որ ցուցարարները զինված են եղել, ինքը հանձնարարություն է տվել տեղազննություն իրականացնելու, ըստ էության, նա ասում է այն, ինչ Քոչարյանն է ասում ու նրա պաշտպաններն են ասում, հետեւաբար, ինչո՞ւ պիտի նա խանգարեր՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում այստեղ կարծիք հայտնել, որը դատաքննության վրա որեւէ նշանակություն կարող է ունենալ, բայց ասեմ, որ ցուցմունքների հրապարակման կոնտեքստից կտրված այդ ձեր ներկայացրած փաստը ամբողջական պատկերը չի ներկայացնում եւ այնտեղ շատ նուրբ երանգներ կան: Եվ անմիջականորեն Հայկ Հարությունյանի ներկայությունը դատարանում կարող էր այլ լույս սփռել»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, կարող է պարզվի, որ ինքն իրականում ա՞յլ բան է հայտնել, կամ ցուցմունքն ա՞յլ հանգամանքներում է տվել՝ պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ ուզենա այս պահին մեկնաբանել, դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ինքնասպանության կամ ինքնասպանության դրդման պատճառները քննի, բայց այն հանգամանքը, որ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից էր, դա միանշանակ է»:

Մամուլում հրապարակում եղավ, որ Հայկ Հարությունյանին ճնշել են, ստիպել են ցուցմունք գրի: Հարցին՝ դուք այս վարկածը հավանական համարո՞ւմ եք՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Անհեթեթություն եմ համարում, որովհետեւ ցանկացած նմանատիպ փորձի դեպքում կլինեին ահազանգեր, կդիմեին իրավապահ մարմիններին: Ամեն դեպքում ես գոնե նոր իշխանությունների ձեռագրում երբեւէ այդպիսի մոտեցումներ չեմ տեսել:Իսկ այդ ձեռագիրը եւ մոտեցումները բնորոշ է եղել Ռոբերտ Քոչարյանին»:

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ շատ զգայուն հարց է ու դժվարանում է ենթադրություն անել՝ Մարտի 1-ի գործի հետ կապ ունի՞ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը, թե՞ ոչ: Ըստ նրա, Մարտի 1-ի վկաների անվտանգության ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկել. «Դա անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ Մարտի 1-ի դատավարությունը ՀՀ-ում արդարություն հաստատելու անկյունաքարային դատավարությունն է ու այդ գործի նկատմամբ իրավապահ մարմինները պետք է մաքսիմալ զգուշավոր լինեն, այդ թվում Մարտի 1-ի գործի վկաների անհրաժեշտ պաշտպանություն ապահովելու ուղղությամբ պետք է իրավապահ մարմինները լինեն շատ ավելի ուշադիր եւ հետեւողական: Իսկապես, շատ կարեւոր գործ է դա, գիտենք, որ կոնկրետ շրջանակների համար սա կյանքի եւ մահվան հարց է, եւ պարզ է, որ նրանք միջոցներ, մեթոդներ չեն խնայելու՝ իրենց կաշին փրկելու համար: Հետեւաբար, իրավապահ մարմիննները պետք  է մաքսիմալ զգոնություն ցուցաբերեն»:

Այն լուրերը, թե Հայկ Հարությունյանն ինքնասպանությունից առաջ ասել է, որ իրեն ստիպել են ցուցմունք տալ՝ Արուսյակ Ջուլհակյանը հավանական չի համարում. «Այդ լուրերը մամուլում շատ տարօրինակ էին ինձ համար, Քննչական կոմիտեն այդ մասով հայտարարություն է տարածել, որքան հասկացա, նաեւ ԶԼՄ ներկյացուցիչներին հրավիրել են՝ տեղեկություններ ներկայացնելու այդ մասին: Սպասենք, տեսնենք: Համենայնդեպս, իհարկե, բացառում եմ, այս իշխանությունների գործելաոճի մեջ դա չի կարող մտնել, առավել եւս, որ դա հանգեցներ այնպիսի մարդու ինքնասպանության, ինչպիսին Հայկ Հարությունյանն էր: Իհարկե, նման բան չի կարող լինել»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Որ ասում եք՝ մամուլը, տվյալ դեպքում մամուլը չի, Ռոբերտ Քոչարյանն էր ու այդ մամուլը նաեւ ասում էր, որ հանդիսատեսի ներկայությամբ է եղել ինքնասպանությունը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ գրողները գիտեն ոնց է իրեն սպանել: Երբ որ մարդու մահը սկսում են շահարկել, տպավորություն է, որ այդ գրողները կոնկրետ խնդիր են այդտեղ լուծում, տվյալ դեպքում՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը եւ իրեն սպասարկող շրջանակները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30