Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

10 տարի Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել

Սեպտեմբեր 26,2019 12:00

Սկիզբը՝  այստեղ:

Երկու տարի առաջ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Երեւանում շեշտեց՝ «ցանկանում ենք զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ»

Երկու տարի առաջ հայ-իսրայելական հարաբերություններում կարեւոր ու խիստ ուշագրավ իրադարձություններ արձանագրվեցին:

Ավելի քան 3 տարի՝ 2003-2006 թթ. Իսրայելի կառավարությունում, Արիել Շարոնի վարչապետության օրոք, իսրայելական հատուկ ծառայությունների՝ Մոսադի ու Շին Բեթի գործունեության եւ ԱՄՆ-Իսրայել ռազմավարական երկխոսության համար պատասխանատու նախարար, 2006-2010 թթ. Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ցախի Հանեգբին ժամանեց Հայաստան՝ որպես Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար: Իր երկրի կառավարությունում մի քանի տարի հետախուզության եւ անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը զբաղեցրած պաշտոնյան Երեւանում արձանագրեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել:

Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, 2017թ. հուլիսին Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշեց Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը՝ նշելով, որ դա իր այցելության հիմնական ուղերձն է։ Այս հանդիպմանը կողմերը քննարկել էին երկկողմ օրակարգի տարբեր հարցեր, քննարկել հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ։

Բանակցությունների օրակարգում էին առեւտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված քայլերը, երկուստեք կարեւորվել է զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նալբանդյան-Հանեգբի հանդիպումից հետո տեղի էր ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման համաձայնագիրն ու եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիան։

Հանեգբին, որը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով էր Հայաստանում, «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, նշել էր. «Հստակ է, որ իմ այս այցը նշան է, որ երկու երկրները շահագրգիռ են ու տեսլական ունեն՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Մեր բարեկամությունը տարիների պատմություն ունի, երկու երկրների միջեւ արդեն 25 տարի դիվանագիտական հարաբերություններ են հաստատված: Այժմ արդեն մենք ավելի շատ գործնական ուղղությամբ ենք մտածում՝ համատեղ աշխատելու եւ մի շարք ոլորտներում մեր բարեկամությունը դարձնելու փոխադարձ շահավետ: Կարծում եմ՝ մոտ 10 տարի է՝ Իսրայելի նախարարներից ոչ մեկը Հայաստան չէր այցելել, ուստի սա նոր ճեղքում է, եւ ես ուրախ եմ, որ այս ամենի մաս եմ կազմում»:

Նա նշել էր, որ իր այցի նպատակը Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների ամրապնդումն է: Հարցին՝ արդյո՞ք քննարկվել են հայ-իսրայելական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր՝ Ցախի Հանեգբին նկատել էր. «Ես Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն եմ: Ուստի՝ իմ գործունեության հիմնական ուղղությունը չի առնչվում ռազմական ու անվտանգության ոլորտներին, ինչպես եղել է նախկինում: Հայաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ նշեմ, որ այն վերաբերում է զբոսաշրջությանը, առեւտրին: Մենք ցանկանում ենք ընդլայնել առեւտուրը, համագործակցությունը ներառում է նաեւ գյուղատնտեսությունը, ջրային հարցերը, ինչպես նաեւ տրանսպորտն ու հաղորդակցությունը: Սրանք այն ոլորտներն են, որոնցում ես ներգրավված եմ»:

Իսրայելցի պաշտոնյան խուսափել էր խոսել նաեւ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ շարունակաբար ընդգծելով, որ իր հայաստանյան այցը կենտրոնացած է դրական կողմերի վրա՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջեւ:

Նույն տարվա նոյեմբերին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ եւ արտգործնախարարի հրավերով պաշտոնական այց կատարեց Իսրայել։ 2017թ. նոյեմբերի 7-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, ԱԳ նախարար Բենիամին Նեթանյահուին: Հանդիպումը մեկնարկել էր ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով: Իսրայելի վարչապետը կարեւորել էր Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել եւ նշել, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ:

Նալբանդյանը գոհունակությամբ էր նշել, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում եւ համոզմունք հայտնել, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։ Նշյալ հանդիպմանը քննարկվել էին հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերը, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Կողմերը մտքեր էին փոխանակել երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Նալբանդյանը հանդիպել էր Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի, փոխնախագահ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ։ Իսրայելի խորհրդարանի խոսնակը Նալբանդյանի հետ հանդիպմանը ընդգծել էր, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Նալբանդյանը եւ Էդելշտեյնը անդրադարձել էին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Թալի Պլոսկովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր նաեւ Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Նրանք ընդգծել էին միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարեւորությունը՝ այս համատեքստում արժեւորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել էին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող հարցերի:

Ժամանակին դատապարտելով Հայոց ցեղասպանությունը՝ հնարավոր կլիներ փրկել հրեաներին, Իսրայելում դա գնալով ավելի լավ են հասկանում, Իսրայելի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում է Իսրայելի հասարակական կարծիքն արտահայտող այն մարդկանց թիվը, ովքեր կողմ են դրան»:

Հայ-իսրայելական հարաբերություններում տեղաշարժ ապահովելու հարցում, ինչպես նկատում ենք, կատարվել է հետեւողական աշխատանք: Վերջին մի քանի տարիներին արձանագրված աշխուժությունն ու ակտիվությունը տվեցին իրենց առաջին պտուղները:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30