«Հոդված 3» մամուլի ակումբում այսօրվա քննարկման ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, խոսելով ատելության խոսքի դեմ կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունից, հիշեցրեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի դեմ հանրային գործողությունները: Արձագանքեց քննարկմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: «Որեւէ օրենսդրական կարգավորում չի դարմանի հայաստանյան ատելության խոսքը եւ ժողովրդավարությունից նահանջը: Գաղափարապես դեմ եմ ազատ խոսքի սահմանափակման օրենսդրական հավելյալ կարգավորումներին»,-համոզմունք հայտնեց նա:
Լարիսա Մինասյանը օրինակ մեջբերեց. «Մեր հիմնադիր նախագահը, լինելով հրեա, մանուկ հասակում փրկվել է համակենտրոնացման ճամբարից՝ կորցնելով հարազատներին: ԱՄՆ-ում նա աշխատություն է գրել ֆաշիստական խմբավորման մասին՝ պաշտպանելով նրա ազատ խոսքը: Ես արժեքի մասին եմ խոսում: Մեր հիմնադրամն արժեքների պաշտպանություն, տարածում եւ կրթում է իրականացրել՝ ներառելով ամենախոցելի խմբերին: Այդ պաշտպանությունը շատ դժվար էր, որովհետեւ նախորդ ռեժիմը մեզ պահում էր՝ ցույց տալու համար, թե որքան ժողովրդավար է ինքը: Հեղափոխությունից հետո մենք ունենք իրավիճակ, երբ այն փոքր զանգվածը, որը մշտապես խոսում էր այն ռեժիմի դիմաց, բացահայտում նրա «ֆալշը», թիրախավորում, հիմա լռում է»:
Լարիսա Մինասյանի բնորոշմամբ. «Որեւէ օրենսդրությամբ չեք կարող պայքարել մի բանի դեմ, որին արդեն հասել եք՝ լռեցնել այդ զանգվածին: Խոսելուց էլ այդ զանգվածը նահանջում է: Դա ամենամեծ վտանգն է, որը օրենսդրությամբ չի չեզոքացվի: «Բաց հասարակության հիմնադրամները» խնդիր չունի, մեր անձնական վիճակը դա մեր անձնական վիճակն է, բայց քսան տարի աշխատելով եւ փորձելով կրթել ու պաշտպանել, բացահայտել արժեքներ, մենք հիմա այդ ամենն անելու բարդություններ ունենք: Պատճառը՝ արժեքների չկայացումն է: Եթե արդարությունը, ազատ խոսքը, արժանապատվությունը եւ իրավունքը չեն պաշտպանվում, ապա մենք նահանջում ենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ