«Երկրի հարստությունը բոլորովին պարտադիր չէ հիմնված լինի սեփական բնական ռեսուրսների վրա, այն հնարավոր է նույնիսկ դրանց լրիվ բացակայության դեպքում: Ամենագլխավոր ռեսուրսը հանդիսանում է մարդը: Պետությանը մնում է ստեղծել պայմաններ մարդկանց տաղանդի զարգացման համար»: Մարգարետ Թետչեր, Բրիտանիայի վարչապետ
«…հողը, որ ստացանք, քարեր էին ու անապատ, որի վրա չկար ոչ մի բնական պաշար` ոչ ջուր, ոչ ոսկի, ոչ էլ նավթ: Մենք մտածեցինք` բնության մեծագույն հարստությունը մարդն է: Իսրայելի յուրաքանչյուր ֆերմեր սկսեց ուսումնասիրել, թե ինչպես կարելի է զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի, առանց հողի: Մենք չունեինք սպառազինություն: Չունեինք գեներալներ, ռազմական փորձ: Մենք պետք է խիզախ ու արի դառնայինք ու պիտի հասկանայինք, որ այլընտրանք չունենք` պիտի հաղթեինք: Եթե գեթ մի անգամ պարտվեինք, ապա` վե՛րջ… Սկսեցինք զենք արտադրել ու բանակը կատարելագործելու համար ստիպված էինք զարգացնել ՏՏ-ն: Բոլոր մարդիկ մեծ ներուժ ունեն, սակայն նրանք բոլորն էլ մի քիչ ծույլ են: Եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է աշխատել: Ես արդեն 90 տարեկան եմ ու երբեք արձակուրդ չեմ գնացել: Իսկ աշխատանքն ինձ երջանկացնում է: Եվ` հոռետես մի եղեք, քանի որ դա էլ է իզուր կորուստ: Պետք է գիտությանը հետևել: Գիտությունը սահման ու սահմանափակումներ չունի… Երազեք մեծ բաների մասին, որքան այն մեծ է` այնքան ավելիին կհասնեք: Սրանք դասեր են, որ անցյալից եմ քաղել»:
Ակամա հիշեցի Իսրայելի նախկին նախագահ Շեմոն Պերեսի, իրենց երկրի անցած ճանապարհի մասին 2013թ. գրած խոսքերը, երբ գրում էի այս հոդվածը: Կարծում եմ, այս իմաստուն մարդու խորհուրդները և հրեաների անցած ճանապարհը մեզ համար նույնպես կարող են օգտակար ուղեցույց դառնալ ու օրինակ ծառայել: Իսրայելը ՄԱԿ-ի կողմից որպես պետություն ճանաչվեց 1947թ. և այս կարճ ժամանակաընթացքում գրեթե զրոյից ընդամենը 20 հազար ք/կմ տարածքի վրա, որի 70 տոկոսն անապատ է ու քարեր, հզոր պետություն է ստեղծել և այսօր ունի 350 միլիարդից ավելի ՀՆԱ ու 93 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե, որոնք շուրջ 30 անգամ գերազանցում են ՀՀ համանման ցուցանիշներին: 1947թ. 450 հազարից Իսրայելի բնակչության թիվը ներկայումս հասցվել է շուրջ 8.5 միլիոնի, որոնց կերակրում են սեփական արտադրության գյուղմթերքներով և դեռ մի մասն էլ արտահանում են աշխարհի տարբեր երկրներ: Երկրի ՀՆԱ-ում գյուղատնտեսական մթերքների արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար՝ 5 անգամ ավելի Հայաստանի համանման ցուցանիշից:
Իսրայելն աշխարհում առաջատարներից է գիտության, առողջապահության, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Եվ նրանց հետ այսօր աշխարհի հզորներն են հաշվի նստում: Ի դեպ, հրեաներն էլ մեզ նման ճակատագիր ունեն՝ ցեղասպանված են և շրջապատված են ոչ բարեկամ երկրներով:Իսկ մենք նրանց ոչնչով չենք զիջում մեր տաղանդով: Իսկ Հոլանդիան, որի տարածքը ընդամենը 41 հազ. ք/կմ է, այսինքն՝ մոտավորապես հավասար Հայաստանի ու Արցախի տարածքները միասին վերցրած, կերակրում է շուրջ 17 միլիոն բնակչություն, արտահանում է 85 միլիարդ եվրոյի գյուղմթերքներ և գյուղմթերքների արտահանման ծավալներով շուրջ 50 տարի աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղն ԱՄՆ-ից հետո: Միայն ագրարային ոլորտի ինտելեկտուալ նվաճումների արտահանումից հասույթը կազմում է 9 միլիարդ եվրո, համարյա այնքան, ինչքան Հայաստանի ՀՆԱ-ն է: Ի դեպ Հոլանդիայի ՀՆԱ-ն կազմում է 826 միլիարդ դոլար, միասին վերցրած Հայաստանի և Արցախի շուրջ ընդամենը 15 միլիարդ ՀՆԱ-ի դիմաց: Մինչդեռ Հայաստանն ունի աշխարհում ամենալավագույն պայմաններից մեկը գյուղատնտեսության զարգացման համար՝ բերրի հող,մաքուր ջրի հարուստ պաշարներ և երկարատև ու անսահման արև:
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանում արտադրված գյուղմթերքներն աչքի են ընկնում համայն յուրահատուկ որակներով: Էլ չեմ ասում, որ մենք գիտության բնագավառում ու տնտեսության այլ շատ ոլորտներում նույնպես ունենք չօգտագործված բավականին ռեզերվներ ու մտավոր մեծ ներուժ: Ի դեպ մենք շատ վատ ենք օգտագործում մեր աստվածատուր շնորհը՝ տաղանդը: Սին են և ամենևին էլ արդարացված չեն այն պնդումները, թե հանքի բացումը երկրի համար կլուծի սոցիալական ու տնտեսական հույժ կարևոր խնդիրներ և առանց Ամուլսարի չենք կարող ձևավորել բյուջեի անհրաժեշտ մուտքեր: Մենք այս կերպ նմանվում ենք ծույլ ու անճար մի մարդու, ով իր ընտանիքի գոյությունը մի կերպ ապահովելու համար տան իրերն է վաճառում: Այսօր Ջերմուկում արագ տեմպերով զարգանում է առողջարանային և զբոսաշրջային բիզնեսը, արդեն նկատվում է հանգստացողների, այդ թվում նաև օտարերկրացիների թվի կտրուկ աճ և ապագայում այդ թիվը ևս կավելանա: Ջերմուկը մեր երկրի չքնաղ վայրերից է: Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Պետք էր լսել, թե Ջերմուկում հանգստացող օտարերկրացիները ինչ հիացմունքով էին խոսում տեղի բնաշխարհի մասին և պատահական չէ, որ անգլիացի նշանավոր գրող Ջորջ Բայրոնն ասել է . «Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է…»: Մենք անհանգստանալու ոչինչ չունենք, մենք ունենք չքնաղ երկիր, հարուստ բնական պաշարներ, իսկ հայ ժողովուրդը տաղանդավոր, ձեռներեց ու աշխատասեր ժողովուրդ է և աշխարհի որ անկյունում էլ լինի, աչքի է ընկնում իր գործարար ակտիվությամբ: Պատահական չէ, որ իռլանդական ազնվական տոհմից սերող անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը (1862 – 1913) այն կարծիքն է հայտնել, որ. «Բոլոր մասնագիտությունների, առևտրի, արհեստների մեջ և պետական ծառայությունում հայերը մրցակիցներ չունեն, և գործունեության ծանրակշիռ դաշտն ամբողջովին գտնվում է նրանց ձեռքում», իսկ գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտը 18-րդ դարում գրել է. «…Հայերի մոտ իշխում է ինչ-որ հատուկ տեսակի առևտրային ոգի, այն է` նրանք զբաղվում են փոխանակությամբ` ոտքով ճամփորդելով Չինաստանի սահմաններից մինչև Կորսոյի հրվանդանը Գվինեայի ափին. դա ցույց է տալիս այն բանիմաց և աշխատասեր ժողովրդի հատուկ ծագման մասին, որը հյուսիս-արևելքից մինչև հարավ-արևմուտք ուղղությամբ անցնում է գրեթե ողջ Հին աշխարհը և կարողանում գրկաբաց ընդունելություն գտնել այն բոլոր ժողովուրդների կողմից, որոնց մոտ լինում են. դա ապացուցում է նրանց բնավորության /որի նախնական ձևավորումը մենք արդեն ի վիճակի չենք հետազոտել/ գերազանցությունը …»:
Բոլորովին վերջերս Ջերմուկում հանգստանալու ժամանակ շփվելով տարիքային ու սոցիալական տարբեր խմբերի մարդկանց հետ, ջերմուկցիների նկատմամբ ես ունեցա երկակի զգացում՝ հպարտության և կարեկցանքի: Երբ տեսնում ես այդ մարդկանց վճռականությունը և հայրենի հողին ու ջրին անսահման սերն ու նվիրվածությունը, հոգիդ փառավորվում է և համակվում է հպարտությամբ ու մեր ապագայի նկատմամբ լավատեսությամբ: Բայց միաժամանակ ճնշվում ես, երբ տեսնում ես ջերմուկցիներին՝ քո ազգի մի հատվածի մարդկանց հուսահատ, թևաթափ ու մտահոգ վիճակում: Առանց չափազանցության տպավորություն է ստեղծվում, թե նրանց համար աշխարհի վերջը եկել է, և որ հանքը շահագործելու դեպքում իրենց սիրելի ծննդավայրը կապականվի, իսկ այնտեղ ապրելն այլևս անիմաստ կդառնա: Նրանք մտավախություն ունեն, որ այդ պայքարում կարող են միայնակ մնալ, չունենալ համազգային աջակցություն:
Համոզված եմ, որ հայ ժողովուրդը երբևէ նրանց մենակ չի թողնի:Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ամուլսարը ոչ միայն բնապահպանական, տնտեսական ու սոցիալական հարց է, այլ առաջին հերթին՝ անվտանգության և պատվի ու ազգային արժանապատվության:Իրականությունը նա է, որ մենք թույլ ենք տալիս աղտոտել ու թունավորել մեր ու մեր սերունդների երկիրը, մեր ազգային հարստությունը հանձնում ենք օտարին և ընդամենը բավարարվում այդ միլիարդներից մեզ նետած փշրանքներով: Նույնիսկ անգամ ամենամեծ փողերի համար չի կարելի թուjլ տալ, որ քո երկիրն ապականեն: Դա վիրավորական է մեզ համար, դա պատիվ չի բերում տաղանդավոր ու հպարտ հայ ժողովրդին, հումք վաճառում են հետամնաց երկրները: «… Այդ մարդիկ ստրկացված, բայց հոգևոր անձինք են վեհանձն ազգի, որը ենթարկվել է աքսորի ու ճնշման …Այդ ազգը հարստություններ է ձեռք բերել` չդիմելով վաշխառության, և բոլոր պատիվները, որոնք կարող են շնորհվել նրան, ով գտնվում է ստրկության մեջ, առանց ինտրիգների»,-այսպես է գրում է Ջորջ Բայրոնը հայերի մասին: Ամուլսարը ամոթալի գործարք է և դավադրություն սեփական երկրի ու ազգի նկատմամբ:
Արդարացի չի լինի ներկայիս կառավարությանը մեղադրել այս գործարքի մեջ, սակայն նրանք ոչ թե պետք է բռնեն ժողովրդին համոզելու ճանապարհը, այլ ամեն ինչ անեն բացահայտելու պայմանագրի իրավական խոցելի կողմերը տրված լիցենզիան չեղարկելու համար: Իզուր է Նիկոլ Փաշինյանը դժգոհում բնապահպաններից ու ջերմուկցիներից Ամուլսարի ճանապարհը փակելու համար: Երբ Նիկիտա Խրուշչովին ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելուց հետո հարցնում են, թե որն է եղել Ձեր ամենակարևոր ձեռքբերումը երկրի առաջին դեմքի պաշտոնում, նա պատասխանել է. «Այն, որ ինձ կարողացան առանց դժվարության ազատել պաշտոնից»: Իսկ Նիկոլի բազմաթիվ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ Ամուլսարում ժողովուրդը հաղթելու է: Մենք այլևս նահանջելու տեղ չունենք, այսպես շարունակելու դեպքում մեզ սպառնում է բնապահպանական աղետ: Մենք պետք է սթափվենք, շատ հիվանդությունների գծով աշխարհում արդեն առաջատարների շարքում ենք: Պետք է կամաց-կամաց փորձենք հրաժարվել հանքարդյունաբերության առավել վնասակար ճյուղերից և այդ տեսակետից խրախուսելի է Գագիկ Ծառուկյանի՝ իրեն պատկանող մետաղական հանքի շահագործումը դադարացնելու նախաձեռնությունը, ինչը վարակիչ օրինակ պետք է ծառայի մնացածի համար:
Ապրիլյան համազգային զարթոնքը, իսկ այնուհետև Ամուլսարի շուրջ զարգացող իրադարձությունները և երկրում տեղի ունեցող հանրային ակտիվության ու ժողովրդավարության այլ գործընթացներն ու դրսևորումները լավատեսության հույս են ներշնչում և ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն ինքնակազմակերպվում է, որ Հայաստանում արժեհամակարգ է փոխվում, որ մենք ամաչում ենք մեր անցյալի համար և կամովին ուզում ենք փոխվել:Մենք այլևս ցանկանում ենք հպարտ ու արժանապատիվ ապրել ու աշխարհին ներկայանալ որպես օրինապաշտ, կազմակերպված ու քաղաքակիրթ ազգ, ուզում ենք վերադառնալ մեր ազնվագույն արմատներին և հրաժարվել այն արատներից ու բարդույթներից, որ ձեռք ենք բերել վայրի ցեղերի ասպատակությունների արդյունքում: Ամենակարևորը՝, որ հայը վերջապես սկսում է հարգել իր իրավունքները, փորձում է սպանել իր միջի ստրուկին և սկսում է հասկանալ, որ իր մեջ պետք է փնտրի իր դժբախտությունների հիմնական պատճառը և պետք է փոխվի: Համոզված եմ, որ այլևս չի կարող լինել վերադարձ հնին, քանի որ համայն հայությունը միասնաբար և համախմբված ցանկանում է փոխվել և նոր որակի հայրենիք կառուցել:Հայ ժողովուրդն արդեն վայելում է ազատ ու արժանապատիվ ապրելու հաճույքը, որից երբևէ չի ցանկանա հրաժարվել:Հայաստանն ավետյաց երկիր է, սուրբ երկիր է, հրաշքների երկիր է, փոքր երկիր է, նրան պետք է ամենայն զգուշությամբ վերաբերվել, նրան պետք է անաղարտ պահել: Հայաստանը մեր ու մեր ապագա սերունդների տունն է, այն համայն հայության տունն է և մենք պետք է այդ տունը մաքուր, հարմարավետ ու անվտանգ դարձնենք: Հայ ազգին տրվել է բացառիկ հնարավորություն կառուցելու նոր Հայաստան:
Մենք կարող ենք դա անել, մենք արժանի ենք ունենալու լավ երկիր և ապրելու մարդավայել ու արժանապատիվ:Պարզապես մենք պետք է դառնանք ավելի կազմակերպված և օրինապաշտ, հարգանքով վերաբերվենք ազգային արժեքներին, ազգային արժանապատվությունը, հայրենիքն ու պետականությունը բոլորիս համար պետք է դառնա գերագույն արժեք: «…Հայը կատարյալ է ու Աստծո սիրելին, հայը երբեք չի ցանկանա Հայաստանի հանքերում աշխատել օտար տերության համար: Նա կազմակերպված ու լուռ բազմանում է և կարող է մի գեղեցիկ օր այնքան հարստանալ, որ թույլ չտալ օտարին տեր ու տնօրեն դառնալ իր երկրի բնական հարստություններին։ Հայը մտավոր ներուժ ունի, որը նպաստավոր պայմաններում կարող է հային մեծ ապագա խոստանալ…».- գրել է Բրիտանացի պատմաբան, հնեաբան, արևելագետ, լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացին:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ