ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում և ոլորտներում առկա ակտիվ երկխոսության և շփումների կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական գործընկերության ամրապնդման և առավել ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծվեց Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած և երկու երկրների միջև կամրջող օղակ հանդիսացող հայ համայնքի դերը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Բասիլին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։
Կրոնական ազատությունների և խտրականության դեմ պայքարի համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու կրոնական ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին և պայքարելու քաղաքական նպատակներով կրոնի և հավատքի շահարկման դեմ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ