Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլիկ Մանուկյան. «Եթե այս իշխանությունը շարունակի նախորդի սրիկա գործելաոճը, ես կմնամ նույն ապստամբը»

Սեպտեմբեր 25,2019 20:40

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ մեղադրյալ, խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ մեղադրյալներից Արմեն Բիլյանը մինչ օրս կալանքի տակ է: Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Նրան կալանքից ազատելու միջնորդությունը քանիցս մերժվել է, զոհված ոստիկանի այրին էլ դեմ է արտահայտվել Բիլյանի ազատմանը:

«Դա պատահական կրակոց է եղել, որի հեղինակը Բիլյանը չէ, նա անգամ այդտեղ չի եղել այդ պահին, դա որեւէ մեկը չի ժխտում»,-նշեց Պավլիկ Մանուկյանը: Ապա ասաց. «Ես ասում եմ ճշմարտությունը, երբեւէ չեմ վախեցել ապստամբելուց, մեռնելուց եւ ճիշտն ասելուց։ Հիմա էլ եմ ասում՝ եթե պետք լինի, եթե այս իշխանությունները շարունակեն նախորդի սրիկա գործելաոճը, ես էլի կմնամ նույն ապստամբը»:

Մեղադրյալ Արմեն Բիլյանն էլ իր հերթին հայտարարեց՝ եթե պետք լինի, եթե ժողովրդին նեղացնեն, ինքն էլի կապստամբի:

Մեղադրյալների ասածներին արձագանքեց մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը. «Դրանք քննվող առարկայի հետ կապ չունեցող հայտարարություններ են: Դրանք որեւէ կապ չունեն քրեական գործի եւ արդեն իսկ կայացած  դատավարական գործողությունների հետ»: Պետրոսյանը գտնում է, որ Բիլյանի փախանման միջոց կալանքը հիմնավոր է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30