Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15 ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովը

Սեպտեմբեր 25,2019 19:55

Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց  «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին։ Դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառին վերաբերող միջազգային խոշոր գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արտերկրի հեղինակավոր  դատափորձագիտական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Միջազգային գիտաժողովի անցկացումը նպատակ ունի համախմբել դատափորձագիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության և արտերկրի գործընկերների գիտական ներուժը, վերհանել և վերլուծել ոլորտում առկա խնդիրները, ներկայացնել ժամանակակից ձեռքբերումներն ու նվաճումները, նախանշել խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացման ապահովման հնարավոր և արդյունավետ ուղիները՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Վերջինիս խոսքով՝ անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի և կազմակերպության կառավարման մարմինների և ամբողջ թիմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն ժամանակակից դատափորձագիտական պետական կազմակերպություն, որը ներկայումս, լինելով նաև Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ, լիարժեք ծառայում է հիմնադրման նպատակներին:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ուղերձներ հղեցին ՀՀ տարբեր  գերատեսչությունների  ղեկավարներ, արտերկրից ժամանած դատափորձագիտական կառույցների տնօրեններ։

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ողջույնի խոսք էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը  շնորհավորելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթել էր երկար տարիների բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ ՀՀ իրավական համակարգի զարգացման և ամրապնդման, մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության երաշխիքների ապահովման։

Միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովը Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և ներկայացուցչական է՝ իր բնույթով, ծավալներով և միջազգային լայն ընդգրկմամբ։

Գլխավոր դատախազի գնահատմամբ՝  մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք. «Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչեւ արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների եւ փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը»,–ասաց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրամ 15-ամյակի առթիվ կազմակերպության կայացման, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի առաջխաղացման գործում զգալի ավանդի և ՀՀ դատախազության մարմինների հետ սերտ համագործակցության ապահովման համար պարգևատրեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին։ Դատախազության, Գիտությունների ազգային ակադեմիայի, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարների անունից պարգևատրվեցին նաև Բյուրոյի մի խումբ փորձագետներ:
Գիտաժողովի ընթացքում  Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի  և մի շարք այլ երկրների փորձագիտական կազմակերպությունների հետ ստորագրվեցին միջազգային համագործակցության մասին հուշագրեր։
Նշենք, որ միջազգային գիտագործնական գիտաժողովը տևելու է երեք օր։

««Փորձաքննությունների ազգային բյուրոն» ներկայումս իրականացնում է փորձաքննություններ 26 տեսակներով, շուրջ 129 փորձագիտական ենթատեսակներով եւ ուղղություններով՝ հանդիսանալով ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում:

Բյուրոյի փորձագիտական ստորաբաժիններում տարեկան իրականացվում են 11000-ից ավելի տարբեր դատական փորձաքննություններ։

Հարկ է նշել, որ կազմակերպությունում զգալի քանակ են կազմում բարդ եւ ծավալուն փորձաքննությունների իրականացումը տարբեր փորձագիտական բնագավառների հատուկ գիտելիքների կամ հետազոտությունների տարբեր մեթոդիկաների միաժամանակյա, հաջորդաբար կիրառմամբ: Կազմակերպությունում գործող փորձագիտական ստորաբաժանումների կողմից վերջին տարիների ընթացքում իրականացված դատական փորձաքննությունների քանակը դինամիկ աճ է գրանցել, ինչը պահանջում է տեխնիկական հնարավորությունների եւ մասնագիտական ներուժի համալրման շարունակականություն։

 

Փորձաքննությունների ազգային բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30