Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։
Վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել միջազգային առաջատար փորձագետների հետ, քննարկել քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր։
Հայաստանի վարչապետը և փորձագետները մտքեր են փոխանակել աշխարհում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի, միջազգային և տարածաշրջանային զարգացումների, աշխարհաքաղաքական հարցերի շուրջ։ Փորձագետները ՀՀ կառավարության ղեկավարին են ներկայացրել տարբեր ուղղություններով իրենց ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ