Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բազմազավակ ընտանիքի կյանքը շրջադարձային փոխվեց. ՀԷՑ-ն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը տնակում ապրող ընտանիքին 4 սենյականոց բնակարան նվիրեցին

Սեպտեմբեր 25,2019 19:00

Աննան, Նարեկը, Էդուարդն ու երկուսուկես տարեկան Արտյոմը Վանաձորի վագոն-տնակներից մեկում ապրող անչափահաս երեխաներ են:

Մեծը Նարեկն է՝ 12 տարեկան, ամենափոքրը՝ Արտյոմը: Բազմազավակ ընտանիքում գուցեեւ երեխաների համար օրն ուրախ է անցնում, բայց այդ ուրախությունը կարճ է տեւում, երբ օրն ավարտվում է մռայլ պատերով, խոնավ տնակում: Երեկ, սակայն, այս ընտանիքի կյանքը շրջադարձային փոփոխություն կրեց: Ընտանիքն անսպասելի իմացավ, որ Վանաձորի Տարոն 4 թաղամասում նոր բնակարան են ստացել: Նոր բնակարանի բանալիները Սիրադեղյանների ընտանիքին  հանձնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:

Բնակարանի մասին լուրն ընտանիքի հայրն ու մայրը՝  Նարինե Դիլանյանը եւ Կառլեն Սիրադեղյանը, մեծ հուզմունքով ընդունեցին՝ չհավատալով, որ այդ իրադարձությունը ոչ թե երազում, այլ՝ իրական կյանքում է տեղի ունենում:

Նարինե Դիլանյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր կյանքի 30 տարիների ընթացքում տնակում է բնակվել, տնակից դպրոց գնացել, տնակից էլ ամուսնացել ու մեկ ուրիշ վագոն-տնակ հարս գնացել: Ամուսինն ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնել, բայց վաստակած գումարով չեն կարողացել բնակարան ձեռք բերել, միայն կենցաղային, երեխաների ապրուստի հարցերն են հոգացել:

Մայրն ասում է՝ ուրախ է, որ գոնե իր երեխաներն այլեւս չեն կրի տնակում ապրողի պիտակը: Նարինե Դիլանյանը դեռ չի հասցրել նոր բնակարանի հետ երազանքներ ունենալ: Առաջնային խնդիրը նրա համար՝ մեկ րոպե առաջ երեխաներին տնակից հանելն է ու լուսավոր, հարմարավետ պայմաններով բնակարան տեղափոխելը, քանի որ խոնավ, մռայլ պատերով ու անմխիթար պայմաններով 27 քմ վագոն-տնակը երեխաների առողջության համար էլ էր սպառնալիք դարձել:

Նոր բնակարանում երեխաներից յուրաքանչյուրն իր մահճակալը կունենա:
Ի տարբերություն տիկնոջ, Կառլեն Սիրադեղյանը նոր ծրագրեր ու երազանքներ ունի. մտադիր է ամեն երեխայի համար այնպիսի ապագա կերտել, որպեսզի տնակ բառը մեկընդմիշտ ջնջվի նրանց հիշողությունից: Ասում է՝ իր եւ տիկնոջ առողջությունը տնակում կորցրեց, չի ուզում, որ երեխաներն էլ նույն ճակատագրին արժանանան: Նրանց խոսքով, չեն պատկերացնում 4 սենյականոց բնակարանն ինչպես են կահավորելու, բայց երեսուն տարիների ընթացքում տեսած դժվարությունների համեմատությամբ, բնակարանի կահավորման խնդիրը, պարզապես հաճելի հոգս է լինելու:

«Անչափ շնորհակալ ենք «Տաշիր» բարեգործական ընկերությունից, որ մեր ընտանիքին այսպիսի ուրախություն պարգեւեց: Երեխաներն էլ ամեն օր սպասում էին, դպրոց գնալիս ասում էին՝ մամ, որ գանք մի լավ բան կիմանա՞նք: Ասում էի՝ բա, իհարկե, կիմանաք:

Զգացողություններն անբացատրելի են: Տնակում չունեինք, կոմունալ հարմարություններ՝ լոգարան, զուգարան, այստեղ բոլոր հարմարությունները կան»,-երեխաների հետ շրջելով սենյակներով՝ ասաց Նարինե Դիլանյանը: Ի դեպ, տան բանալիները բազմազավակ ընտանիքին հանձնվեցին հանդիսավոր պայմաններում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները երեխաներին նվերներ էլ հանձնեցին:

Բնակարանամուտը երեխաներին նույնպես ոգեւորել էր: Նրանք նոր բնակարանում մտովի իրենց անկյունն էին դասավորում: Աննան ասաց, որ պարուհի է դառնալու, Նարեկը՝ ծրագրավորող, Էդուարդն էլ՝ ֆուտբոլով է ապագան շարունակելու:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանի խոսքով, ընտանիքների ընտրությունը կատարվել է բազմազավակ ընտանիքների ընտրության սկզբունքով, երեխաների քանակով. «Ընտրել ենք վատթարագույն պայմաններում ապրող ընտանիքներին»:

Վանաձորում 5-րդ բնակարանն են տրամադրում եւ Սիրադեղյանների բնակարանով ծրագիրն այս տարի ամփոփում են: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ, արդեն 25 բնակարան է տրամադրվել Գյումրիի և Վանաձորի տնակներում ապրող ընտանիքներին: Նատալյա Սարջանյանի խոսքով, սոցիալապես անապահով ընտանիքները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ ընկերության ու հիմնադրամի սոցիալական ծրագրերն ուղղված են այդպիսի խոցելի խմբերի օժանդակությանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30