Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամեն ինչ խոսում է հնության մասին, որում հսկայական բովանդակություն կա. Վլադիմիր Պոզներ

Սեպտեմբեր 25,2019 18:02

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ զրույցում կիսվել է Հայաստանի, հայ մշակույթի, հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի և նոր քաղաքական իրադարձությունների մասին իր մտքերով։

Վլադիմիր Պոզները խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում մի տեսակ առանձնահատուկ կապ է ստեղծվել Հայաստանի հետ։ Սկսած իր տան պատի Մարտիրոս Սարյանի նկարից` մինչև Բաքվի ջարդերից մազապուրծ եղած մի հայ ընտանիք, որը մեկ տարի իր ապաստանը գտել է լրագրողի բնակարանում:

«Մինչ Հայաստան այցելելս, երբ տեսա Սարյանի որոշ կտավներ, մտածեցի. «Իհարկե, նա չափազանցեցրել է գույները, այդպիսի գույներ պարզապես չկան. դա նկարչի երևակայությունն է, ինչում ոչ մի վատ բան չկա»։ Երբ, այցելեցի Հայաստան, ցնցվեցի: Իսկապես, այդ գույները ճիշտ այնպիսին էին, ինչպիսին նա ներկայացրել էր:

Երբ ես տեսա այս նկարը, ասացի. «Վաճառե՛ք, ես ուզում եմ այն ունենալ… Ես շատ եմ  սիրում այս նկարը, շատ սարյանական է», — պատմեց լրագրողը` ցույց տալով պատին կախված Մարտիրոս Սարյանի 1954 թվականի կտավը:

Պոզները պատմեց նաև Հայաստանում քաղաքական իրադարձությունների նկատմամբ իր դրական վերաբերմունքի  և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին։ Այն հարցին, թե արդյոք սպասվում է հարցազրույց նրա հետ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունն այդ հարցում չտեսավ հանդիպման ժամանակ, բայց ոչինչ չի բացառում:

Պատասխանելով Արցախ այցելելու մասին հարցին` Վլադիմիր Պոզները նախ ասաց, որ նման ծրագրեր չկան, քանի որ շատ զբաղված է, այնուհետև հավելեց. «Ես չեմ ուզում լինել խաղաքարտ  քաղաքական դաշտում, բայց եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ ինձ համար իմաստ տեսնեմ գնալ Արցախ որպես լրագրող` միանշանակ կգնամ, բնավ չվախենալով, որ դա ինչ-որ մեկին կարող է դուր չգալ»։

Խոսելով Ռուբեն Իշխանյանի «Օրակուլ» հրատարակության կողմից հրատարակած իր հայերեն «Հրաժեշտ պատրանքներին» գրքի երևանյան շնորհանդեսի մասին` հեռուստահաղորդավարը խոստովանեց, որ հաճելիորեն զարմացած է իր նկատմամբ այդպիսի հետաքրքրությունից և շնորհակալություն հայտնեց իր ընթերցողներին բարության և հետաքրքիր հարցերի համար: «Հիմա, երբ հարց է լինում, ես ասում եմ. «Իսկ Ձեր գիրքը երբևէ թարգմանվե՞լ է հայերեն», – ժպիտով նկատեց Պոզները:

Վլադիմիր Պոզները նաև մեկնաբանել է իր պատասխանը ադրբեջանական ծագմամբ ռեժիսոր Յուլի Գուսմանին` 2014-ին «Պոզներ» հաղորդման եթերում, որ «իր սիրելի Բաքվում կոտորել են հայերին»:

«Հայեր, հրեաներ, վրացիներ, անկախ այն բանից, թե ովքեր են, չինացի, թաիլանդացի… այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում այդ տարիներին, բացարձակապես անընդունելի է: Չգիտեմ, արդյոք Ադրբեջանի իշխանությունները ներողություն  խնդրել են, ցավակցություն հայտնել են, ես պարզապես տեղյակ չեմ, բայց փաստն այն է, որ դա սարսափելի արյունոտ կոտորած էր …», — ասաց նա Բաքվի հայկական ջարդերի մասին:

Վլադիմիր Պոզները նաև պատմեց, որ ինքը ևս օգնել է մի հայ ընտանիքի` մորը և դստերը, ովքեր մեկ տարի ապրել են իր բնակարանում։ Բաքվի կատաղած ամբոխից նրանց մի ադրբեջանցի ոստիկան էր փրկել։

«Հայաստանում ամեն ինչ շատ հետաքրքիր է: Ամեն ինչ խոսում է հնության մասին, որում հսկայական բովանդակություն կա», — ասաց Պոզները, հիշելով իր այցը Գեղարդի վանք։

 

«Ժամ» ամսագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30