Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հարցաքննել Անժելա Թովմասյանին

Սեպտեմբեր 25,2019 17:45

Aravot.am-ը Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք ներկայացե՞լ է հարցաքննության, մանավանդ Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար ծանուցագիր էր ստացել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերնագրով հոդվածից հետո:

Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ մի անգամ տեղում չի եղել, իսկ այսօր եկել են խմբագրություն: «Խոսքն այն հոդվածի մասին է, որտեղ ասվում է, որ ինքնասպանություն գործած Հայկ Հարությունյանն ասել է, թե գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը իրեն ստիպում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, մինչդեռ նրանք  մեղավոր չեն: Դրա հետ կապված իրենք ուզում էին ճշտել տեղեկատվությանս աղբյուրը: ԶԼՄ-ների մասին օրենքի իմ իրավունքից օգտվելով` ասացի, որ չեմ բացահայտի տեղեկատվության աղբյուրը:

Իրենք ասացին, որ երեկ հարցաքննել են վկաներից մեկին, մի կնոջ, որը նման բան չի ասել: Ես պատասխանեցի, որ դա այդ կնոջ իրավունքն է: Դեռ ավելին, մենք տեղեկատվություն ենք ստացել, որ ոչ միայն մահից առաջ, այլեւ վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ Հայկ Հարությունյանն ասել է, որ իր վրա ճնշումներ են գործադրվում: Բացի այդ, անվստահություն հայտնեցի, որ հիմա, եթե այդ կնոջը հարցաքննում են, հարցաքննում են նույն մարմինները, ում կողմից ինքը ճնշման է ենթարկվել: Ասացի, որ նրանց արդար, ազնիվ քննության նկատմամբ ունեմ կասկածներ»,-ասաց Անժելա Թովմասյանը:

Նա շեշտեց, որ վերջին 10 տարում բազմաթիվ նման հրապարակումներ են տեղ գտել իր կայքում, սակայն ոչ մի անգամ ինքը չի կանչվել հարցաքննության, բայց նաեւ հավելեց, որ սա չի դիտարկում որպես ճնշում լրատվամիջոցի վրա:

Անժելա Թովմասյանը հղում անելով ԶԼՄ մասին օրենքին, ասաց, որ 5-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն, դատարանի որոշմամբ կարելի է պարտավորեցնել լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը, սակայն դա էլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Անժելա Թովմասյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30