Լրահոս
Օրվա լրահոսը

Ոգեղենի եւ հոգեւորի պատկանելությունը

Սեպտեմբեր 25,2019 17:18

Երեք երաժիշտների զրույցը

Սեպտեմբերի 21-ին Լիսաբոնի Գյուլբենկյան համերգասրահում կրկին ելույթ ունեցավ «Գյուրջիև» համույթը, որի հիմնադիրն ու ղեկավարն է Լևոն Իսկենյանը։ Այս անգամ ծրագրում ընդգրկված էր նաև սիրիական «Հեվար» համույթը։ Նրանց համատեղ համերգից հետո լսարանը ներկա եղավ ևս մեկ համերգի։ Դաշնակահար Լուսինե Գրիգորյանը կատարեց Կոմիտասի պիեսները։ Համերգի ընթացքը ստիպում էր ինձ մտորել և կրկին համոզվեցի ինձ համար անվիճելի մեկ հարցում։ Մեր երկիրը կարող է շատ խառը ժամանակներ ապրել, մշակութային արժեհամակարգը աղետալի վիճակում հայտնվել, մենք կարող ենք վիճել՝ նման վիճակը փրկելու համար պետ՞ք է մեզ այս կամ այն կառույցը։ Իշխանական ցածրագույն ճաշակը տարիներով կարող է գովերգել ամենավատը, անօգտակարը, արվեստի հետ աղերս չունեցողը և նման աշխատանքի արդյունքում է՜լ ավելի ամրապնդել անընդունելին… Այս ամենի մեջ, սակայն, ճշմարիտ արժեքները չեն մնում բանտված ու լեռներում ծնված անաղարտ ջրի պես՝ հաղթահարելով ամեն արգելք, լեռն ու քարը ծակելով, դուրս են ժայթքում։ Բարեբախտաբար միշտ գտնվում է այդ արժեքներով շնչող այն անհատը, ով իր վրա է վերցնում «բեռը» և այդ ճանապարհի ուղղորդողն է լինում։ Այդ ժամանակ է, որ մաշկիդ վրա կրկին զգում ես ոգեղեն ու հոգևոր ազգիդ պատկանելիությունը։

Նարինե Դելլալյան– Սիրելի Լևոն, սա ձեր  երկրորդ ելույթն էր Լիսաբոնում։ Եթե մեկ համույթ, մենակատար վերադառնում է կրկին, նշանակում է բարձր են գնահատում, սիրում են ու սպասում։ Անչափ հետաքրքիր նախագծով եկաք նաև այս անգամ։

Լևոն Իսկենյան– Այս նախագծի մեջ հայ և սիրիացի ժողովուրդները իրար հետ ապրելու գաղափարն է։ Մի քանի տարի առաջ, երբ ցեղասպանության 100֊րդ տարելիցն էր նշվում, մտածեցի այն մասին, որ հայ ժողովուրդը շատ բաներով է պարտական սիրիացի ժողովրդին։ Օրինակ՝ իմ ընտանիքը, և՛ մորս, և՛ հորս կողմից կարողացել է փրկվել, որովհետև Հալեպ են հասել։ Սիրիացիները շատ լավ են ընդունել հայերին։ Վերջին տարիներին, երբ պատերազմ է Սիրիայում, իրենք են դարձել փախստական և այն մոտեցումը, որ կա ամբողջ աշխարհում սիրիացիների նկատմամբ՝ որպես փախստականների, տարօրինակ է, եթե անդրադառնանք, որ հարյուր տարի առաջ, իրենք են եղել մեկ ամբողջ ազգ փրկողներից մեկը։ Այդ գաղափարն էր մոտս և մտածեցի, որ կարելի է մի ծրագիր պատրաստել սիրիացի երաժիշտների հետ և կապվեցի Մորգենլանդ  փառատոնի հետ, որի տնօրենին շատ դուր եկավ իմ գաղափարը։ Որոշվեց մեկական ստեղծագործություն պատվիրել մեկ հայ և մեկ սիրիացի կոմպոզիտորի, հատուկ «Հեվար» և «Գյուրջիև» խմբերի համար։ Հայ  կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանին և սիրիացի մեկ կոմպոզիտորի պատվիրեցինք ստեղծագործություն գրել հատուկ այս ծրագրի համար։ Երկու խմբերի միասնական կատարման նպատակով ես մշակեցի Թամզարան, որը հալեպահայ Մարո Նալբանդյանի երգած տարբերակով է, և ի վերջո այն վերածվեց այսօր հնչած տարբերակին։ Անպայման այս ծրագիրը պետք է լիներ շատ համահյուսված, որ երկու կողմերի համար էլ պահպաներ ուրույն դեմքը, բայց միաժամանակ՝ իրար օգնող։ Արդյունքում՝ իրար հետ համերաշխ, նոր բան ստեղծվեց։ Երաժշտության մեջ դա զգացվում է, որ կա ինքնուրույն դեմք, միաժամանակ հայերը կարողանում են արաբական ոճի մեջ կատարել, իրենք էլ ՝ հայկական ոճի մեջ։ Սա շատ բնական է, որովհետև  սիրիացիները հայերին ճանաչում են և նաև հակառակը։

Ն. Դ. -Այո, մեր մշակույթների մեջ կա ընդհանրություն, ազդեցություններ, ի վերջո մենք կողք կողքի ապրած ժողովուրդներ ենք։ Կոմիտասը մաքրեց ու զտեց մեր ազգագրական երաժշտությունը, այնուամենայնիվ, այսօր, երբ լսում էի մեր երկու ժողովուրդների երաժշտությունները կողք կողքի, այնքան զգալի են այդ  ընդհանրությունները։

Լ. Ի.– Անշուշտ, նույն տարածաշրջանն է և ընդհանուր շատ բան կա։ Պատկերացրեք, իմ մեծ հայրը Անթեպից է եղել, և Անթեպը Հալեպին շատ մոտ է։

Ն. Դ.– Իսկ եթե ժամանակային ավելի հեռուները գնանք։

Լ. Ի.– Հին քաղաքակրթությունում նույնպես եղել է սերտ համագործակցություն։ Հայկական ստեղծագործությունները, որոնք մենք առաջարկեցինք իրենց, առաջին անգամ էին կատարելու։ Սակայն կարծես իրենք իրենց տան մեջ զգացին։ Իրենց էլ է շատ հարազատ մեր երաժշտությունը։

Ն. Դ.– Այսինքն՝ հեշտությամբ է տրվում համագործակցությունը։

Լ. Ի.– Բնականաբար։ Շատ բան կա՝ լադերի նմանություն:

Ն. Դ.– Որքա՞ ն ժամանակ է, որ միասին եք այս նախագծի առթիվ։

Լ. Ի.– Անցյալ տարի սկսեցինք և արդեն համերգներ ենք ունեցել Էլբֆիլհարմոնի, Համբուրգ-Հոլանդ փառատոնում, Բուլեզ դահլիճում, Բեռլին-Մորգենլանդ փառատոնում, Օսնաբրուքում։ Այսօր Գյուլբենկյան սրահում էինք, նվիրված նրա 150-ամյակին։ Գիտեք, Հայաստանում շատ չի խոսվում Գյուլբենկյանի մասին, բայց ինքն էլ իր մասնագիտության մեջ է եղել հանճարեղ մարդ և աշխարհին շատ բան է թողել։

Ն. Դ. -Այո, բավական է միայն հիշատակել, որ իր մահից հետո էլ 60-ից ավելի տարիներ Պորտուգալիայում գործում է այս հաստատությունը, որն իր կարևորությամբ և հասարակությանը տված կրթական, գիտական, մշակութային առումներով երկրում հավասարը չունի։ Այն շարունակում է իր բարձրակարգ գործունեությունը վերը նշած գլխավոր բնագավառներում։

Լ. Ի.– Երանի մեր երկրում էլ լիներ…

Լուսինե Գրիգորյան– Միևնույն է, այդ ամենի մեջ նաև մեզ համար օգտակար մասը կա։ Այն, որ շուտով Մարիա Ժոաո Պիրեշը մի ամբողջ համերգ է նվագելու Կոմիտաս ծրագրով։ Իմ կարծիքով, մեր մշակույթի տարածման համար Գյուլբենկյանը մեծ դեր ունի։

Ն. Դ. – Անպայման ունի։ Բարեբախտաբար հատկապես վերջին տարիներին այստեղ շատ-շատ է հնչում հայկական երաժշտություն։ Այս տարի միայն մի քանի միջոցառում արեցինք։ Մենք ՝ «Դելլալյան» եռյակը, մեր այլ գործընկերների հետ կատարեցինք Մանսուրյանի ստեղծագործությունները, նվագախումբը կատարեց Ռեքվիեմը։ Նաղաշ համույթն էր այստեղ։ Կինոդարանի և Գյուլբենկյանի համատեղ կազմակերպմամբ  մի քանի օր ցուցադրվեցին Փելեշյանի ֆիլմերը։ Եղավ հանդիպում և վարպետության դասեր Մաեստրոյի հետ։ Դեռ այլ համերգներ էլ կան, Լիլիթ Գրիգորյանը, Գրիգոր Առաքելյանը, նաև Տիգրան Համասյանը շուտով կգա։ Մարդիկ լսում են, դիտում են, ճանաչում են և սկսվում է մեկ այլ փուլ ՝ հայկական մշակույթը ավելի խորքից ուսումնասիրելու ցանկություն։ Օրինակ՝ այսօրվա համերգի հանդիսատեսով լեցուն սրահը և բարձրակարգ լսարանը հենց այդ մասին էին խոսում։ Անշուշտ, շատ կարևոր է ներկայացնելու ցանկությունը, և անուրանալի է հայկական բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի դերն այս ամենում։ Սիրելի Լևոն, լսում էի այսօրվա ձեր ելույթը և բաց ճակատով հավաստիացնում եմ, որ քո ղեկավարությամբ այս համույթը մեր երաժշտությունը մեկ կամ մի քանի աստիճան վեր է բարձրացրել։ Ի վերջո, որ՞ն է քեզ համար ամենակարևոր նշաձողը։

Լ. Ի. – Մենք սկսել ենք մեր գործունեությունը Գյուրջիևի երաժշտությամբ, որից ես շատ բան եմ սովորել, իր ուսմունքից եմ շատ բան սովորել, իմ հայացքները երաժշտության նկատմամբ շատ են փոխվել նրա շնորհիվ։ Եթե մենք շփված չլինեինք Գյուրջիևի երաժշտության հետ, չէինք կարողանա Կոմիտասին ընկալել այնպես, ինչպես կատարում ենք այսօր։ Նրանից սովորել ենք լսել տեմբրային հնչողությունները, երանգները լսել, տատանումները, հոգևոր կապով կապել այդ ամբողջը։ Իսկ Կոմիտասի երաժշտության համար դա շատ անհրաժեշտ է։

Ն. Դ.– Դուք կատարում ենք նաև Գյուրջիևի խորհուրդները։ «Ինչ անում ես՝ հնարավորինս լավ արա և սկսածդ միշտ ավարտին հասցրու»։

Լ. Ի– Իհարկե։ Օրինակ, այս ծրագրով բացվեց մի նոր ճանապարհ։ Իմ մոտ կա այն գաղափարը, որ ապագայում մենք շատ կառնչվենք համաշխարհային ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների հետ։ Շատ տարբեր ազգի կոմպոզիտորներ, որոնք լսում են մեզ, այս նվագարաններով նոր գործ գրելու ցանկություն են հայտնում։ Ֆրանկ Շեֆերը, որ հայտնի կինոռեժիսոր  է, աշխատել է Բուլեզի, Շթոկհաուզենի, Ջոն Քեյջի հետ և վավերագրական ֆիլմեր է ստեղծել, ասում էր, որ ապագան դեպի մեր  տարածաշրջանն է լինելու։ Ես նույնպես զգում եմ դա։ Նա ասում է, որ հնագույնը և ժամանակակիցը սերտորեն են կապված, իսկ մենք՝ հայերս, ունենք հնագույն երաժշտություն, որն իսկապես կարելի է օգտագործել։ Օգտագործելով այս նվագարանները, մի նոր ճանապարհ է բացվելու երաժշտության մեջ։

Ն. Դ. -Իսկապես փառահեղ գաղափար է հատկապես այն պատճառով, որ գրվելու է ամենատարբեր ազգությունների կողմից։ Նշանակում է, որքան մենք կկարողանանք լայնացնել ու մեծացնել այս տարածությունները։

Լ. Ի.– Իմ նպատակը դա է։

Լ. Գ. – Այս խմբի գործունեությունը անկախ իրենից մեկ այլ գաղափար է բերում։ Մեր ժողովրդական գործիքներին նոր թարմություն է տալիս և բերում ուրիշ մակարդակի վրա։ Անընդհատ նույն երգացանկը նվագելով այն կմեռնի, չի կարող շատ հեռուները գնալ։ Նոր կյանք, նոր շունչ, նոր մոտեցում…

Ն. Դ. -Ես հենց դա նկատի ունեի, որ ձեր մոտեցումներով մեր երաժշտությունը այլ դաշտ է մտնում։ Այլապես պետք է անկեղծանամ և ասեմ, որ մեզ մոտ մտքի ճահճացում կա։ Մենք անդադար կրկնում ենք, չենք ուզում նորը փնտրել, նորը գտնել։ Դա հավելյալ աշխատանք է պահանջում, անսահման ջանքերի ներդրում։ Իսկ հինը կա, պատրաստ է և առանց ավելորդ աշխատանքի ամեն անգամ ծուլորեն կրկին հինն ենք պտտում։ Պետության կողմից էլ պահանջ չի առաջադրվում։ Օրինակ, այս պահին հիշեցի մեր տոնակատարությունները։ Տարբեր տոներ ենք նշում, մեր երկրի համար կարևոր օրեր, բայց այդ միջոցառումները իրենց բնույթով այնքան նման են մեկը մյուսին՝ նույնը, նույնը, ևս մեկը։ Սա մտքի բացարձակ բթացման է տանում։ Գուցե մենք հիմա վայրէջքի փուլ ենք ապրում, որը, այնուամենայնիվ, այսպես մնալ չի կարող և կրկին կհայտնվեն անհատները, որոնք սայլը կշարժեն տեղից։

Լուսինե ջան, այսօրվա երեկոյի գեղեցիկ եզրափակումն էր քո կատարումներով Կոմիտասի պիեսները։ Նաև հրաշալի էր լսել նոր հայտնաբերված կոմիտասյան երեք պիեսները, որը նա գրել է եվրոպական մտածողության ու ձևի մեջ։ Անչափ հետաքրքիր էր Կոմիտասին ծանոթանալ նաև այս տեսանկյունից։ Այսօր ինձ համար կրկին բացահայտեցի նրբաճաշակ Լուսինե Գրիգորյանին և պետք է վկայեմ, որ մոտ մեկ ժամ տևող կոմիտասյան պիեսները, որոնք վստահաբար եվրոպական երաժշտությամբ կրթված ականջի համար շատ յուրահատուկ են ու տարբեր, լսարանը լսեց մեկ շնչով։ Ես ՝ որպես երաժիշտ, իսկապես շնորհակալ եմ այդ լսարանին նման կիրթ վերաբերմունքի համար։ Ամեն անգամ, կատարողը լինեմ ես, թե մեկ այլ երաժիշտ, ներքին անհանգստություն եմ ապրում, թե ինչպես կընկալվի մեր երաժշտությունը։

Լ. Գ. – Ճիշտ նույն ձևով ինձ էլ հետաքրքիր է՝ օտար հանդիսատեսը, որ առաջին անգամ պետք է լսի, ինչ զգացողություններ պետք է ունենա, միշտ անհանգստություն եմ ունենում, արդյոք կընկալվի՞, թե ոչ և շատ եմ ուրախանում, երբ զգում եմ, թե ինչ ջերմ են ընդունում։

Ն. Դ.– Անդրադառնալով Գյուրջիևին, կուզեի ձեզ հետ միասին փորձել հասկանալ, թե ինչ՞ն է պատճառը, որ մեզ մոտ, Հայաստանում, գոնե վերջին տարիներին, սովետական արգելքը վրայից հանելուց հետո էլ առանձնապես չեն անդրադառնում նրա փիլիսոփայությանը, ուսմունքին, թողած ժառանգությանը։ Ըստ ձեզ որ՞ն է պատճառը։ Ինչո՞ւ այլ երկրներում կան կենտրոններ, իսկ մեզ մոտ ՝ ոչ։

Լ. Ի.– Հայության մոտ մի հատկություն կա, շատ արագ, մակերեսորեն, թեկուզ թեթև շոշափելուց կարծիք են կազմում կամ մտածում են, որ արդեն գիտեն։ Իրականության մեջ կարդալը չէ միայն։ Կարդալուց հետո պետք է խորանալ, կարողանալ իրական կյանքում այն գործի մեջ դնել, վարժություններ անել, որ զգացմունքը և ֆիզիկականը իրար հետ ներդաշնակ զարգանա։ Մի քանի ռուսական ֆիլմեր կան Գյուրջիևի մասին, որոնք վատաբանում են նրան, ուրիշ հայացքով են ներկայացնում և մարդիկ, փոխարենը հասկանան դա ՝ սխալ են ընկալում։ Բայց ընդհանուր պատճառը մակերեսային ճանաչելն է։

Ն.Դ.– Ինձ թվում է՝ մենք ընդհանրապես շատ բաներին ենք մակերեսային մոտեցում ցուցաբերում։

Լ. Ի.– Նաև մեր երաժշտության նկատմամբ ենք այդպիսին։

Լ. Գ. -Մենք անգամ Կոմիտասին դեռ լավ չգիտենք։ Օրինակ, եղել է, որ որևէ փոքր հարց եմ ուզել ճշտել, օրինակ ՝ «Մանկական նվագ» վերնագիրը Կոմիտա՞սն է դրել, թե հետագայում են անվանել, որևէ մեկից չեմ ստացել պատասխանը։ Մնում է ինքս գնամ և արխիվներում փնտրեմ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այս երևույթը շատ համատարած է և դրա համար էլ այդքան շատ վատ կոմիտասյան կատարումներ կան, չեն ճանաչում։

 Ն. Դ– Փոխարենը այսօր «Գարուն ա»-ի կատարումը արաբ երգչուհու կատարմամբ ցնցեց ինձ։ Իմ լսած լավագույն կատարումներից էր։ Սա անբացատրելի է, ինչպե՞ս է օտարը ավելի հուզում իր ընկալումով։

Լ. Գ.–  Հարցը հենց մոտեցումների մեջ է, մակերեսայնությամբ ընկալելու։ Օրինակ մեզ մոտ համարում են, որ Կոմիտաս կատարելը շատ հեշտ է։ Ես տառապում եմ, ինձ համար ավելի հեշտ է Ռախմանինով, Շուբերտ և այլ կոմպոզիտորների կատարել, քան՝ Կոմիտաս։

Ն. Դ.– Սիրելի Լուսինե, փայլուն էիր կատարում։ Ինչպես մեզ համար ամենաթանկարժեք ու սիրելի ինչ-որ բանի կվերաբերվենք՝ զգուշորեն ու անչափ նրբությամբ։ Իմ աչքի առաջ ամենանուրբ  ձեռագործի էր նման կատարումդ, որտեղ ամեն թելիկն իր տեղում պետք է լինի։ Լռությունը հնչյունների միջև, տարածությունը, որը միայն սրտի աշխատանքին է հայտնի, թե ինչ բարդ բան է ճիշտ պահին հնչեցնելը։ Ի սրտե՝ կեցցես։

Լ. Գ.– Շնորհակալ եմ անչափ։ Ինչ-որ ստեղծագործության էությանը հասնելը ինձ համար տառապանք է, մինչև այն դառնա իմը։ Դրա համար ինձ անհասկանալի է որոշ երաժիշտների մոտեցումը, որ կարող են վերցնել նոտաները և երկու օր հետո նվագել։

Ն. Դ.– Դրա համար կան տարբեր տեսակի կատարողներ։ Եթե չլինի ստեղծագործությամբ ապրելը, այո, նաև տառապելը, ապա քեզ չի հաջողվի այն հասցնել լսողին և հուզել։ Ես հիշում եմ, երբ հայրս գրում էր իր «Հաղթական Ռեքվիեմը», նրա աչքերից ամեն գրվող հնչյունի հետ թափվում էին արցունքները։ Այսպես է լինում ճշմարիտ արվեստի ստեղծումը։

Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆ,
ջութակահար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30