Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփին սպառնում է իմպիչմենտ. Դեմոկրատները կհեռացնե՞ն նրան իշխանությունից

Սեպտեմբեր 25,2019 17:23

 ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը պատրաստ է սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը: Ինչպես հաղորդում է BBC-ն, պատճառը Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի նախագահի միջև հուլիսի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցն է:

Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն Ուկրաինայի իշխանություններից իբրև թե պահանջել է հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդեն հանդեպ, որը գործող նախագահի հավանական հակառակորդն է լինելու 2020թ. նախագահական ընտրություններում:  Հայտնի է դարձել, որ Բայդենը երկու ամսով ուշացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հատկացումը:

ԱՄՆ նախագահին իմպիչմենտ հայտարարում է Ներկայացուցիչների պալատը, որտեղ այսօր  մեծամասնություն են կազմում դեմոկրատները: Բայց վերջին խոսքը Սենատինն է, որը վերահսկում են հանրապետականները:

Ի՞նչ է իմպիչմենտը

ԱՄՆ-ի Սահմանադրությունը Կոնգրեսին իրավունք է տալիս գործող նախագահին հեռացնել իշխանությունից, եթե օրենսդիրները որոշեն, որ պետության ղեկավարը «դավաճանություն է իրականացրել, կաշառք է վերցրել կամ այլ ծանր հանցագործություններ ու իրավախախտումներ է արել»: ԱՄՆ պատմության մեջ  իմպիչմենտի ընթացակարգի մասին հայտարարվել է 3 անգամ: 1868թ. Կոնգրեսը փորձել է իշխանությունից հեռացնել նախագահ Էնդրյու Ջոնսոնին, իսկ 1998թ. իմպիչմենտ է հայտարարվել Բիլ Քլինթոնին: Այնուամենայնիվ, Սենատն ավելի ուշ արգելափակել է նախաձեռնությունները, նախագահները շարունակել են պաշտոնավարել: 1974թ. նախագահ Ռիչարդ Նիքսոնը իմպիչմենտի սպառնալիքի պատճառով ինքնակամ լքել է պաշտոնը՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը: Օրինակ՝ Բիլ Քլինթոնի դեպքում իմպիչմենտի ընթացակարգ սկսելու պատճառ է հանդիսացել ոչ թե  Մոնիկա Լևինսկու հետ սիրավեպ ունենալու փաստը, այլ այն, որ նախագահը կեղծ վկայություն է տվել հարաբերությունների մասին :


Քանի օրենսդիր է աջակցում իմպիչմենտի նախաձեռնությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնության կողմնակիցների թիվն աճում է, բայց առայժմ  բարդ է ասել, որ նրանք մեծամասնություն են:  Կոնգրեսի ստորին պալատը 435 անդամ ունի: Օրինակ՝ New York Times թերթի տվյալներով՝  գործող նախագահին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին աջակցում է 179 օրենսդիր, դեմ է արտահայտվել 73-ը, Կոնգրեսի ևս 183 անդամ առայժմ չի հայտարարել իր դիրքորոշման մասին:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Սահմանադրությունը Սենատին չի պարտավորեցում «դատական լսումներ» անցկացնել՝ վերին պալատի կուսակցական մեծամասնության առաջնորդին թույլատրելով ուղղակի հրաժարվել նման լսումներից:  Նա նաև կարող է քվեարկություն անցկացնել, որի ընթացքում իմպիչմենտի մասին Կոնգրեսի բանաձևը կարող է չընդունվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30