ԿԳՆ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը չի կարծում, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներն ավելի քաղաքականացված են, քան նախկինում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին, պատգամավորն ասաց. «Նույն կարգով կառուցվեց, բայց քաղաքական մոտեցմամբ`քաղաքականացման մակարդակը մաքսիմում իջավ: Հին կարգի համաձայն, դու պարտավոր ես 25 տոկոս ապահովել կառավարությունից, 25 տոկոս` նախարարությունից: Մենք մաքսիմում փորձեցինք ապահովել այնպիսի մարդիկ, ովքեր քաղաքական առնչություն չունեին»:
Հիշեցնենք, որ նախկին գումարման խորհրդարանում «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս հարցն առանցքային էր եւ այժմ իշխանության տարբեր մակարդակներում գտնվող նախկին ընդդիմադիրներն այս տարբերակի ընդդիմախոսներն էին: Մինչդեռ այժմ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներին փոխարինում են ՔՊ-ականները:
Դիտարկմանը`իշխող ուժի`ՔՊ-ի ներկայացուցիչներ են, հեղափոխականներ են, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա բնական է, որովհետեւ. «Իրենք այդ ժամանակ պաշտոն էին զբաղեցնում եւ բնական է, որ պետք է լինեին»: Նա պնդում է, որ ԿԳՆ-ի կողմից ներկայացված ցանկում ավելի ազատ մարդիկ են ընդգրկված, որոնք այժմ շատ ակտիվ քննադատում են կառավարությանը`տարբեր հարցերում:
Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, այժմ դասախոսներն ազատ են իրենց տեսակետը հայտնելու հարցում, նախարարին են քննադատում, փոխնախարարին եւ չի եղել դեպք, որ քաղաքական հայացքների պատճառով դասախոսներին ճնշման տակ դնեն. «Եթե նման դեպք լինի, ես առաջինն եմ պատրաստ մարդու իրավունքները պաշտպանել»:
Կարդացեք նաև
ԵՊՀ-ի հետ կապված դժգոհությունների մասին հարցին ի պատասխան Հովհաննես Հովհաննիսյանն օրինակ է բերում իր եւ նախարար Արայիկ Հարությունյանի 15 տարվա ընկերությունը եւ վստահեցնում, որ իրենք առաջնորդվում են մասնագետի ունակություններով, ոչ թե ընկերական, բարեկամական կապերով:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ