Սեպտեմբերի 23-ից սկիզբ առած ԵՊՀ֊ի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 28-ը։ Սեպտեմբերի 24-ին, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, ԵՊՀ-ի կամավորները ավտոբուսով, որին փակցված էր ԵՊՀ-ի պատկերանիշը, շրջում էին երևանյան փողոցներով, իրենց ոգևորությունն ու դրական լիցքերը հաղորդում քաղաքին։
Փոքրիկ միջոցառումն իրականացնելու համար կազմակերպիչները թույլտվություն էին ստացել համալսարանի ղեկավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Գրեթե ողջ քաղաքով շրջելն ու այս դրական հույզերը քաղաքին փոխանցելը իսկապես շատ հետաքրքիր էր»,-ասաց կամավորներից մեկը` Աստղիկը։ Կամավորների խոսքով` գաղափարն առաջացավ այն բանից, որ ԵՊՀ-ի 100-ամյակին նվիրված երիտասարդական հետաքրքիր ու հիշարժան օր ունենան։
«Գլխավոր նպատակը եղել է բոլորի ուշադրությունը Մայր բուհի 100-ամյակին հրավիրելը և մեր ուրախությունը բոլորին հայտնելը, իսկ սեպտեմբերի 28-ը` որպես ԵՊՀ֊ի մեծարման և առաջին կուրսեցիների երդման արարողության օր, դարձնել համաքաղաքային տոն»,- ընդգծեց ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։
Կարդացեք նաև
«Իրազեկող ավտոբուսում» հնչում էին համալսարանին նվիրված երգեր, ընթացքում բոլորը երգում էին և վանկարկում ԵՊՀ -100` իրենց ողջույններն հղելով անցորդներին, իսկ պատասխան ողջույններն էլ ավելի էին ոգևորում ուրախ ուղեւորներին։
Արմինե ՍԱՀԱԿՅԱՆ