«Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ պետք է հասնել նրան, որ պետության կառավարումը խելագարության կանխավարկածից տեղափոխվի ողջախոհության կանխավարկած. «Ներկա իշխանություններն ավելի դիկտատոր են, քան նախորդներին ներկայացվող մեղադրանքն է, որովհետեւ այն օրենքը, որը պետք է գործադրվեր ու սահամանադրական օրենսդրական խախտումներով այսպես էլ անգործունակ մնաց ու վերափոխվեց իշխանությունների քմահաճույքով, վկայում էին մի բան՝ իշխող քաղաքական ուժը ամեն գնով ուզում է իր ձեռքում պահի հակակոռուպցիոն մարմինը եւ սրան տալով լրացուցիչ լիազորություններ՝ մեր լուսահոգի Վահան Հովհաննիսյանն էր ասում՝ վատ մսավաճառների նման, որից փափուկ միս ես ուզում, մի քանի ոսկոր էլ տակից գցում է մեջը: Ակնհայտ է, որ իրենք ուզում են ձեւավորել հակակոռուպցիոն մարմին իրենց համար: Կոռուպցիան այնտեղ է, որտեղ կա իշխանություն, բայց պարզ է, որ այս հակակոռուպցիոն մարմինը ծառայելու է իշխանության համար, այլ ոչ թե ընդդեմ իշխանության: Կազմավորման սխեման էլ է դրան տանում»:
Ըստ Արծվիկ Մինասյանի, այս իշխանությունների մեղքն այնքան է շատացել, որ իշխանափոխությունից հետո զանգվածային քրգործեր են հարուցվելու, այդ թվում՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով. «Քաղաքական վրեժխնդրությունը փորձ է արվում իրավական փաթեթավորմամբ ներկայացնել ու դրան էլ շատ լուրջ դեմք տալով՝ ասում են, որ ճիշտ է, որ պետք է կալանավորումը շարունակվի, ՍԴ-ում փոփոխություն լինի: Իրականում նպատակը մեկն է՝ ամբողջական տոտալ իշխանության նվաճում»:
Արծվիկ Մինասյանը գտնում է, որ այսօր միակ անկախ դատական մարմինը ՍԴ-ն է մնացել ու եթե սա էլ կորցնենք, վատ է լինելու. «Շատ քիչ շանս ունենք, շատ քիչ դատավորներ, որոնք իրենց պարտավորությունը կատարում են: ՍԴ-ի աջակցությունը չափազանց կարեւոր է, որ կարողանանք ցույց տալ՝ իրական անկախությունը հենց հիմա է, երբ իշխանության քիմքին ոչ համապատասխան որոշում է կայացնում ՍԴ-ն»:
Արծվիկ Մինասյանը հորդորեց իրավաբանական հանրությանը միավորվել ու պայքարել ԱԺ-ի նախաձեռնած գործընթացի դեմ՝ դադարեցնելու ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որովհետեւ, ըստ նրա, ներկայացված 4 հիմքերը սնանկ էին, անգամ մեկ հիմք չկար. «Վահե Գրիգորյանն առաջին անձն է, ԱԺ-ն առաջին խոշոր մարմինն է՝ վարչապետն էլ հետը, որ հեղինակազրկում են ՍԴ-ն, ոչ թե ՍԴ այլ անդամները կամ նախագահը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային