Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնսոլիդացիա +1». առաջարկում են համախմբման նոր ձեւաչափ, որտեղ «+1»-ը Հայ առաքելական եկեղեցին է

Սեպտեմբեր 25,2019 15:07

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Այվազյանն այսօր «Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց, որ եթե մինչեւ հեղափոխությունը կոռուպցիայի դեմ պայքարը համարվում էր ընդդիմության գոյության միակ պայմանը, ընդդիմությունը շահագրգռված էր, որ կոռուպցիան գոյություն ունենա, որպեսզի ինքն էլ գոյություն ունենա, այսօր կոռուպցիայի դեմ պայքարում է իշխանությունը ու կարծես թե բովանդակային առումով դա իշխանության գոյության պայմաններից մեկն է. «Եթե կոռուպցիան վերանա, այլ խնդիրներ իշխանությունը կարծես թե չի լուծում: Տնտեսական անհաջողությունները ընդամենը սվաղվում են կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությամբ: Անվերջ կարծես պայքարում են կոռուպցիայի դեմ:

ԱՄՆ-ում վարչապետը ինստիտուցիոնալ կառույցների ձեւավորման մասին հայտարարությամբ հանդես եկավ: Իհարկե, ընդունում ենք, որ պետությունում պետք է ինստիտուցիոնալ կառույցները կայանան, բայց փաստ է, որ իշխանությունը փորձում է այդ խնդիրները լուծել բացառապես իր իսկ ներուժով: Եթե նպատակադրված իրական մոտեցում ունենային, որ այդ խնդիրները իրական լուծում ստանային, կոնսոլիդացիա պետք է ապահովվեր գիտական ներուժի, ՀԿ կարող ուժերի հետ համագործակցեին, որը կբերեր խնդիրների համալիր լուծմանը»:

Ըստ Այվազյանի, իշխանությունը ինքնուրույն լուծումներ է տալիս խնդիրներին, իսկ դա դատապարտված է վախճանի, քանի որ իշխանությունը չունի մասնագիտական պրոֆեսիոնալ ներուժը, որն ի վիճակի կլինի լուծել այդ խնդիրները. «Հասարակությունը ծայրահեղ բեւեռեացված է, կա անհանդուրժողականություն հասարակական տարբեր շերտերի միջեւ»:

Վարդան Այվազյանն առաջարկեց «կոնսոլիդացիա +1» բանաձեւը, որտեղ «+1»-ը Հայ առաքելական եկեղեցին է, որը կարող է համախմբել հանրությանը՝ խնդիրների լուծման շուրջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30