«Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան. ինքը ցուցմունք էր տալու, հարցեր էին հնչելու նաև դատախազների, պաշտպանների, դատարանի կողմից, որի հնարավորությունն այլևս չկա»,- «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հիշեցմանը՝ վարկած կա, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել, քանի որ ճնշումներ են եղել իր վրա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալ, օրինակ՝ Սասուն Խաչատրյանի և Արթուր Դավթյանի կողմից, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ես վստահ եմ՝ ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց շատ լավ հասկացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը: Այն պատվերների, որ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը կարող են շփվել վկաների հետ, առավել ևս ճնշումներ գործադրել: Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտի՝ դա անհնար է»:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունն ապահովելու համար, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այն քայլերը, որ արվել ու արվում են, ըստ էության գաղտնի ռեժիմով իրականացվող քայլեր են, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք ուղղակի պարտավոր են մեր օպերատիվ մարմիններն իրականացնել»:
Արդյոք էթիկապես ընդունելի՞ էր, որ նախաքննության այս փուլում պաշտոնական մարմինը հայտարարություն է տարածում այն մասին, որ Հայկ Հարությունյանն օգտագործել էր մեծ քանակությամբ ալկոհոլ, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Իրավական առումով վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում քրեական գործի նյութերից որ չափով և ինչ ծավալով հրապարակում իրականացնի: Ալկոհոլ օգտագործելը չեմ համարում հակաէթիկական վարքագիծ, որ դրա տեղեկության հրապարակումը որևէ մեկի համար վիրավորական լինի»:
Կարդացեք նաև
Ըստ Արթուր Դավթյանի՝ Մարտի 1-ի գործի քննությունն ակտիվ իրականացվում է. «Յուրաքանչյուր դետալ էլ չենք ասում այսպիսի կարևոր իրադարձություն իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ