Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարվում են ՀՀ-ում նաեւ հիմա». Հրայր Թովմասյանի խորհրդականը՝ դատաիրավական բարեփոխումների մասին

Սեպտեմբեր 25,2019 13:49

Արդարադատության նախարարությունը դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ բարեփոխումերի ռազմավարության նախագիծ է մշակել, որով անցումային արդարադատության գործիքակազմի շրջանակն է ներկայացվում: Այսօր «Դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը դատաիրավական բարեփոխումները դիտարկեց կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Նա ասաց, որ հայտարարագրման նվազագույն խախտումների դեպքում դատավորները հայտնվում են ռիսկային գոտում եւ իրենց հարուցված կարգապահական վարույթների շրջանակներում ընդհուպ մինչեւ լիազորությունների դադարեցման հարց կարող է առաջանալ:

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը անցումային արդարադատության գործիքակազմի եւ Սահմանադրական բարեփոխումների մասին խոսեց. «Ցայտուն երեւում է, որ ընդամենը խիստ կասկածելի քաղաքական նպատակների իրականացման համար ռազմավարության մեջ ամրագրված են որոշակի դրույթներ, որոնք բացարձակապես ընկալելի եւ հասկանալի չեն գոնե ինձ համար: Մենք ինչի՞ հիման վրա ենք խոսում անցումային արդարադատության մասին, երբ որեւէ իրավական նշանակություն ունեցող փաստի վրա չի հիմնվում անցումային արդարադատության որեւէ մոդելի ներդրման հնարավորությունը ՀՀ-ում: Մարտավարական քայլերի ոչ այնքան տրամաբանական ընդհանրություն է դա, դժվար է գնահատել ռազմավարություն: Անգամ այդ փաստաթղթում «Հին Հայաստանը» չի որակվել՝ որպես տոտալիտար կամ կոշտ ավտորիտար պետություն: Տարբեր զեկույցների հիման վրա անդրադարձ է կատարվել ենթադրաբար մարդու իրավունքների խախտումներին, բայց հարց է ծագում՝ որեւէ իրավական ակտով, որեւէ դատական ակտով, այլ կերպ դա փաստվե՞լ է, թե՞ ոչ: Մենք սպառե՞լ ենք սովորական արդարադատության գործիքակազմը, որպեսզի դիմենք այդպիսի միջոցի: Առավել խնդրահարույց է փաստահավաք խմբի լիազորությունների շրջանակը: Պարզ չէ՝ ինչպես է այն կազմավորվելու: Միայն հռչակագրային հայտարարություններ են, որ պետք է լինեն անկախ, հեղինակություն վայելող անձինք»:

Գրիգոր Մուրադյանը հիշեցրեց, որ գործող Սահմանադրությամբ որեւէ հնարավորություն չկա ստեղծել մեկ այլ անկախ մարմին, քան այն մարմինները, որոնք Սահմանադրության մեջ արդեն իսկ թվարկված են: Իսկ սահմանադրական փոփոխությունների մասին էլ խոսք չկա:

Գործող սահմանադրության շրջանակներում փաստահավաք խումբը կարող է լինել ինքնավար մարմին կամ ընդամենը խորհրդակցական մարմին, սակայն, ըստ Մուրադյանի, այս հանձնաժողովին վերապահվում են ոչ միայն խորհրդատվական լիազորություն ԱԺ-ին կամ կառավարությանը, ոչ միայն սոսկ փաստահավաք գործունեության հնարավորություն, այլեւ ինքը կարեւոր վկաներին կարող է ազատել քրեական պատասխանատվությունից:. «Այս հանձնաժողովն իր իսկ մշակած մեթոդաբանությամբ պետք է գնահատի իրավապահ մարմինների եւ դատարանների գործունեությունը եւ դրա հիման վրա պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ստացվում է, որ հանձնաժողովը ոչ միայն գերդատախազական գործառույթներ է ստանձնելու՝ գնահատելով դատախազության եւ քննչական մարմինների գործունեությունը, այլեւ ինքն է մշակում մեթոդաբանություն, որով գնահատական է տալիս դատական ակտերին: Ինքնավար մարմնի լիազորությունները հանգեցնելու են նրան, որ ինքը պետք է գնահատի՝ այս կամ այն դատարանը, այդ թվում՝ գուցե ՍԴ-ն ճի՞շտ է լուծել որոշակի վեճերը, թե՞ դա հանգեցրել է մարդու իրավունքների զանգվածաբար խախտման: Ընդ որում, զավեշտալի է, ինձ համար հեգնանքի առարկա է, որ ժամանակ է տրվել մինչեւ 2018-ի մայիսը: Սա բացարձակապես անհասկանալի է, որովհետեւ եթե խոսում ենք զանգվածային իրավախախտումների մասին, թույլ տվեք վկայակոչել, օրինակ, դատարանների մուտքերի արգելափակումը, որը հանգեցրել է բազմաթիվ անձանց արդար դատաքննության, դատարանների մատչելիության հիմնական իրավունքների սահմանափակման: Ավելին՝ այդ կոչը հնչեցվել է վարչապետի կողմից, այդ ակցիային ներգրավել են բազմաթիվ բարձրաստիճան եւ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, դա հանգեցրել է նրան, որ ՀՀ դատական համակարգը, ՍԴ-ն որոշ ժամանակ ընդհանրապես կաթվածահար վիճակում էր: Սա անշուշտ, հանգեցրել է մարդու իրավունքների խախտման»:

Մուրադյանն ասաց, որ սոցցանցերում ու անգամ որոշ ԶԼՄ-ներում տեղեկատվական ահաբեկում կար. «Ակնհայտ է, որ մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարվում են ՀՀ-ում նաեւ հիմա, ոչ միայն դատարաների հեղինակությունն է փորձ արվում նսեմացնել, այլ ակնհայտորեն դատավորների արժանապատվություն է նսեմացվում, նրանց իրավունքներն են խախտվում: Ինչո՞ւ է որոշվել, որ 2018-ի մայիսն է այն սահմանագիծը, թող հանձնաժողովը գործի միշտ…Այսպիսի հանձնաժողովը մի՞թե ունակ է հանգեցնելու քաղաքացիական համերաշխության: Ես կարծում եմ, որ այսպիսի կարգավորումներն ու մոտեցումները լուրջ խնդիրներ կարող են ունենալ մեր Սահմանադրության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30