ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կոշտ բառ չի ասել:
Դիտարկմանը՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դա նշանակում է սպայի ուսադիրները նետել աղբամանը, մի՞թե դա կոշտ հայտարարություն չէր, Արամ Հակոբյանը կրկին պնդեց՝ վարչապետը ոչ մի կոշտ բառ չի ասել:
Արամ Հակոբյանն ասաց, որ չի կարծում, թե Արթուր Վանեցյանի դեմ ԱԱԾ վարույթում գործ կհարուցվի, այնուհետև նշեց, որ վարժանքներ ունեն, և ինքը շտապում է:
Այնուամենայնիվ, լրագրողները համառեցին՝ սպայի պատիվը ԱԱԾ-ում վիրավորվե՞լ է, Արամ Հակոբյանը պատասխանեց. «Ոչ-ոչ, նման բան չկա: Ամեն ինչ նորմալ է»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ձեզ համար ընդունելի՞ է Արթուր Վանեցյանի վարքը, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը, ԱԱԾ տնօրենի տեղակալը կարճ ասաց՝ դեռ չի վերլուծել այդ հայտարարությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ