ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը փաստացի իր աջակցությունն է հայտնել Արթուր Վանեցյանին՝ ասելով, որ «ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Վանեցյանը ուսադիրները նետել է աղբամանը»: Մինչդեռ, այդ գնահատականը կամ բնորոշումը Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին տվել էր վարչապետ Փաշինյանը: Փաստացի, պատգամավոր Սասուն Միքայելյանը արձանագրում է, որ վարչապետը չուներ այդպես ասելու իրավունք: «Բոլորս պետք է սթափվենք», սթափվելու մասին Վանեցյանի կոչի վերաբերյալ ասում է Սասուն Միքայելյանը՝ խոսելով, որ ինքն էլ ուսադիրներ է կրել: Այդ հիշատակմամբ էլ Միքայելյանը թերևս ակնարկում է այն, ինչ Վանեցյանը ասել էր օրերս բաց տեքստով, որ Նիկոլ Փաշինյանը, կապ չունենալով զինվորականության հետ, չգիտե ուսադրի արժեքը: Այդպիսով, ԵԿՄ նախագահը իրեն, այսպես ասած, քաղաքականապես ավելի նույնացնում է Արթուր Վանեցյանի, քան վարչապետի՝ այն քաղաքական թիմի առաջնորդի հետ, որի անդամ է: Մյուս կողմից, իսկ արդյո՞ք Սասուն Միքայելյանի պարագայում արդեն ժամանակավրեպ չէ, այսպես ասած, ներկա ժամանակով խոսելը՝ քաղաքական թիմի անդամության առումով:
Բանն այն է, որ դեռևս ՔՊ վերջին համագումարից բավական խոսակցություններ եղան Միքայելյանի և ՔՊ հարաբերության սառեցման մասին, երբ նա չհայտնվեց կուսակցության վարչության կազմում: Ամիսների ընթացքում եղել են մի շատ այլ առիթներ, որոնք մեդիափորձագիտական դաշտի համար տվել են Միքայելյանի և ՔՊ, այսպես ասած, երիտասարդ թիմի միջև որոշակի սառնության մասին խոսելու առիթներ կամ հիմքեր: Խոշոր հաշվով, այդ տարբերակումը կամ գիծը անակնկալ էլ չէ, եթե հաշվի առնենք այն, որ Սասուն Միքայելյանը 2008-ին իհարկե հեռացել է ՀՀԿ-ից և սկսել պայքարը իշխող համակարգի դեմ, հետո հայտնվել բանտում, սակայն, խոշոր հաշվով, նա իր քաղաքական արմատներով անկասկած ՔՊ թիմակիցը չէ, որքան էլ գտնվում է այդ միավորի նախաձեռնության ակունքում:
Սասուն Միքայելյանը «սերում» է այն համակարգից, որի դեմ հետո, իհարկե, սկսել է պայքարել, և այդ իմաստով կա ՔՊ հետ քաղաքական խորքային ներդաշնակության հարց, որն ինչ-որ պահի դրսևորվելու էր: Եվ այստեղ հարցը բացարձակապես լավ ու վատի կամ սևի և սպիտակի տիրույթում չէ: Պարզապես նախկին իշխող համակարգը իշխանությունից հեռացնելու խնդիր լուծելուց հետո, առավել ևս հեղափոխական ճանապարհով, ի հայտ էին գալու արդեն այն խնդիրները, որոնք մնացել էին պայքարի հեղափոխականության ստվերում:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում