Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ զինվորականը արդեն 7 օր է՝ կյանքի եւ մահու կռիվ է տալիս. ՊՆ փոխգնդապետին հարվածողն, ըստ էության, հարված է հասցրել բանակին. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 25,2019 11:54

Մինչեւ նախկին մարզպետի օգնականը կալանքի տակ է, իսկ նախաքննական մարմինը ստուգում է, թե արդյոք մարզպետը ներկա է եղել միջադեպին, թե ոչ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ նախաքննական մարմնի ձեռքին փաստեր են հայտնվել, որոնք վկայում են, որ միջադեպի պահին Տրդատ Սարգսյանը տանն է եղել ու ընկերոջ հետ հեռախոսային նամակագրությամբ է զբաղված եղել։

Սակայն քննությանը զուգահեռ Վայոց ձորի մարզում իրավիճակը թեժանում է։ Մասնավորապես, փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, հայտարարել է. «Ես էդ լամուկների վզները կպոկեմ, թող իրենք իմանան, սա շախն է, մատը կլինի, երբ տղաս աչքերը կբացի։ Մարզպե՛տ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ Լենինականում ես եղել ու քեֆ ես արել, կերած-խմածդ քթերիցդ բերելու եմ։ Էն սեղանը, որին պիտի նստես, փողը պահի, «խիրուրգ» վարձի, հետեւդ երկու հատ աչք դնել տուր ու իմացիր, որ մութ ու լույս վախտով ես քեզ կգտնեմ, տղես աչքերը բացեց, մատը հետո կիմանաս»։

Բացի այդ, ըստ մարզում տարածված լուրերի՝ փոխգնդապետի զինվորական ընկերների շրջանում կրքերը այն աստիճան են բորբոքվել, որ որոշել են նախկին մարզպետի եւ նրա օգնականի արարքը անպատասխան չթողնել։ «Եթե քարով հարվածել են համազգեստով զինվորականի գլխին, նշանակում է՝ հարվածել են բանակին, բոլոր զինվորականներին, ու պետք է պատասխան տան», ահա վրդովմունքի ձեւակերպումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորականների սպասվող քայլերը զսպելու եւ հնարավոր վենդետան կանխելու համար ՊՆ-ից ներկայացուցիչ է ուղարկել փոխգնդապետի զինվորական ընկերների մոտ՝ նրանց հետ խոսելու, իրավիճակը հանդարտեցնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը նախ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՊՆ-ն Վայոց ձորի զորամասի զինվորականներին հանգստացնելու համար Պաշտպանության նախարարությունից ներկայացուցիչ է ուղարկել եւ ով է նա։ Ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց, թե ով է գնացել Վայոց ձորի մարզի զորամաս՝ զինվորականներին հանգստացնելու, փոխարենը նշեց, որ ՊՆ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են զորամասեր, կորպուսներ եւ այդ այցելությունները մշտական աշխատանքային բնույթ են կրում, ավելին՝ այցելությունները կապված են նաեւ այն հանգամանքի հետ, որ ՊՆ ներկայացուցիչները հետեւում են զորավարժությունների ընթացքին։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ. «Պարոն Սարգսյան, մարզում պայթունավտանգ իրավիճակ է, եւ հայտարարություններ են հնչում, որ Ձեր օգնականի եւ Ձեր քայլը անպատասխան չեն մնալու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը»։ Ի պատասխան՝ Տրդատ Սարգսյանը հայտնեց. «Մենք ապրում ենք իրավական երկրում, եւ յուրաքանչյուր մարմին իր գործը պետք է կատարի։ Քննություն է ընթանում, գործը նախաքննության փուլում է, եւ ճիշտ չէ այս առումով որեւէ գնահատական տալը»։

Ստեղծվել է մի իրավիճակ, որ Վայոց ձորի արդեն նախկին մարզպետի թիմակիցները կատարվածը բարդում են զինվորականների վրա՝ պնդելով, որ նրանք հարբած են եղել եւ կռիվ են սարքել։ Իսկ զինվորականները, չհերքելով այդ փաստը, պնդում են, որ նույնիս՛կ այդ դեպքում իրավունք չի վերապահել կռվի մասնակիցներին քարով հարվածել համազգեստ հագած զինվորականին։

Հավելենք, որ ՊՆ զինվորականը արդեն 7 օր է՝ կյանքի եւ մահու կռիվ է տալիս։ Նա դեռ կոմայի մեջ է։ Եվ այս պատմության մեջ աներկբա է մի բան՝ ՊՆ փոխգնդապետին հարվածողն, ըստ էության, հարված է հասցրել բանակին, մեր սահմանը պաշտպանողներին եւ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30