Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարքը կմասնակցի «WCIT 2019»-ին

Սեպտեմբեր 25,2019 11:48

Ազգային անվտանգության փորձագետ Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս: Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն և կիբերպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը, որը կուսումնասիրի, թե հետախուզական և ՏՏ ինչպիսի հնարավորություններ են անհրաժեշտ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարում՝ կիբերպատերազմներին դիմակայելու համար: Պանելային քննարկումը կհամակարգի «Defense & Aerospace Report»-ի խմբագիր Վագո Մուրադյանը:

Ռիչարդ Քլարքը կմասնակցի նաև «Սև կարապ» պանելային նիստին, որտեղ տեսակետներ կհնչեն նաև խափանումների և «սև կարապի» իրադարձությունների պատճառով առաջացած ողբերգական ձախողումների նկատմամբ կայուն, տեխնոլոգիական համակարգերի կառուցման շուրջ: «Marsh & McLennan» ընկերությունների Գլխավոր խորհրդի Գործադիր փոխտնօրեն Պիտեր Բեշարը կլինի նիստի հիմնական բանախոս և համակարգող:

Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ է, որին կոչում են Ամերիկայի «կիբեր ցար» և «հակաահաբեկչական ցար»։ Նա աշխատել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ երեք նախագահների օրոք: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի և կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր․ «Against all enemies»։

Ռիչարդ Քլարքը զբաղեցրել է հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը՝ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Վ. Բուշի և Բիլ Քլինթոնի վարչակազմերում: 1998 թվականից ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես Անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության և հակաահաբեկչության հարցերով ազգային համակարգող:

Ներկայում Ռիչարդ Քլարքը նախագահում է Մերձավորարևելյան ինստիտուտի կառավարման խորհուրդը: Նա նաև «ABC News»-ի քաղաքական և անվտանգության հարցերով խորհրդական է, դասավանդում է Հարվարդի համալսարանի՝ Ջոն Քենեդու կառավարման դպրոցում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը («WCIT 2019») ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

 

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

 

Հանրային կապերի խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30