Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. Հայկ Հարությունյանը վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության որպես սահմանադրական կարգի տապալման հոդվածով օժանդակող. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 25,2019 11:28

ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ զրուցել ենք Հայկ Հարությունյանի մահվան շուրջ շրջանառվող վարկածների մասին:

– Հաշվի առնելով, թե Հայկ Հարությունյանը ինչ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել եւ ինչ ինֆորմացիայի կարող էր տիրապետել, հնարավոր համարո՞ւմ եք, որ տեղի ունեցածը կամ սպանություն է կամ ինքնասպանության են հասցրել: 

– Գիտեք, ես վերջերս մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ նա ոչ միայն կարեւորագույն ինֆորմացիաների կրող է եղել, այլ նաեւ կարեւորագույն դերակատար է եղել Մարտի 1-ի իրադարձություններում, հետմարտյան իրադարձություններում, մինչեւ Մարտի 1-ը: 1997 թվականի աշնանից սկսած, Էդ ամբողջ քաղաքական հետապնդումների առաջնային դիրքերում եղել են ներքին գործերի ստորաբաժանումները, ներքին գործերի աշխատակիցները. բնականաբար այդ ամեն ինչը կոորդինացրել է նախարարը: Այնպես որ, նա ոչ միայն կարեւորագույն ինֆորմացիայի կրող էր, այլ նաեւ, իմ կարծիքով, իշխանության բռնի զավթման, սահմանադրական կարգի տապալման հանգուցային անձանցից մեկը, պատասխանատուներից մեկը, որը վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության: Եվ հիմա, ես գուշակություններ անել չեմ կարող, եւ չեմ սիրում գուշակություններ անել, բայց որեւէ բան բացառել հնարավոր չէ, առավել եւս որ նախաքննություն է տեղի ունենում եւ ամեն մի կասկած չի կարելի բարձրաձայնել: Հնարավորություն տանք նախաքննական մարմնին՝ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն կատարել եւ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

– Պարոն Ջհանգիրյան, ներկայումս ՀՔԾ-ում քննվում է նաեւ Մարտի 1-ին ոստիկանների գործողությունների դրվագը: Սա կարո՞ղ էր ազդել Հարությունյանի վրա:

– Ես արդեն ասացի, որ նա վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության որպես 300.1 հոդվածով օժանդակող: Որովհետեւ այն 4 անձինք, ովքեր այսօր մեղադրվում են այդ հոդվածով, հո նրանք միայնակ չե՞ն իրականացրել այդ ամբողջ սահմանադրական կարգի տապալումը, տապալումից հետո բռնությամբ զավթված իշխանության պահելը, հարյուրավոր քաղբանտարկյալներին բերդեր լցնելը, 200-ից ավելի անձանց կալանավորելը, ահաբեկելը, եւ այլն, եւ այլն:

– Այսինքն հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայկ Հարությունյանը ազատազրկվելու վախից դրդված որոշեր վերջ տալ իր կյանքին: Չէ՞ որ միշտ նա է ուրիշներին պատժել, իսկ հիմա նրան էին պատժելու:

– Դե բա տեսնո՞ւմ եք, աշխարհը կլոր է, չէ՞, ասում են: Չեմ կարող ասել: Ես այդպիսի տեղեկության չեմ տիրապետում, բայց որ մարտի 1-ի հատկապես հանգուցային պատասխանատուները, որոնցից զգալի մասը դեռ դրսում են, պետք է պատասխանատվության կանչվեն եւ քրեական պատժի արժանանան՝ ես դրանում չեմ կասկածում, էդ թվում ձեր հիշատակած անձնավորությունը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30