Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր գործունեության ոլորտը ավելի լայն է, քան համերգայինը»

Սեպտեմբեր 25,2019 12:30

Շեշտում է արդեն 20-ամյա Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը:

Ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ թավջութակահար Կարեն Քոչարյանը, իրենց՝ Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի ծննդյան օրը համարում են 1999թ. սեպտեմբերի 23-ը: Հիմնադրման օրվանից մինչեւ 2006թ. տրիոն հանդես է եկել «Արսիկա» անվամբ, հետեւյալ կազմով՝ Արեգ Սիմոնյան (դաշնամուր), Սիբիլե Չոփ (ջութակ, Շվեյցարիա) եւ Կարեն Քոչարյան:

«Առավոտի» հետ զրույցում Արմինե Գրիգորյանը նշեց, որ իրեն 2005-ին Սիբիլեն է հրավիրել տրիո, իսկ 2006-ից էլ Մոսկվայից ընդմիշտ Հայաստան է վերադարձել Կարեն Շահգալդյանն ու հաստատվել տրիոյի կազմում:

20-ամյա այս կոլեկտիվի մասին խոսելիս մինչ օրս էլ երաժիշտները տարակուսում են, թե չունենալով պետական կարգավիճակ, տարվա ընթացքում տրիոն շուրջ 70 համերգ է ունենում ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլեւ արտասահմանում: Ավելին՝ երաժիշտները զբաղվում են նաեւ լուսավորչական գործունեությամբ՝ վարպետության դասեր են անցկացնում ՀՀ մարզերում: Այս առիթով Արմինե Գրիգորյանն ասաց. «Մեր գործունեության ոլորտը շատ ավելի լայն է, քան զուտ համերգային գործունեությունը: Օրինակ, 2010-ին հիմնեցինք դասական երաժշտության հիմնադրամը, որին սատար կանգնեց լոնդոնահայ բարերար Ասատուր Գյուզելյանը, ով Արամ Իլյիչի մտերիմներից է եղել: Հիմնադրամի առաքելությունների թվում է երիտասարդ երաժիշտներին կրթաթոշակով եւ գործիքներով ապահովելը, նաեւ նրանց բեմելներն արտասահմանում կազմակերպելը եւ այլն: Վանաձոր քաղաքի երաժշտական դպրոցներից մեկում հենց հիմնադրամի աջակցությամբ վերաբացվեց թավջութակի դասարան, կրթաթոշակով ապահովելով աշակերտներին»:

Տրիոյի հյուրախաղային գրաֆիկը ընդգրկուն է. եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ավստրիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Բուլղարիա, Ճապոնիա, Ավստրալիա, Հարավային Ամերիկա, Ռուսաստան, Մոլդովա, Մերձբալթյան երկրներ եւ այլն:

Կոլեկտիվի ստեղծագործական գործունեությունն անմիջականորեն կապված է Երեւանում Խաչատրյանի տուն-թանգարանի հետ, որի տնօրենն է Արմինե Գրիգորյանը: Այստեղ են ձայնագրվել տրիոյի տասը CD-ները:

Մեզ հետ զրույցում տիկին Գրիգորյանը հայտնեց, որ իրենց տրիոյի հոբելյանական տարին մեկնարկել է Խաչատրյանի տուն-թանգարանում՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված հոբելյանական համերգով: Այնուհետեւ դրանք շարունակվել են Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում: «Պատրաստվում ենք օրերս հոբելյանական հյուրախաղերի մեկնել  Ռուսաստան եւ Մեքսիկա,  համերգները նվիրված են Կոմիտասի 150-ամյակին: Մեզ աջակցել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը, նաեւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը»,- ասաց արվեստագետը:

Մեր զրուցակիցը փաստեց նաեւ, որ տրիոյին իրենց երկերի առաջին կատարումն են վստահել ոչ միայն մեր, այլեւ արտասահմանցի կոմպոզիտորներ: Այս կապակցությամբ նշեց այս տարի Երեւանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացմանը «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում հունիսի 6-ին՝ կոմպոզիտորի ծննդյան 116-ամյակի օրը, մեծանուն կոմպոզիտորի լատվիացի ուսանող Գեորգ Պելելեցիսի՝ տրիոյին նվիրված ստեղծագործությունը, որով հանդես են եկել Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

Արմինե Գրիգորյանը հավաստիացրեց, որ տրիոյի ընթացիկ համերգաշրջանն էլ  կլինի բուռն, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30