Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը

Սեպտեմբեր 25,2019 13:00

Այդ նպատակով ստեղծվել է WCIT նվագախումբ, որ բաղկացած է 15 երկրների երաժիշտներից:

Երեւանում հոկտեմբերի 6-9-ը  տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովը, որի շրջանակներում Հայաստան կայցելի ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Ստեղծվել է նաեւ WCIT նվագախումբ, որը ձեւավորված է 15 երկրների երաժիշտներից: Այն ելույթ կունենա համաշխարհային համաժողովի բացման նախօրեին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Աշխարհում առաջին անգամ նվագախումբը կատարելու է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Ընդ որում, դիրիժորն ու երաժիշտները նախապես տեղյակ չեն լինելու, թե տվյալ պահին ինչ երաժշտություն է ստեղծելու արհեստական բանականությունն ու հրամցնելու իրենց։

«Առավոտի» հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նշում է. «Այս համաժողովում մեր ասելիքով, աշխատասիրությամբ, հաջողությամբ, Հայաստանում Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանի աշխարհին բաց լինելու պատրաստականությամբ ստեղծում ենք արհեստական տաղանդ բառակապակցություն: Մենք Հայաստանից ուղերձ ենք ուղարկում աշխարհին, որ մենք տեսել ենք ձերը, բայց մենք էլ մեր 1000-ավոր շարականների երաժշտության ալգոռիթմիկ նկարն ենք գտել, թե ինչ է նշանակում հայկական երաժշտություն: Իհարկե, յուրաքանչյուր մարդ լսում է եւ գիտի, թե դա ինչ է նշանակում, բայց կա մեկ ուրիշ չափանիշ, ի՞նչ կլինի, եթե դա նկարենք որպես նկար: Հիմա մենք 1,5 տարի է՝ երաժշտությունը նկարում ենք որպես նկար:

Այնպես որ, նվագախումբը դուրս է գալու բեմ առաջին անգամ աշխարհում, եւ նոր է իմանալու, թե ինչ նվագի, որովհետեւ 3-4 րոպեի ընթացքում մեքենան, որն անվանում ենք արհեստական տաղանդ, կստեղծի հայկական երաժշտություն»:

Դիրիժորի ձեւակերպմամբ, սա մեծագույն առաջընթաց է, եւ ինքը համամիտ չէ տարածված այն տեսակետին, թե առաջընթացը մարդկանց հեռացնում է. «Առաջընթացը մեր կյանքի որակը անհավանական բարձր կետի է բերում, որից հետո ինքներս կարող ենք հասկանալ, թե որ ուղղությամբ ենք ուզում առաջ գնալ»:

Մեր զրուցակցի խոսքերով, եթե 20-րդ դարի սկզբում ինտելեկտը համարվում էր գիտելիք, ապա  21-րդ դարում դա այն տեխնոլոգիան է, թե ինչպես ես իմպլեմենտացնում գիտելիքները տարբեր գաղափարների շուրջ, ինչը եւ իրենց թիմն անում է: Սերգեյ Սմբատյանը կարծում է, որ անհավանական բան է  կուտակված հաջողությունը արվեստի դաշտ բերելը, մարդու ենթագիտակցական ուժը գեներացնելը, բայց նաեւ նշում է, որ  կոմպոզիտորի էներգիան չպետք է համեմատել արհեստական տաղանդի հետ, որը ստեղծում է երաժշտություն. «Դա նույնն  է, որ ասես` ինչո՞ւ է պետք երկրորդ գրողը գիրք գրի, եթե մեկն արդեն կա»:

Սերգեյ Սմբատյանի համոզմամբ, աշխարհը փոխած կոմպոզիտորներից երկուսը հայ են` Խաչատրյանն ու Տերտերյանը, այսինքն՝ դեռ այն տարիներին ունեցել ենք նրանց հզոր էներգիան, սակայն չենք կարողացել ցույց տալ աշխարհին, իսկ այժմ հնարավորություն է ընձեռվում, որ  բազմահազարանոց լսարանի առաջ հայերը  Հայաստանում ողջունեն միջազգային ձեւաչափ, որը  կապ չունի որեւէ հոբելյանի կամ տարելիցի հետ:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ  Սերգեյ Սմբատյանի` Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակվելուն: Հարցրինք` դրանից չի՞ տուժի աշխատանքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում: Դիրիժորն ասաց, որ չի տուժի, քանի որ շատ են համերգները Հայաստանում: Հավելեց, որ մեծ պատասխանատվություն է լինել Մալթայի ֆիլհարմոնիկի գլխավոր դիիժոր, որը համարվում է այդ երկրի այցեքարտը. «Մի բան է լինել քո երկրում, որտեղ քո միջավայրն է,. այլ բան է, որ պրոֆեսիոնալ միջավայրում ունես մասնագիտական հաջողություն` ղեկավարել  եվրոպական կոլեկտիվ»:

Ինչ վերաբերում է իրենց նվագախմբին, դիրիժորը նշեց, որ այն վաղուց երաժշտական էլիտայի մաս է կազմում, իսկ իրենց  այս համերգաշրջանն ամենահաջողվածն է: Հունվարին նվագախումբը կունենա հյուրախաղեր Եվրոպայում` Մյունխեն, Շտուտգարդ, Զալցբուրգ, Բեռլին, Լոնդոն, Վիեննա, Պրահա եւ Մոսկվա` աշխարհահռչակ ջութակահար Մասքիմ Վենգերովի հետ, կնվագի Ջոն Տեր-Թադեւոսյանի սիմֆոնիան: Նման հյուրախաղեր տարածաշրջանում ունեցել է միայն Մարիինյան թատրոնի նվագախումբը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
24.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30