Օրերս «Շուշի հիմնադրամ» հրատարակչությունը 1000 օրինակ տպաքանակով լույս ընծայեց իմ «The ten roots of Artsakh problem» («Արցախի խնդրի տասը արմատները») անգլերեն գիրքը, որտեղ պատմական հավաստի աղբյուրների հիման վրա շարադրված են սկսած մ.թ.ա. VIII դարից մինչեւ մեր ժամանակաշրջանը այն 10 դեպքերը, երբ Հայքը զրկված է լինում պետականությունից, իր ինքնությունը, լեզուն, մշակույթը, հայրենի եզերքը պաշտպանելու համար Հայոց հյուսիս-արեւելյան կողմանքը (Մեծ Հայքի 10-րդ եւ 11-րդ նահանգներ Արցախը եւ Ուտիքը) ստեղծում է ինքնուրույն պետական կարգավիճակ: Հենց այսօրվա կարգավիճակն էլ այդ շարունակականության ժառանգության հետեւանք է: Այս մասին պետք է իմանա միջազգային հանրությունը: Հենց Մայր հայրենիքը վերստեղծում է իր պետականությունը, այս նահանգները իսկույն վերադառնում են հայրենի օջախ, լրացնում նրա ամբողջականությունը: Այս ամենի մասին 1996 թ. Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպանի պատվերով գրեցի 600 էջ ծավալով «Արցախի խնդրի արմատները» աշխատությունը: Այս երկը ստեղծելիս օգտվել եմ շուրջ 3000 աղբյուրից: Աշխատությունը կարեւոր դեր կկատարեր խնդրի օտար ուսումնասիրողների համար, քանի որ նման այլ աշխատանք չի ստեղծվել: Այն թարգմանվեց անգլերեն, սակայն չհաջողվեց լույս ընծայել ոչ հայերենը, ոչ էլ անգլերենը: Հրաժարվում էին օգնել ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր մարմինները: Որոշ ժամանակ անց ԻԻՀ դեսպանատնից հաղորդեցին, որ հայրենիք վերադարձած դեսպան Մուհամմադ Իսպահանի Նիքքարը իմ աշխատությունով դոկտորական թեզ է պաշտպանել: Ես այս մասին բողոքեցի ԻԻՀ նոր դեսպանին եւ ասացի, որ պատրաստվում եմ դատի տալ իր նախորդին: Նոր դեսպանը, պատճառ բերելով հայ-իրանական հարաբերությունների վատթարացման վտանգը եւ ԻԻՀ թշնամի երկրների կողմից այդ փաստը շրջանառելու վտանգը, խնդրեց ձեռնպահ մնալ իր նախորդ գործընկերոջ նկատմամբ դատական հայց ներկայացնելուց:
Աշխատությունը հատուկ կայքով ներկայացրի համացանցում: Բաքվի հեղծարար գիտնականներից մեկը` Ֆարիդա Մամեդովան, այս աշխատությունը վերաձեւում է՝ «Հայաստանի» փոխարեն «Ադրբեջան» մտցնում եւ հրատարակում իր անունով:
Գիտակցելով, որ խիստ հրատապ է Հայոց արեւելից կողմանց պատմության այս հատվածները, մանավանդ Ադրբեջանի քարոզչական մեքենայի աննախադեպ ակտիվության պայմաններում, միջազգային հանրությանը ներկայացնելու խնդիրը, ստեղծեցի 100 էջանոց գիրք, որի հրատարակմանը աջակցեցին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ գործարար Արթուր Ջալալյանը: Գրքույկը նվիրված է Արցախի թեմի հիմնադրման 30-ամյա հոբելյանին:
Սակայն մեր պայմաններում ամենեւին բավար չէ մեր կարեւորագույն խնդիրն ընդգրկող նույնիսկ շատ կարեւոր գրքի հրատարակումը: Այն պետք է հասցնել իր նպատակին՝ միջազգային համապատասխան ատյաններին: Մի շարք դեսպանատներին ներկայացնելուց բացի, գրքի օրինակներ ներկայացրի ՀՀ նախագահին, վարչապետին: Արտգործնախարարությանը առաջարկեցի գրքի ինքնարժեքով որոշակի քանակ ձեռք բերել եւ դեսպանատների միջոցով տարածել տարբեր երկրներում: ՀՀ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ իրենք նման նպատակի համար գումար չունեն, այսինքն, քարոզչությունը այս գերատեսչությունում անտեսված է:
Կարդացեք նաև
Նման պատասխանի ԱԳՆ-ում երկրորդ անգամ եմ հանդիպում: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 2016 թ. 200 օրինակ տպաքանակով անգլերեն լույս էր ընծայել իմ «Sumgait diari, 1988» («Սումգայիթյան օրագիր, 1988») գիրքը: Սումգայիթյան դեպքերից մեկ ամիս հետո՝ 1988-ի մարտին տեսախցիկը ձեռքիս հայտնվել էի ոճրագործների քաղաքում, 10 օր կատարել նկարահանումներ Բաքվի պետական մարմինների կազմակերպած եղեռնագործության մասին, վերադարձել ու ստեղծել «Сумгаитские волны» 54 րոպե տեւողությամբ փաստավավերագրական ֆիլմ, որը տեղադրված է Youtube-ում: Սակայն դրանով չբավարարվելով, հրատարակության եմ ներկայացրել սումգայիթյան օրագիրը: ՀՀ ԱԳՆ-ին առաջարկում եմ օգնել նոր տպաքանակով լույս ընծայել գիրքը եւ նախարարության համակարգով տարածել աշխարհում: ԱԳՆ ղեկավարությունը արժան չհամարեց պատասխանել, թե ինչու չեն հետաքրքրված տեղեկատվական պատերազմով, որտեղ ադրբեջանական քարոզչամեքենան ՀՀ կողմից ոչ մի դիմադրության չի հանդիպում: Ադրբեջանի քարոզչամեքենան անհամեմատ ակտիվ է ու աշխարհի գրադարանները, դեսպանատները, միջազգային ատյաններն ու շուկան լցրել է կեղծիքով, Հայաստանի ու հայության դեմ մոգոնած գրականությամբ:
Այս անգամ էլ դիմեցի արտգործնախարարությանը, մտածելով, որ նախարարի փոփոխությամբ կարող է այս խնդրում առաջընթաց լինի: Սակայն, ինչպես երեւում է, Թավշյա հեղափոխությունը ԱԳՆ կողքով է անցել: Այստեղ տիրապետող է մնացել անտարբերությունը, ծուլությունը, բյուրոկրատիային յուրահատուկ բարքերը:
Պետական այրերի մոտ նախորդ իշխանավորներից ժառանգություն մնացած այն կարծիքն է տիրապետում, թե ահա իրենք ելույթ կունենան միջազգային որեւէ ատյանում, կմատուցեն խնդիրը, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն տեսնում ենք, որ միջազգային ատյանները մի բան են պնդում. «Հայաստանը անեքսիայի է ենթարկել Ադրբեջանի տարածքի 20%-ը, ուրեմն եւ ետ պետք է վերադարձնի»: Այս են պնդում նաեւ հայաստանյան որոշ կուսակցություններ: Այն հանգամանքը, որ Արցախի հյուսիսային հատվածը եւ Ուտիքը, որոնք գրավել, բնիկ բնակչությանը Բաքվի իշխանությունները բռնագաղթի են ենթարկել, ոչ ոք չի հիշատակում: Իսկ լավ կազմակերպած քարոզչությունը, թեկուզ սուղ միջոցներով, կարող էր ապահովել ճշմարտության մատուցումը:
Սակայն եթե ոչինչ չի արվում միջազգային հանրության կարծիքը արդարության կողմը թեքելու համար, չենք ներազդում այդ կարծիքի վրա ու թողնում ենք, որ հակառակորդը հաղթի քարոզչական պատերազմում, հիմք չի ստեղծվում պետական այրերի (նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար եւ այլն) միազգային ատյաններում ելույթների վերջնական հաջողության համար, ապա հետեւանքները շատ ծանր ու անսպասելի են լինում:
Դեռեւս ՀՀ առաջին նախագահի ժամանակ, հաշվի առնելով քարոզչության կարեւորությունը, հիմնվեց Տեղեկատվության նախարարություն: Կադրային սխալ մոտեցումների պատճառով այս գերատեսչությունը անհաջողության մատնվեց եւ փոխանակ համապատասխան կադրային փոփոխություններ կատարեն ու կարգավորեն քարոզչության գործը, վերացվեց նախարարությունը: Գերատեսչության մարմիններ ընտրելիս նախագահը կողմնորոշվում էր, թե այս կամ այն թեկնածուն ինչքանով է նվիրված իրեն: Նրանք իրոք նվիրված էին նախագահին, սակայն ոչ պետությանը, նրա խնդիրներին, որից գաղափար չունեին: Իսկ գերատեսչության անկարողության պատճառով թուլանում է երկրի ու նաեւ նախագահների անվտանգությունը, որի արդյունքը հայտնի է բոլորին:
Հակառակորդի հետ պատերազմը այժմ քարոզչության ճակատում է: Թշնամին իր սուտը, կեղծիքը որպես ճշմարտություն տարբեր լեզուներով լցրել է շուկաները, գրադարանները, դեսպանատները, միջազգային ատյանները: Իսկ խնդիրը ուսումնասիրողները, միջազգային ատյանները կեղծիքը հերքող հայկական գրականություն չեն գտնում:
Այս հանգամանքը նկատի ունենալով պահանջվում է, որ երկրի ղեկավարությունը աչքաթող չանի քարոզչության բնագավառը:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
09.21.2019
«Առավոտ» օրաթերթ
24.09.2019