Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնադատվածի ընտանիքի զավակը հայտնվել է փողոցում. դատավճռով հատուցումը չի ստացել

Սեպտեմբեր 25,2019 14:00

«Վաչագան-Գեւորգ» ՍՊ ընկերության տնօրեն-հիմնադիր Վաչագան Մկրտչյանը վեց տարի առաջ  ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մակյանի դատավճռով անմեղ է ճանաչվել: Նրան պարզաբանվել է նաեւ արդարացվածի, պատճառված վնասի հատուցման, հատուցման կարգի մասին:

Հայտնի գործարարը զբաղվում էր շինանյութի ներկրմամբ, վաճառքով, Հայաստանի տարբեր բանկերից վարկեր էր վերցրել, սահմանված ժամկետներում կատարում էր իր վարկային պարտավորությունները:

Շրջանառության ծավալները մեծացնելու համար նա բանկերից մեկից ստացել էր 240 000 ԱՄՆ դոլար՝ տարեկան տասնութ տոկոսադրույքով, որպես վարկի ապահովման միջոց գրավ էր դրել իր ընկերությանը պատկանող շինությունը: Նա մարել էր վարկի մեծ մասը, իսկ մնացորդը 2008թ. կազմում էր 91.000 ԱՄՆ դոլար:

Լրացուցիչ գումար վերցնելով բանկից, նա այս անգամ գրավ էր դրել շինանյութը,  ինչպես նաեւ Երեւանի Մաշտոց պողոտայի իր բնակարանը: Կրկին վարկ վերցնելով, գրավ դրվեց այս անգամ երեք մեքենաները:

Քրեական գործը, որով մեղադրանք էր առաջադրվել, եւ ապա արդարացվել էր Վաչագան Մկրտչյանը, հարկային մարմինների ապօրինի ստուգումներն էին եղել, որով իբր հայտնաբերվել էին խախտումներ, տուգանքի էր ենթարկվել շինարարական ընկերությունը, եւ չկարողանալով վճարել տուգանքները, ընկերությունը բանկի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, վաճառել մեքենաները, որով կմարվեր տուգանքն ու վարկի մի մասը:

Հարկայինը դիմել էր վարչական դատարան՝ չվճարած գումարը բռնագանձելու պահանջով,  ընկերությունը դատարանում պարտվել էր: Ըստ կատարողական թերթիկի, բանկին արգելադրված եւ ի պահ դրված ապրանքների արժեքի չափով էլ կատարվեց վարկի մարումը:

Գործարարն իր մեղքը դատարանում չէր ընդունել, նաեւ հայտնել էր, որ իր գույքից որեւէ մաս չի վաճառել, վերցրել, ցանկության դեպքում էլ արգելադրված գույքը չէր կարող օգտագործել, տիրապետել, քանի որ այն բանկի տնօրինության տակ էր. «Երբ հարկադիրի աշխատակիցն այցելել էր ինձ, ես հայտնեցի, որ գրավադրված է գույքս բանկում, եւ այդ գույքի արգելանքի մասին որոշումը ներկայացրեցի նրան»:

Արդարացվածի՝  Վաչագան Մկրտչյանի գույքը դեռ մի բան էլ վարկից ավելի, վաճառել, տնօրինել է բանկը. «Քրեական գործի նախաքննության ժամանակ իմ ամբողջ գործունեությունը հետհաշվարկ էին արել, ոչ մի անօրինականություն չէր հայտնաբերվել: Տունս վաճառել են առանց իմ իմացության, խլել են ամեն ինչ ինձնից եւ ընտանիքիս՝ անչափահաս երեխաներիս թողել փողոցում: Արդարացման դատավճռից հետո դիմել եմ տարբեր ատյանների, ասել սնանկացմանս մասնակիցների անունները՝ զինվորականներ Սերգեյ Չալյան, Հայկազ Բաղմանյան, դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյան, բանկից՝ Կամո Ներսիսյան:

Ես նամակով դիմել եմ վարչապետին, հայտնելով, որ ինձնից խլվածը 750 000 դոլարով գերազանցում է»:

Սակայն որեւէ պատասխան չի ստացել: Ավելին՝ դատարանով արդարացվածը օրենքով սահմանված կարգով հատուցում էլ չի ստացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Վաչագանի պապը 1938թ. հոկտեմբերի 21-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի կողմից դատապարտվել էր գնդակահարության, լինելով կարմիր բանակի սպա, դաշնակցական հեղաշրջման ժամանակ անցել էր դաշնակցականների կողմը: Գնդակահարությունից խուսափելով՝  հեռացել էր Իրան:

Ընտանիքի անդամները՝ մայրը, տատը դատապարտվել էին գնդակահարության, ապա աքսորվել ՌԴ Ալթայի երկրամաս, հատուկ հաշվառման վերցվելով Սոռոկինսկի շրջանի Տյագուն գյուղում: Խրուշչովյան հալոցքի տարիներին նրանք արդարացվել են, հաշվառվել են որպես բռնադատվածի ընտանիք, նրանք օգտվում են 1994թ. գործող «Բռնադատվածների մասին» օրենքով սահմանված արտոնություններից:

Լուսանկարը՝ հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ
24.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30